Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԵՐՆ ԻՐՈՔ ՈՒՂԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ «ՓԱԹԵԹՈՎ»

Սեպտեմբեր 02,2008 00:00

\"\"«Մարտի 1»-ի գործով 7 մեղադրյալների գործերը դատարանում կքննվեն մեկ վարույթով

Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը դեռ օգոստոսի 20-ին էր հայտնել «Առավոտին», որ իրենց տեղեկություններով՝ շուտով դատարան են փոխանցվելու ՔՕ 300 հոդվածով («Պետական իշխանությունը յուրացնելը») մեղադրվող մի շարք անձանց գործերը՝ առանց, ինչպես եղել է մինչ այժմ, իրարից անջատելու: Օրերս այս տեղեկությունը հաստատեցին ե՛ւ քաղբանտարկյալների փաստաբանները, եւ Հատուկ քննչական ծառայության «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: Հստակեցվել են այն անձանց անունները, որոնց գործերը դատարան կուղարկվեն մի փաթեթով: «Միասին» կդատվեն ԱԺ 3 պատգամավորները՝ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, ու նաեւ Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը եւ Շանթ Հարությունյանը:

Այս 7 անձանց նկատմամբ վերջին օրերին նաեւ նոր մեղադրանքներ են առաջադրվում կամ փոխվում է նրանց մեղադրանքի ծավալը: Արդեն իսկ մեր հայտնած տվյալներին հավելենք, որ օգոստոսի 30-ին նոր մեղադրանք է առաջադրվել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին, որին առաջադրված մեղադրանքը նաեւ փոփոխվել է: Այս մասին մեզ հայտնեց Արզումանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը. «Որոշումը ներկայացվել է նրան՝ ծանոթանալու: Խնդիրն այն է, որ Ալեքսանդր Արզումանյանին նախկինում մեղադրանք էր առաջադրված Քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասով («Ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը»), 300 հոդվածի 1-ին մասով («Պետական իշխանությունը յուրացնելը՝ ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաեւ ՀՀ-ի սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ ՀՀ տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողությունները. պատժվում են ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով») եւ 225 հոդվածի 3-րդ մասով («Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են սպանություններով, բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով. պատժվում են ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով»): Իսկ հիմա մեղադրանքը փոփոխելու այս նոր որոշմամբ՝ 190 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով գործը, որը միացվել էր այդ ամբողջին՝ առանձնացվել է, եւ նորից վերադարձվել Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն՝ նախաքննությունը շարունակելու»: Փաստաբանը մեղադրանք առաջադրելու որոշումը երեկ բողոքարկել է գլխավոր դատախազին:

Մեր հարցին, թե ի՞նչ նոր հիմքեր են առաջացել Ալեքսանդր Արզումանյանին առաջադրելու նոր մեղադրանք՝ Հովիկ Արսենյանը պատասխանեց. «Հիմքեր գոյություն չունեն: Կատարվել է մի աճպարարություն՝ ընդամենը ձեւակերպումներ են փոխվել: Իսկ այդ բոլոր ձեւակերպումները վերաբերում են մարդու, քաղաքացու սահմանադրական իրավունքներին: Գրել են, թե փետրվարի 20-ից տեղի ունեցած շարունակական հանրահավաքների ժամանակ խմբեր են ձեւավորել, կոչեր արել՝ հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը բռնազավթելու ուղղությամբ եւ այլն: Այս ամենն ընդամենը դեկլարատիվ բնույթի հայտարարություններ են, որոնք չէին կարող լինել մեղադրանքի հիմքում: Ավելի՛ն՝ պետք է ասեմ, որ իմ պաշտպանյալը մարտի 1-ի երեկոյան ուշ ժամի է այնտեղ հայտնվել, եւ որեւէ հրահանգ չի տվել կամ չի կատարել Մյասնիկյանի արձանի մոտ մարդկանց հավաքվելու հետ կապված, իշխանությունների բնութագրմամբ՝ «զանգվածային անկարգություններ» կազմակերպելու որեւէ գործողություն: Հենվել են ընդամենը գաղտնալսման նյութերի վրա: Եվ անգամ նախաքննության մեջ ներգրավված անձինք են աբսուրդ եւ զավեշտ որակել որպես մեղադրյալ նրան ներգրավելու որոշումը: Ասենք, գրել են, որ կոչ է արել՝ «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», եւ սա նախաքննական մարմնի կողմից մեկնաբանվում է, թե սա նշանակում է՝ ամեն գնով հասնել իշխանափոխության»:

Հ. Գ. Հովիկ Արսենյանը բացառեց, թե միասնական վարույթով քննվելիք այս գործը դատարանում կհայտնվի սեպտեմբերի առաջին տասնօրյակում. «Իրատեսական չէ նման ժամկետում գործը դատարան ուղարկելը: Եթե այդպես փաթեթով է ուղարկվում քրգործը՝ նշանակում է, որ նյութերը բազմածավալ են լինելու: Պաշտպանական կողմը, ինչպես նաեւ՝ մեղադրյալները պետք է ծանոթանան այդ նյութերին, որից հետո իրավունք ունեն միջնորդություններով, առարկություններով ու հայտարարություններով հանդես գալ: Դա աշխատատար գործընթաց է, ուստի պաշտպաններին կտրամադրվի նվազագույնը 15 օր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել