Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ «ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբեր 26,2008 00:00

\"\"Մինչ հոգեկան հիվանդներն իրենց հասանելիք դեղը չստանալու պատճառով տառապում են, նախարարությունն ու դեղ ներմուծողը «աճպարարություններ» են անում:

Արդեն սովորույթ է դարձել այն, որ Հայաստանում խիստ անհրաժեշտ դեղերը պարբերաբար դեֆիցիտ են դառնում: Հիվանդները խնդրի առաջ են կանգնում անգամ այն դեպքում, երբ տվյալ դեղամիջոցը տրամադրվում է պետպատվերի շրջանակում, եւ պետությունը պարզապես պարտավոր է միջոցներ հայթայթել՝ այդ դեղամիջոցը ժամանակին ձեռք բերելու համար: Արդեն որերորդ անգամ՝ թեթեւ հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդներին տրվող «օլանզապին» հոգեմետ դեղամիջոցը առողջապահության նախարարությունը հիվանդներին տրամադրում է ընդհատումներով, ինչի հետեւանքով նրանց բուժումը պարզապես անիմաստ է դառնում: Այս հանգամանքը նախարարությունը պատճառաբանում է այսպես՝ իբր բյուջեում բավարար փող չկա: Հիվանդների հարազատների համառ պահանջներից ու ցույցերից հետո, նրանց վստահեցնում են, որ ուր որ է դեղը նորից կլինի, բայց խոստումներն այդպես էլ չեն կատարվում: Այն ժամանակ, երբ առողջապահության նախարարության մասնագետները հիվանդատերերի գլխի տակ «փափուկ բարձ» են դնում եւ տուն ճանապարհում, հանկարծ պարզվում է, որ դեղորայքի նոր խմբաքանակը ներմուծվել է Հայաստան եւ մոտ 100 հիվանդից 5-10 հոգու բաժին է հասել: «Առավոտին» դիմած մի խումբ հիվանդների հարազատների ներկայացմամբ՝ դեղորայքը ստանում են Ավանի հոգեբուժական հիվանդանոցից եւ անպայման ստացողի ստորագրությամբ. «Երբ այս տարվա հուլիսին գնացինք հիվանդանոց՝ 1 ամսվա դեղը ստանալու, մեզանից 5 հոգի այն ստացավ, հետո 2 հոգի էլ պետք է կտրոն ներկայացնեին՝ իրենց հասանելիք դեղը ստանալու համար, մինչեւ գնացին կտրոնի ետեւից ու եկան՝ դեղատան աշխատակիցն ասաց, որ դեղն արդեն վերջացել է: Բայց արկղը մեր աչքի առաջ է բացվել, եւ մենք առաջիններից էինք, որ ստացանք, մեզանից հետո մարդ չկար, իսկ այդ երկուսի կտրոն բերելը տեւեց ընդամենը 10 րոպե: Այդ ինչպե՞ս հաջողացրին 70-100 հոգու 10 րոպեում դեղ բաժանել: Հետո մեծ լացուկոծից ու խնդրանքներից հետո այդ 2 հիվանդներին դեղը տվեցին»: Նշենք, որ նախորդ ամիս դարձյալ «օլանզապին» չկար, մինչդեռ, հիվանդների հարազատների հավաստմամբ, առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը նրանց վստահեցրել էր, որ հուլիսին ձեռք բերված դեղը կբավականացնի ամբողջ եռամսյակի համար: Երբ հիվանդատերերը Թ. Հակոբյանին հիշեցրել էին իր ասածների մասին, այս անգամ փոխնախարարը նրանց պատճառաբանել էր. «Գիտե՞ք, պարզվում է՝ դեղն ընդամենը 7 տուփ է եղել»:

Մոտ 10 օր առաջ, հիվանդների խաբված հարազատների ցույցերից եւ մեծ աղմուկից հետո, նրանց վստահեցրին, որ խնդիրը լուծված է, դեղը կարող են ստանալ: Սակայն այս անգամ էլ պարզվել է, որ դեղորայքը ոչ թե ամերիկյան, այլ հնդկական արտադրության է. «Մի քանի անգամ հարցրել ենք, մեզ վստահեցրել են, իբր ամերիկյան է, բա ո՞նց դարձավ հնդկական: Այդ հնդկական դեղը օգտագործելուց հետո ոմանք վատացել են, իսկ ոմանք՝ ոչ: Պարզվում է, դա բարեգործական ճանապարհով ներմուծած «օլանզապին» է, բայց մեզ նախարարությունում վստահեցրին, որ 20 միլիոն դրամ է հատկացվում այդ դեղը գնելու համար: Բա համ հումանիտար պարտիա է եկել, համ էլ գումար են հատկացնում ու էլի մեզ ասում են դեղ չկա՞»,- մեզ հետ զրույցում ասաց Սոնա Մաղաքյանը: Ըստ հիվանդների հարազատների, հնդկական դեղորայքն անգամ փորձաքննություն չի անցել, իսկ երբ իրենք այն պահանջել են, ընդամենը 2 օրվա ընթացքում փորձաքննության պատասխան են ներկայացրել, մինչդեռ փորձաքննության համար առնվազն 10 օր է հարկավոր:

Դեղ ստանալու հույսով՝ հիվանդներից ոմանց հարազատները նույնիսկ ընդգրկվել են մի հասարակական կազմակերպությունում, որտեղ պարբերաբար խորհրդատվություն են իրականացրել «օլանզապինը» Հայաստան ներմուծելու բացառիկ իրավունք ունեցող «Լիլի» ընկերության ներկայացուցիչները: Ու քանի որ առողջապահության նախարարությունը սկսել է հիվանդներին դեղորայքով ապահովելու այլ ճանապարհ գտնել, «Լիլի» ընկերությունը խուճապի է մատնվել եւ, հ/կ-ի անդամների հավաստմամբ, իրենց օգտագործել է սեփական շահերի համար: Հ/կ անդամ Սոնա Մաղաքյանի խոսքերով. «Այդ կազմակերպությունն էլ նորմալ չէր գործում, ժողովների ժամանակ բազմաթիվ մարդ էր հավաքվում, սակայն երբ պետք էր ցույցի գնալ՝ 5 հոգի էր գալիս, իսկ երբ հարցնում էին՝ բա ձեզ դեղ պետք չի՞, ասում էին՝ մենք ճարել ենք: Այդ կազմակերպությունը մեզ պարզապես օգտագործում էր: «Լիլին» մեզ «քսի» էր տալիս նախարարության վրա, իբր, տեսեք, եթե մեր ներկրած դեղը չառնեք՝ մեծ սկանդալ կլինի»: Մեր տեղեկություններով, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցի եւ «Լիլի» ընկերության միջեւ պայմանավորվածություն է եղել, ըստ որի՝ ընկերությունը նախարարությանը «երեւանյան» հիվանդության համար նախատեսված մեծ քանակությամբ «կոխիցին» դեղորայք է նվիրել, որի դիմաց նախարարությունը պարտավորվել էր գնել «Լիլիի» ներկրած «օլանզապինը»: Իսկ այն, որ դեղի ձեռքբերման համար նախարարությունը այլ ճանապարհ է գտել, դա «Լիլիի» համար, մեղմ ասած, հաճելի չէ, քանի որ դրանից նրա բիզնեսը կտուժի:

Պաշտոնական տվյալներով, մեր հանրապետությունում կա 38 հազար հոգեկան խանգարումով հիվանդ: Ըստ առողջապահության նախարարության դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով եւ տեխնոլոգիաներով ապահովման բաժնի պետ Մարինե Հարությունյանի՝ «ներկայումս «օլանզապին» է ստանում հաշվառված 200 հիվանդ: Մեր կատարած հաշվարկներից պարզվել է, որ յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան անհրաժեշտ է մոտ 1 միլիոն 200-500 հազար դրամ: Իսկ մեր բյուջեն նման հնարավորություն չունի: Այժմ տարեկան տրամադրվում է 200 միլիոն դրամ՝ 200 հիվանդի համար, իսկ բացի նրանցից, կա եւս 37 հազար 800 հիվանդ, որոնց համար ծախսվում է 80 միլիոն դրամ: Սա անարդար է: Այդ իսկ պատճառով նախարարությունում որոշվել է 2009 թվականի համար գումար տրամադրել միայն իսկապես խիստ կարիքավորներին, նրանց, ովքեր այլեւս առանց այդ դեղորայքի չեն կարող ապրել»: Ինչ վերաբերում է դեղերի պարբերաբար բացակայությանը, Մ. Հարությունյանը վստահեցրեց, որ դադարի պատճառները նոր խմբաքանակի ներմուծման ժամկետներն են. «45 օրը մեկ է բեռ գալիս Հայաստան: Մայիսից հետո մոտ 60 միլիոն դրամ արժողությամբ «օլանզապին»՝ բարեգործական օգնություն ենք ստացել, իսկ 20 միլիոն դրամը նախարարությունը տրամադրել էր Ավանի հոգեբուժարանին, սակայն դա անգամ մեկ եռամսյակի չի բավականացնում»: Ինչ վերաբերում է հիվանդների այն մտավախությանը, որ օգնության հնդկական «օլանզապինը» փորձաքննություն անցած չէ եւ վտանգավոր է, Մ. Հարությունյանն այսպես պարզաբանեց. «Մեզ էլ էին վստահեցրել, որ ամերիկյան «օլանզապին» է, սակայն եկավ հնդկական, բայց՝ որակի սերտիֆիկատով: Հնդկաստանում գործող այդ գործարանը բավականին լուրջ հիմնարկություն է եւ ոչ մի վտանգ չկա: Մեզ մոտ էլ է փորձաքննություն անցել: Մինչեւ տարեվերջ այդ բոլոր հիվանդները կապահովվեն դեղորայքով: Հիվանդները, չգիտես ինչու, պահանջում են «Լիլի» ընկերության ներկրած «օլանզապինը», սակայն վստահեցնում ենք, որ հնդկականն էլ նույն դեղն է»:

Առողջապահության նախարարությունը «Առավոտին» տրամադրեց հնդկական դեղորայքի փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ այն համապատասխանում է համաշխարհային չափորոշիչներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930