Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԲԱՆԿ ՕՏՈՄԱՆԻ» ՄԱՍԻՆ՝ ՍԱՏԻՐԱԿԱՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐՈՎ

Հոկտեմբեր 30,2008 00:00

\"\"Ալեքսանդր Թոփչյանի նոր վեպը

Երեկ Գրողների միությունում կայացավ գրականագետ, թարգմանիչ եւ դրամատուրգ Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպի շնորհանդեսը: Նրանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է անդրադարձել մի թեմայի, որն ավելի շատ դաշնակցության հետ է ասոցացվում: Պարոն Թոփչյանն ասաց. «Առ այսօր այդ մասին գեղարվեստական որեւէ գործ չի գրվել՝ չհաշված Երվանդ Օտյանի ծաղրական մի քանի էջերը… Իսկապես, դժվար եւ քաղաքական առումով պայթյունավտանգ նյութ է: «Բանկ Օտոման» գործողությունը գերազանցապես կապել են դաշնակցականների գործունեության հետ, այն համարել նրանց պախարակելու միջոց, իրականում դա հայ ժողովրդի պատմության ցավալի դրվագներից է, որը չպետք է թողնել միայն դաշնակցականների տնօրինությանը: Վեպում ես ոչ գովել, ոչ էլ քննադատել եմ, ընդամենը քաղաքացիական շահագրգռություն եմ ցուցաբերել»:

Նա նաեւ հավելեց, որ գրքում միտումնավոր չի օգտագործել դաշնակցական բառը, այն փոխարինել է հեղափոխականով, հերոսների անուններն էլ փոխել է. «Կարո Բաբաջանյանը Արմեն Գարոյի նախատիպն է, գործողության մյուս ղեկավարը, որի անունն իրականում Բաբկեն Սյունի էր, վեպում դարձել է Բագրատ: «Բանկ Օտոմանը» միայն դաշնակցականների հետ չպիտի կապել, խոսքը հայ երիտասարդների մասին է, որոնք վրդովված՝ 1894-1896 թթ. աբդուլհամիդյան ջարդերից, որոշեցին վրեժ լուծել, ապացուցել, որ ազգը բազուկ ունի: Մանավանդ պետություն չունեինք, Եվրոպան պոռնկական երկերեսանիությամբ՝ հայանպաստ հայտարարություններ էր անում, բայց գործնականում թուրքերին էր օգնում, Ռուսաստանն էլ այդ շրջանում բացահայտ հակահայկական քաղաքականություն էր վարում»:

Նշենք, որ վեպը սատիրական շեշտադրումներ ունի եւ զուգահետ 3 գործողություն է ծավալվում, մեկը «կարմիր սուլթանին»՝ Աբդուլ Համիդ Երկրորդին է վերաբերում. 1896թ. օգոստոսի 30-ին Կոստանդնուպոլսի տխրահռչակ «Ելդըզ» պալատում պիտի կայանա նրա գահակալության 20-ամյա տարելիցին նվիրված տոնակատարություն: Սուլթանին նվիրում են մի թութակ, որը զօրուգիշեր կրկնում է՝ «Կեցցե փադիշահը», ու այդ նախադասությունը պիտի արտասանի նաեւ տոնակատարության օրը: Մեկ էլ թռչունը սատկում է, ու Օսմանյան կայսրության՝ աշխարհով մեկ ցրված դիվանագիտական ներկայացուցիչներին հրահանգ է տրվում անմիջապես նոր թութակ գտնել եւ հասցնել Կոստանդնուպոլիս: Մեծ Բրիտանիայում հավատարմագրված դեսպանը՝ Մյուզիրիս փաշան, որն անգլերեն ոչ մի բառ չգիտեր, մի հարբեցող նավաստուց հայհոյող թութակ է գնում: Սուլթանը, որ կասկածամիտ մարդ էր, պահանջում է թարգմանիչ գտնել ու թարգմանել թութակի ասածը: Բնականաբար, ոչ ոք չի համարձակվում խայտառակ հայհոյանքները թարգմանել: Թութակը դառնում է պատուհաս թուրք պաշտոնյաների համար: Վերջապես գտնում են մեկին, որ համաձայնում է լիաբուռն վարձատրվելու դեպքում թարգմանել: Նրան աչքերը կապած բերում են սուլթանի պալատ: Այս մարդը երբ լսում է թռչունի «բերանից» հնչած հայհոյախառն նախադասությունը, ծիծաղից ուշաթափվում է, խնդրում է թութակն իրեն վաճառել: Ու այն պահին, երբ պիտի ասվածը տաճկերեն թարգմանի, մեկ էլ ներս են մտնում սուլթանի մարդիկ ու հայտարարում, որ հայ վրիժառուները հարձակվել են «Բանկ Օտոմանի» վրա: Ու այդպես էլ Աբդուլ Համիդը չի իմանում, թե ինչ էր ծղրտում «հայհոյաբերան» թութակը, ավելին՝ նրա մյուս թութակներն էլ են սկսում հայհոյել: Սրան զուգահեռ, «գնում» է «Բանկ Օտոմանի» ու հայ հեղափոխականների «գիծը»: Պարոն Թոփչյանի խոսքով, իր վեպի ծնունդը զուգադիպել է վրաց-օսեթական իրադարձություններին, որոնք մեկ անգամ եւս փաստեցին, որ փոքր ժողովուրդների ձգտումները խճճվում են գերտերությունների խարդավանքների արանքում: Վերը նշված երկու գործողություններին զուգահեռ՝ ծավալվում է բանկերի կողոպտիչ, բազմաթիվ լեզուների տիրապետող, բանտում հայ հեղափոխականների հետ մտերմացած Ժան-Լյուկ Ռիվազի պատմությունը, որը հստակ հանձնարարությամբ եկել է Կոստանդնուպոլիս՝ թափանցելու «Բանկ Օտոման», որտեղ գտնվում է սուլթանի թանկարժեք քարերի հավաքածուն, այդ թվում՝ 45 կարատանոց երկնագույն ադամանդը: 1896 թ. օգոստոսի 26-ին, փադիշահի գահակալության հանդիսություններից 4 օր առաջ, միեւնույն ժամին «Բանկ Օտոմանում» միաժամանակ հայտնվում են հեղափոխականներն ու օդեսացի դրամանենգները, բարձրաշխարհիկ պոռնիկն ու զեղծարար առեւտրականը, նաեւ միջազգային ավանտյուրիստն ու շատ ուրիշներ, եւ սկսվում է «Բանկ Օտոման» գործողությունը… Վեպի հեղինակը գտնում է, որ սուլթանի գահակալության տարեդարձի օրվանից 4 օր առաջ «Բանկ Օտոման» գործողության սկսվելը չէր կարող սովորական զուգադիպություն լինել. «Երբ մի առիթով Բեյրութում հանդիպեցի ՀՅԴ պատմության խոշորագույն գիտակ Հարութ Քյուրքչյանին, նա եւս նման կարծիք հայտնեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել