Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ աշխարհի մեր անկյունը

Դեկտեմբեր 17,2008 00:00

Ընդդեմ բռնության

Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստական վարժարանի սրահում բացվել է «Դիմադրություն» խորագրով ցուցահանդես։ Ըստ tert.am-ի՝ այնտեղ տեղ են գտել իրավապահ մարմինների աշխատակիցներին եւ նրանց կողմից բռնությունը պատկերող հայ արվեստագետների աշխատանքները։

Միջոցառումը կազմակերպել են «Արտ-լաբորատորիա» արվեստագետների նախաձեռնության անդամները։ Ինչպես tert.am-ին հայտնել է «Արտ-լաբորատորիայի» անդամ, արվեստագետ Հովհաննես Մարգարյանը, ցուցահանդեսը նախատեսված էր անցկացնել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկի տարածքում։ Արվեստագետների դիմումին ոստիկանությունը պատասխանել է, որ «ցուցահանդեսի աշխատանքները չեն նպաստում ոստիկանների գեղագիտական մակարդակի բարձրացմանը»։ Մարգարյանը նաեւ հայտնեց, որ բազմաթիվ ցուցասրահները Երեւանում եւ Գյումրիում մերժել կամ անընդունելի պայմաններ են ստեղծել տարածք տրամադրելու հարցում։

Իրենք՝ իրենց մասին

Այսօր «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հայաստանում բնակվող տարբեր ազգությունների երիտասարդների կողմից «Պատկերացրու քո ապագան» ծրագրի շրջանակում նկարահանված կարճամետրաժ հոլովակների շնորհանդեսը: «Պատկերացրու քո ապագան» ծրագիրը «Բրիթիշ Քաունսիլի» «Ապրենք միասին» ծրագրի մի մասն է կազմում, որն իրականացվում է Հարավարեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում։ Ծրագիրը հնարավորություն է տալիս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին եւ փախստականներին՝ 1-2 րոպեանոց վիզուալ պատմություններ պատրաստել իրենց հուզող, հետաքրքրող հարցերի, խնդիրների, նույնիսկ իրերի մասին։ Պատմությունների այս տեսակը կոչվում է DigiTale։ Հայաստանում՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում կազմակերպված դասընթացների ընթացքում էթնիկ խմբերի 18 ներկայացուցիչ սովորեց DigiTale պատրաստելու սկզբունքները եւ որպես արդյունք՝ ամեն մեկը ստեղծեց իր պատմությունը։ Դասընթացները վարում էին Արթուր Պապյանը (Media Diversity Institute), Զարուհի Բաթոյանը («Հույսի կամուրջ» կազմակերպություն) եւ Հարություն Մանսուրյանը (Ինտերնյուս)։ Ծրագրի նպատակը մասնակիցներին ազատ արտահայտվելու, իրենց ու իրենց էթնիկ համայնքի խնդիրները վեր հանելու հնարավորություն տալն է։

Քաղաքագետները՝ Արցախի ու աշխարհի մասին

Երեկ «Հայացք» ակումբում ներքին եւ արտաքին քաղաքականության մասին իրենց տեսակետները հայտնեցին քաղաքագիտության դոկտոր Լեւոն Շիրինյանը եւ «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հ/կ-ի ղեկավար Ալեքսանդր Մանասյանը: Ըստ Ա. Մանասյանի, 2008-ը հարուստ էր քաղաքական իրադարձություններով՝ նախագահական ընտրություններ Հայաստանում, Ադրբեջանում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, եւ բոլոր այն մեծությունները, որոնք սերտ հարաբերությունների մեջ են ղարաբաղյան գործընթացի հետ՝ հռչակել են նոր կողմնորոշումներ: «Ամենակարեւոր իրադարձություններից մեկը հայ-թուրքական հարաբերություններում նկատվող փոփոխություններն են, այստեղ կա եւ դրական, եւ բացասական վերաբերմունք: Ինչ վերաբերում է բացասական տեսակետներին, դրանք գալիս են մտավախությունից, որ հաջորդ անգամ էլ թուրքը կարող է հային խաբել: Չպետք է այնպես լինի, որ շրջադարձից օգտվեն միայն թուրքերն ու իրենց «բրենդը» Եվրոպայի առաջ բարձրացնեն: Բարեկամաբար ասված խոսքերն ու մշակութային փոխայցելությունները չեն փոխարինում պետական ազգային մոտեցումներին… Եթե Թուրքիան չընդունի Ցեղասպանության փաստն ու պատրաստակամություն չհայտնի ոչ միայն ներողություն խնդրել, այլեւ փոխհատուցում տալ, ապա կստացվի, որ Եվրոպա է ձգտում մի երկիր, որը միայն ներողությամբ կարող է նոր ցեղասպանության դիմել»,- համոզված է պարոն Մանասյանը: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ նա նշեց. «Վերջերս Ստեփանակերտում տեղի ունեցած գիտաժողովում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասաց, թե մեծ ձեռքբերում է, որ մադրիդյան սկզբունքներում նշվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ինձ համար տարօրինակ է, որովհետեւ Ադրբեջանը չէ, որ պետք է ճանաչի ԼՂՀ ժողովրդի իրավունքը, այդ իրավունքը բոլոր ժողովուրդների համար է, ՄԱԿ-ի, եվրոպական կառույցների կանոնադրություններով եւ այլն: Ուրիշ հարց է, որ Ադրբեջանը խոսեր այն մասին, որ ինքը չի ճանաչում ԼՂՀ-ն, բայց այն, որ մեծ ձեռքբերում է, որ Ադրբեջանը ճանաչել է ԼՂՀ ինքնորոշման իրավունքը՝ նշանակում է ուղղակի ասել՝ Ադրբեջանը ճանաչել է այն, ինչ մենք ունեինք վաղուց: Կարծում եմ, ինչ-որ ծուղակ է սարքված, եւ մենք հայտնվել ենք նրա մեջ, չնայած ունեինք ավելի լավ դրույթ՝ ԼՂՀ-ն երբեւէ մաս չի կազմել Ադրբեջանական հանրապետության ու դա ավելի զորեղ փաստարկ է, քան ինքնորոշմանը»:

Լ. Շիրինյանի ձեւակերպմամբ էլ, Հայաստանը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա, ըստ նրա, վերջինս խմբագրումների կարիք ունի. «Պատմությունը ցույց է տալիս, որ Պարսկաստանը եղել եւ մնում է մեր ամենաանկեղծ բարեկամներից մեկը: Սրա վերաբերյալ միջազգային իրավիճակն առաջիկայում որոշ բաներ կփոխի՝ Օբամայի հաղթանակը կթուլացնի ԱՄՆ-ի կողմից ճնշումը դեպի Պարսկաստան ու մեր առջեւ բոլոր տեսանելի եւ անտես արգելքները կվերանան ու մենք կհայտնվենք հավասարակշռված վիճակում: Ինչ վերաբերում է ռուս-թուրքական մերձեցմանը, ապա վերջիններիս ցանկացած մերձեցում ավարտվել է Հայաստանի հաշվին ու տարօրինակն այն է, որ մեր ռազմավարական գործընկերն ակտիվանում է թուրքական հարցում: Արցախի հարցի հետ կապված էլ ասեմ, որ այստեղ վտանգավոր բան չեմ սպասում, որովհետեւ խոշոր տերությունների մեջ չկա փոխհամաձայնություն, Ադրբեջանը խնդիր ունի իր հարաբերություններն Արեւմուտքի հետ կարգավորելու, որովհետեւ գեներալ Ալիեւի տղան թեքվում է դեպի Ռուսաստան, իսկ եթե թեքվում է, նշանակում է՝ Արեւմուտքին պիտի պատասխան տա: Մենք ոչինչ էլ չունենք տալու: Ոչ մի թիզ՝ հակառակորդին: Մենք ընդամենը շատ ճիշտ բան ենք ազատագրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել