Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ԵՆՔ ԿԱՐՈՒՁԵՎԻ ԽՄԲԱԿԻ՞Ն»

Հունվար 24,2009 00:00

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը՝ երաժշտական դպրոցների խնդիրների մասին:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը 2003 թվականից ստանձնել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրինությունը: Նա գտնում է, որ գրագետ երաժիշտ «ստանալու» համար դեռ մանկապարտեզից պիտի սկսել, ու եթե իր նախընտրելի մանկապարտեզը լիներ Հայաստանում, չէր խուսափի այնտեղ աշխատել: Ինչ վերաբերում է Հայաստանի երաժշտական դպրոցներին, ըստ Տ. Հեքեքյանի, նրանց նորմալ եւ բնականոն կենսագործունեությունն անհնար է՝ տարատեսակ խնդիրների պատճառով: Իսկ ամենակարեւորը, մաեստրոյի հավաստմամբ, օրենսդրական դաշտի բացակայությունն է, դասավանդման մեթոդոլոգիան, դպրոցների նյութատեխնիկական բազան, բարձրորակ երաժիշտ-մանկավարժների պակասը: «Այն, ինչ կատարվում է երաժշտական դպրոցում, առկա է նաեւ հանրակրթականում ու ընդհանրապես բոլոր կառույցներում: Դա հասարակական հարաբերությունների եւ երկրում տիրող իրավիճակի պարզ արտացոլումն է,- նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով,- կրթության եւ մշակույթի նախարարությունները պետք է համագործակցեն պետական անվտանգության կառույցների հետ, որովհետեւ արդեն ստեղծվել է մի վիճակ, որ համարյա անհնար է կանխել տոտալիտար հարձակումները մեր հոգեւոր կարողությունների վրա»:

Մի շարք երկրների փորձն ուսումնասիրած երաժիշտը նշում է. «Ամեն կապիտալիստական երկիր այսքան երաժշտական դպրոց չունի, ունեն միայն նրանք, օրինակ՝ Շվեդիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Դանիան, որոնք, իմ կարծիքով, դարձել կամ դառնում են սոցիալիստական, իսկ մենք դեռ նախնադարյան կապիտալիզմի ակունքներում ենք ու վերցրել ենք ամենավատը կապիտալիզմից, ժառանգել դարձյալ ամենավատը՝ ԽՍՀՄ-ից»: Տ. Հեքեքյանի նշած վատ ժառանգությունների թվում է երաժշտական դպրոցներում դասավանդման մեթոդաբանությունը, խորհրդային ուսուցչի բիրտ կերպարը, որը մատյանի համարով, ասես, կալանավորի է կանչում գրատախտակի մոտ: Պարոն Հեքեքյանը անդրադարձավ նաեւ ոչ համարժեք վարձատրվելու պատճառով երաժշտական դպրոցների դասատուների՝ եկամուտ ստանալու զարտուղի ճանապարհներին կամ աշխատանքից հետո մանկավարժին ոչ հարիր աշխատանք անելուն, կամ ծնողի հետ գործարքի մեջ մտնելուն: Ասաց, տեղյակ է, որ դպրոցների որոշ ուսուցիչներ երեկոյան 8-ից հետո իրենց դպրոցում հավաքարար են աշխատում:

«Ծնողը գիտակցում է, որ ուսուցիչը ծիծաղելի աշխատավարձ է ստանում (մեկ դասաժամի համար՝ 300 դրամ) ու պատրաստ է հավելյալ պարապմունքի համար վճարել, մանավանդ հիմա բոլորը սովորել են իրենց հարցերն իրար հետ լուծել՝ ի՜նչ պետություն, դպրո՜ց, տնօրինությո՜ւն… Ու եթե հանկարծ փորձես ուսման ամսական վարձը 7000-ից 7500 դրամ դարձնել, նույն ծնողները բողոքի այնպիսի՜ ալիք կբարձրացնեն… Եթե շատերի համար դպրոցն ընդամենը շենք է, որտեղ կան պարապող ուսուցիչներ ու տնօրեն, ինձ համար այն նախ եւ առաջ աշխարհայացք է, մտածելակերպ, ուղղորդված կրթություն, համախոհ մասնագետների ու նույն ճաշակի տեր մարդկանց տաճար»,- ասում է Տ. Հեքեքյանը: Մեր հարցին, արդյո՞ք այդ համախոհությունը չի տանում համահարթեցման, պարոն Հեքեքյանը պատասխանեց. «Համախոհություն ասելով՝ նկատի ունեմ ընդհանուր նպատակի ու ի շահ աշակերտների գործելը: Բոլոր երաժշտական դպրոցներում «սոլֆեջիո» առարկան հիմնականում դասավանդվում է խորհրդային տարիներից եկող դասական ձեւով, բայց ժամանակին կար մի ուսուցչուհի՝ Լիլյա Ռուբենովնան, որը դասավանդում էր հունգարացի դիրիժոր եւ երաժշտագետ Զոլտան Կոդայի մեթոդով: Վերջինս ավելի մատչելի ու ճիշտ էր սովորեցնում սոլֆեջիոն, որ երաժշտության հիմքերի հիմքն է: Այժմ այդ ուսմունքը տարածում է ստացել ողջ աշխարհում, շվեդները նույնիսկ դրա հիման վրա իրենցն են կառուցել, իսկ մենք այդ ուսմունքին մոտ էլ չենք գալիս: Ես փորձում եմ այդպիսի մասնագետների էլ հրավիրել Սայաթ- Նովայի անվան երաժշտական դպրոց, որ ծնողներն ընտրության հնարավորություն ունենան, առողջ մրցակցություն լինի: Ցավոք, վիճակն այնպես է, որ 25 տարվա փորձառություն ունեցող պրոֆեսորը եւ նոր ավարտածը նույն աշխատավարձն են ստանում, իսկ դու չես կարող փոփոխություններ մտցնել, որովհետեւ գումար չկա»: Պետկոնսերվատորիայի պրոֆեսորը փաստում է, որ լավ երաժիշտ-մանկավարժների դեֆիցիտ ունենք. «Խնդիրը մի քիչ բարվոք է դաշնամուրային բաժնում, միջին որակի դասատուներ դեռ կան, լավերը՝ նույնպես, բայց լավագույններին մատների վրա կարելի է հաշվել… Գործիքներ էլ կան, որոնց լավ դասատու հանրապետությունում ուղղակի չունենք: Թվում է՝ ջութակի արվեստը զարգացած է Հայաստանում, իրականում դա այդպես չէ: Պետրոս Հայկազյանի նման մի քանի հոգի են ու վերջ… Փառք ու պատիվ կոնսերվատորիայի որոշ պրոֆեսորների, որ գնացել են դպրոց: Ճարահատյալ են գնացել, որովհետեւ վաղը չէր լինի այն կադրը, որ հետո իր մոտ գնար սովորելու»:

Ըստ Տ. Հեքեքյանի, հանրապետության դպրոցներում ողբալի է վիճակը, մասնավորապես՝ նյութատեխնիկական բազայի առումով. «Հատուկենտ դպրոցներում երեխաները հնարավորություն ունեն աուդիո սարքավորումների միջոցով լսել երաժշտություն, ամեն ինչ տեսական մակարդակի վրա է: Դպրոցներ կան, ուր ոչ միայն աթոռ չի մնացել, այլեւ՝ երաժշտական գործիքներ: Աթոռը դեռ կարելի է գնել, իսկ գործի՞ք: Հայաստանի չափանիշներով նորմալ դաշնամուրն արժե 1000 դոլար…»:

Իսկ որ ամենաանհեթեթն է, երաժշտական դպրոցները կրթության մասին օրենքում հայտնվել են ոչ թե դպրոցների, հանրակրթության կամ մասնագիտական կրթության բաժնում, այլ արտադպրոցական դաստիարակության: «Դրան հավասարազոր են կարուձեւի կամ պատանի բնասերների խմբակները, ավտոսիրողներինը… 70 տարի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը դպրոց էր, հիմա պարզվում է՝ խմբակ, այն էլ այսպիսի գեղեցիկ շենքում… Կրթության մասին օրենքում մեր արժանի տեղը չունենք, դրա համար էլ մնացած դպրոցներն ազատված էին ավելացված արժեքի հարկից, մեզ մի տարի պահանջվեց դրան հասնելու համար: Կամ նույն պատճառով է, որ հանրակրթական դպրոցի ուսուցչի աշխատավարձը բարձր է, երաժշտականինը՝ ոչ, որովհետեւ, ըստ օրենքի, մենք ընդամենը խմբակի դասատուներ ենք»: Կարեւորելով երաժշտական կրթության դերը հասարակության կյանքում՝ Տիգրան Հեքեքյանը փաստում է. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարած ուսումնասիրություններից մեկի համաձայն, աշխարհի բոլոր դատապարտյալների մեջ երաժշտական կրթություն ստացածները 1% էլ չեն կազմում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել