Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՂՆՎԱԾ Է ՎՐԱՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻՆ

Փետրվար 17,2009 00:00

ՀՀ մշակույթի նախարարությունում սպասում են, որ Լեժավան ցանկություն հայտնի, որպեսզի իրենք գնեն Թբիլիսիում գտնվող՝ Հ. Թումանյանի անվան գրադարանի շենքը:

Վերջին օրերին ՀՀ մշակութային շրջանակներում բուռն քննարկման առարկա է դարձել Թբիլիսիի Վոզնեսենսկայա 13 հասցեում գտնվող՝ Հովհաննես Թումանյանի անվան թիվ 13 գրադարանի շենքի՝ պարտքի դիմաց հանձնումը վրաց գործարար ոմն Լեժավայի: Օրերս հրավիրված ասուլիսի ժամանակ Հ. Թումանյանի երեւանյան տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը հայտարարել էր, որ դա ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանը չէ, տուն-թանգարանը գտնվում է Դսեղում: Թբիլիսիում գտնվող գրադարանը եղել է այն միակ տունը, որտեղ բանաստեղծն ապրել է ամենաերկարը՝ 1909-1923-ը, եւ վրացական իշխանություններն այն 1921-ին նվիրել են Թումանյանին, որի մի հատվածում սկսել են ապրել նրա ժառանգները, իսկ մի մասը 50-ականներին հանձնվել է իշխանությանը, որպեսզի բացվի բանաստեղծի անվան քաղաքային գրադարան՝ նրա անունը հավերժացնելու նպատակով: Մի քանի օր առաջ, գրադարանի շենքի վաճառքի փաստով մտահոգված, նույնիսկ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն է փորձել «թասիբի» գցել ՀՀ իշխանություններին, ասելով, որ պատրաստ է այդ տունը գնել: «Առավոտը» զրուցեց մտավորականների հետ, պարզելու, թե ինչպե՞ս են գնահատում կատարվածը:

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ասաց. «2004-ին ես առաջինն եմ եղել, որ բարձրացրել եմ այդ հարցը: Նույնիսկ ժամանակին բանաստեղծ Կարո Մելիքսեթյանը գնաց Թիֆլիս, բանակցեց վրաց գործարարի հետ եւ պարզեց, որ ՀՀ կառավարությունն իրավունք չունի այլ երկրում սեփականություն ձեռք բերել: Իսկ այժմ պետք չէ մեղավորներ փնտրել, այլ պիտի մտածենք, որ այսպիսի վիճակի մեղավորը բոլորս ենք: Սա ոչ թե մեկ կազմակերպության խնդիրն է, այլ՝ համապետական հարց: Այդ գրադարանի շենքն ընդամենը չորս պատ չէ, այն մեր սրբության սրբոցներից է: Ընդհանրապես, մեր մեծերի ոտնահետքերին անգամ տեր պիտի կանգնենք: Ի վերջո, ամեն ինչ կորած չէ, եւ սա հարմար առիթ է, որպեսզի վրացական կողմը ցույց տա իր բարեկամությունը, եւ այս հարցում արդեն պարզ կդառնան բոլոր գույները»:

Մեր մյուս զրուցակիցը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էր: Նա ասաց. «Այս երեւույթը շատ վատ եմ գնահատում: Պիտի այդ շենքն անպայման հետ գնվի, եթե անգամ անհրաժեշտ լինի տարբեր մտավորականների անձնական լուման, ես պատրաստ եմ իմ միջոցների չափով օգնել գործին: Պետք է Գրողների միությունը գրադարանի շենքը հետ գնելու կոչի ակցիա կազմակերպի, քննարկումներ լինեն, որպեսզի հարցին լուծում տրվի: Կարծում եմ, ցանկության դեպքում միշտ էլ միջոցներ կգտնվեն»: Դիրիժոր Ռուբեն Ասատրյանը հարցը քննեց այլ տեսանկյունից. «Ինչպես մեր եկեղեցիների հետ են վարվում, այնպես էլ՝ այս շենքի: Սա մի քանի ամիս առաջ սկսված պատմության շարունակությունն է: Մշակույթի նախարարությունն այնքանո՛վ մեղավոր չէ, որ այդքան ժամանակ հանգիստ է եղել Վրաստանի մասով, մտածելով, որ հայերի նկատմամբ այդպիսի բան չեն կարող թույլ տալ: Այնինչ, փաստի առաջ են կանգնեցրել, գոնե նախօրոք զգուշացնեին, որ նման բան են ուզում անել»: «Առավոտը» պարզաբանում ստացավ նաեւ ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանից: Նա փոխանցեց հետեւյալը. «Այդ շենքը վաճառվել է դեռ 1997-ին, իսկ հիմա տերը մտադրություն չունի ետ վաճառելու: Հայաստանի մշակույթի նախարարությունը նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ եթե վաճառելու ցանկություն ունենա, շենքն անպայման կգնի մեր նախարարությունը»: Իսկ այն հարցին՝ եթե այդպես էլ վրաց գործարար Լեժավան չցանկանա վաճառել իրեն պատկանող շենքը, ի՞նչ պիտի լինի, մնում է օդում կախված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել