Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինքնության տոնից մինչեւ «Եվրատեսիլ»

Փետրվար 17,2009 00:00

ՍՊԱՐԱՊԵՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԵԿՄ վարչության քարոզչության բաժինը հրատարակել է ինքնատիպ օրացույց, որը նվիրված է ՀՀ եւ ԼՂՀ ազգային հերոս, ԵԿՄ հավերժ նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին ու մասնավորապես նրա ծննդյան 50-ամյակին: Օրացույցի շապիկին սպարապետի նկարն է, իսկ առաջին էջում նրա այն արտահայտությունը, թե ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է: Օրացույցում տեղ է գտել նաեւ Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խոսքը. «Այս տարի Վազգեն Սարգսյանը կլիներ 50 տարեկան… Մենք դեռ երկար ենք զգալու հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքները եւ տխրելու ենք, որ սպարապետը մեզ հետ չէ… Իմ, ԵԿՄ ու հանրապետության բոլոր ազատամարտիկների, հատկապես մեր զոհված մարտընկերների անունից շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին՝ իր մեծ զավակի ծննդյան 50-ամյակի առթիվ: Թող սպարապետի հոբելյանը դառնա համաժողովրդական տոն»:

Հավելենք, որ օրացույցի յուրաքանչյուր էջում սպարապետի ասույթներն են, ինչպես նաեւ նրա պատմվածքներից կտորներ: Տեղին է հիշեցնել Վազգեն Սարգսյանի հետեւյալ միտքը եւս, որն իր պատվավոր տեղն է գտել օրացույցում. «Քաղաքականություն կոչվածը հետեւյալն է. շատ հաճախ հարկ է լինում մտածել այլ բան, ասել այլ բան, անել բոլորովին այլ բան: Ղարաբաղի հարցի կարգավորումը պիտի իրականացնի ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում, Ղարաբաղում, Սփյուռքում: Բայց առաջին հերթին պիտի հաշվի առնել Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, որովհետեւ նա իր կյանքի, արյան, իր զավակների գնով կարողացավ այս պատերազմում հիմնական դերակատարը լինել: Ինքը նվաճեց իր հողի վրա անկախ ապրելու իրավունքը, եւ ողջ հայ ժողովուրդը պարտավոր է պաշտպանել այն: Հարցի ամբողջական, վերջնական կարգավորման խնդիրը ողջ հայ ժողովրդինն է»:

Գ. Հ.

«ԵՎՐԱՏԵՍԻԼ» ԿՄԵԿՆԵՆ ԻՆԳԱ ԵՎ ԱՆՈՒՇ ԱՐՇԱԿՅԱՆՆԵՐԸ

\"\"Փետրվարի 14-ին Մարզահամերգային համալիրում կայացավ «Եվրատեսիլի» նախընտրական փուլը: SMS քվեարկության եւ ժյուրիի հրապարակած արդյունքների համաձայն, հեղինակավոր մրցույթին Հայաստանը կներկայացնեն Ինգա եւ Անուշ Արշակյանները: Հարցազրույցներ տալու փոխարեն քույրերը կենտրոնացած են եղել իրենց նոր երգերի ձայնագրման, բեմական իմիջի փոփոխության աշխատանքների վրա: Իմիջային ակնհայտ փոփոխություններ՝ մեզ տեսնել դեռ չհաջողվեց: Երգը, որով նրանք կներկայանան «Եվրատեսիլին»՝ ֆոլկ ոճում է: Երաժշտությունը գրել է Մանե Հակոբյանը, բառերը՝ Ավետ Բարսեղյանը, անգլերեն տարբերակը՝ Վարդան Զադոյանը, գործիքավորումը, ինչպես միշտ, կատարել է Արա Թորոսյանը (Մուրզիկ):

Ասենք նաեւ, որ Արշակյան քույրերի պրոդյուսինգով զբաղվում է «Շարմը», որին, հայտնի պատճառներով, լավ են նայում «վերեւներում»: Այնպես որ, Արշակյան քույրերի ընտրությունն էլ դժվար թե պատահական լիներ, եւ ավելորդ էր մրցույթի իմիտացիա ստեղծելը:

Նկատեցինք, որ Արշակյան քույրերի հանդեպ այնքան էլ ջերմ չէին տրամադրված շոու-բիզնեսի գործընկեր-մրցակիցները, որոնց ամբիցիաները հաճախ հակառակ համեմատական են իրենց տաղանդին: Օրինակ, Տիգրան Պետրոսյանն ասաց. «Ես վիրավորված եմ, այն, ինչ արեցի բեմում, արժանի էր եթե ոչ առաջինի, գոնե երկրորդ տեղի»:

Դժգոհություն հայտնեց նաեւ երգիչ Մհերը: Վերջինս վիրավորված է նաեւ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչներից, որոնք, իր իսկ խոսքերով, փորձել են արգելել իր ելույթը մրցանակաբաշխությունում, պատճառաբանելով, թե չի բարեհաճել ներկա գտնվել փորձերին: Առաջիկա օրերին Մհերը պատրաստվում է ասուլիս հրավիրել այդ թեմայով: Ի տարբերություն Մհերի, Շպռօտն ամենեւին չի պատրաստվում աղմկել: Նա փաստեց, որ մեծ դժվարությամբ է կարողացել բեմում լսել երաժշտությունը ու երգել. «Տեխնիկան անսարք էր, չէի լսում իմ ձայնը»:

Փաստենք, որ օտարամոլությունն իշխում է հայկական շոու-բիզնեսում. «Եվրատեսիլի» 21 հավակնորդներից 12-ն անգլերեն էր երգում:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ ԿՈՒՆԵՆԱ

Օգոստոսի 11-ը՝ Հայոց ազգային ինքնության տոն հռչակելու գործում «Սերունդ» հասարակական միավորման ներկայացուցիչ, պատմաբան Հայկ Չոբանյանը կարեւորում է նաեւ հասարակության կարծիքը ու գտնում է, որ տոնի կայացման համար չափազանց կարեւոր է, որ հասարակությունը տեղեկացված ու խորամուխ լինի տոնի բովանդակության մեջ: «Բացի տոնակատարությունը, նպատակ կա, որ յուրաքանչյուր տարի օգոստոսի 11-ին գիտական ու հանրային քննարկումներ կազմակերպվեն ազգային ինքնության թեմայի շուրջ»,- ըստ panorama.am-ի, ասաց Հ. Չոբանյանը երեկ հրավիրված ասուլիսում: Պատմաբանը կարծում է, որ այդ տոնը կլինի ազգային ուժի իմունիտետ, որով հնարավոր կլինի պայքարել ազգային արժեքների պահպանման համար ու նոր աշխարհում հանդես գալ ու դրսեւորվել հայեցի: Օրվա ընտրության հետ կապված, պատմաբանը նշեց, որ այն լավագույնս խորհրդանշում ու բնութագրում է տոնի էությունը, քանի որ այդ օրը Հայկ Նահապետը հաղթել է Բելին:

Իսկ ասուլիսի մյուս բանախոս, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ վերջերս տարբեր ձեւերով փորձ է արվում աղավաղել տոնի նշանակությունն ու էությունը, արհեստական լարվածություն ստեղծելով, քանի որ, ըստ նրա, չի կարելի այս գաղափարը տեղափոխել կրոնական կամ դավանական հարթություն: «Երբ մենք նայում էինք եկեղեցու տոների ու հիշատակության օրերի ցանկը, տեսանք, որ օգոստոսին տոն չկա ու մենք կարեւորում ենք հենց այդ ամսում ունենալ ազգային միասնության, ինքնության տոնը: Ի վերջո, այն ունի իր խորը արմատները՝ 4500 տարվա մեր պատմությունը, եւ մենք կարող ենք դա հպարտությամբ ասել ու այդ օրը, իսկապես, կոչել ազգային միավորման, գաղափարաբանության ու էթնիկական ընկալման օր»,- ասաց Ա. Մինասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել