Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 05,2009 00:00

Ի՞ՆՉ Է ԾՐԱԳՐԵԼ ՆՈՆԻՏՈ ԴՈՆԵՐԸ

IBF/IBO վարկածներով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում:

Նրա եւ Ռաուլ Մարկեսի միջեւ մարտի 21-ին նշանակված չեմպիոնական գոտու պաշտպանության մենամարտը հերթական անգամ հետաձգվում է: Այս անգամ նշվում է ապրիլի 18-ը:

Դոների պրոումոթեր Կամերոն Դանկինը այդ առիթով լրագրողներին խոստովանել է. «Ես չեմ հասկանում, թե նրա հետ ինչ է կատարվում: Բայց փաստն այն է, որ այս մենամարտին նախապատրաստվելու ընթացքում մենք արդեն չորս անգամ հետաձգել ենք դրա անցկացման օրը: Սա պրոֆեսիոնալ մոտեցում չէ գործին, եւ ես արդեն չեմ պատրաստվում Դոներին պահել այդ մենամարտի համար»:

Այս տեղեկատվությունը մեզ հետաքրքրում է նրա համար, որ ֆիլիպինցին միակն է, որին հաջողվել է հաղթել Վախթանգ Դարչինյանին: Դրանից հետո նա մշտապես հրաժարվում էր Վիկի հետ ռեւանշ մրցամարտ անցկացնելու գաղափարից: Սակայն վերջերս ֆիլիպինցին լրատվամիջոցներին վստահաբար հայտարարեց, թե պատրաստ է ցանկացած պահի եւ ցանկացած վայրում կրկին հանդիպել դրանից հետո աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճած Դարչինյանի հետ եւ խլել նաեւ այդ բոլոր գոտիները:

Սակայն, ինչպես երեւում է, Նոնիտո Դոները իր իսկ խոսքերից ետ կանգնելու տարբերակներ է փնտրում, անգամ՝ Մարկեսի հետ մենամարտը ձախողելու պայմանով:

ԱՌԱՋԻՆԸ՝ ՀԵՌԱՑԱՏԿԻ ՄԱՐԶԱՁԵՎՈՒՄ

Մարտի 5-9-ը Իտալիայի Թուրին քաղաքում անցկացվելիք թեթեւ ատլետիկայի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայանա ընդամենը երկու մարզիկով, որոնցից մեկը կապանցի ատլետ Հայկանուշ Բեկլարյանն է: Նա բազմաթիվ միջազգային առաջնություններում բարձր արդյունքների է հասել: Վերջերս Իրանի Իսլամական Հանրապետությունում կայացած «Արեւածագի 10 օր» մրցույթից վերադարձել է ոսկե մեդալով: Հայկանուշ Բեկլարյանը հայ մարզիկներից միակն էր, որ առաջին տեղ է զբաղեցրել՝ հեռացատկ մարզաձեւում ցույց տալով 5.70 մետր արդյունք: Ի դեպ, Հայաստանի ձմեռային բաց առաջնության ժամանակ Հ. Բեկլարյանը ավելի լավ արդյունքի էր հասել՝ 5.92 մետր: Առաջիկայում էլի մրցաշարեր կան, որոնցից ամենակարեւորը աշխարհի առաջնությունն է, որին կմասնակցեն ընթացիկ մրցաշարերում վարկանիշ ապահոված մարզիկները: Կապանցի մարզիկները միշտ էլ պատվով են ներկայացրել Հայաստանը միջազգային մրցաշարերում: Իսկ Թուրինը Հայկանուշ Բեկլարյանի համար 136-րդ քաղաքը կլինի, որտեղ նա կպաշտպանի Հայաստանի մարզական պատիվը:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել