Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջ երջանկության գաղտնիքը բացահայտված չէ

Մարտ 13,2009 00:00

Ըստ հոգեբանի՝ այն թաքնված է կնոջ ինքնարժեքի, ինքնավստահության մեջ

«Ես անձնական կյանքում հաջողություններ չունեցա ու ինձ դժբախտ էի զգում: Փոխարենը կարիերայում եմ մեծ հաջողությունների հասել, դրանով եմ ինձ երջանիկ զգում: Ահա թե ինչու կնոջ երջանկության գաղտնիքը, ըստ իս, կյանքում ինքնահաստատվելն է եւ բոլորին ապացուցելը, որ դու ընդունակ ես ամեն ինչի: Իսկ անձնական երջանկությամբ չպետք է սահմանափակվել, այն դոգմա դարձնել, որովհետեւ մեկն անձնականում է երջանիկ, մյուսը՝ գործում»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 39-ամյա Գայանեն: 28-ամյա Լաուրան էլ կարծում է. «Ցանկացած կին, աղջիկ երջանիկ է միայն այն դեպքում, երբ սիրված է, կողքին ունի սիրող տղամարդ: Չեմ ընդունում այն կարծիքը, թե երջանկությունը թաքնված է կարիերայի, գործնական հաջողությունների մեջ: Կարիերայում բարձունքների հասնելը՝ քեզ միայն կարճատեւ երջանկություն է պարգեւում: Եվ հետո աշխատանքը, պաշտոնը քեզ երեխա չի պարգեւի… Ինչն էլ, ըստ իս, ամեն կնոջ ամենամեծ երազանքն ու երջանկությունն է»:

Այն մասին, թե ո՞րն է կնոջ երջանկության բանաձեւը, «Առավոտը» զրուցեց հոգեբան Սյուզան Սարգսյանի հետ: Ըստ նրա՝ կնոջ երջանկության գաղտնիքը դեռեւս բացահայտված չէ. «Սա մի հարց է, որը հազարամյակներ շարունակ դեռ պատասխան չի գտել, այս հարցին չեն կարող պատասխանել ոչ կինը, ոչ էլ տղամարդը, որովհետեւ երջանկություն ասվածը շատ անհատական է: Օրինակ՝ ինձ համար երջանկությունը լավ աշխատանք, լավ ընտանիք, կայացած մարդ լինելն է. ես ինձ երջանիկ եմ զգում, երբ գնում-մտնում եմ ամբիոն եւ տեսնում ինձ համար շատ հարազատ դեմքեր: Կարծում եմ, կնոջ համար երջանկությունն այն է, երբ ունի սիրող եւ հասկացող ամուսին, լավ ընտանիք, երեխաներ»: Ս. Սարգսյանի համոզմամբ, երջանկությունը հեռվում չպետք է փնտրել. «Այն մեր կողքին է, անընդհատ, ամեն պահի մենք ինքներս ենք իմաստավորում մեր կյանքը, եւ երջանկության աղբյուրն էլ հենց այդտեղից է բխում. դու ինքդ պետք է գնահատես այն, ինչ ունես, եւ փորձես դրա միջից առանձնացնել քեզ ուրախացնողը, երջանկացնողը ու ապրես դրանով»:

Ըստ հոգեբանի, առաջին հերթին կինն իրեն երջանիկ է զգում այն ժամանակ, երբ մայրանում է. «Դա ամեն կնոջ երազանքն է՝ երբ լույս աշխարհ ես բերում մի էակի, որը քո մսից եւ արյունից է, այդ պահին քեզ զգում ես աշխարհի ամենաերջանիկը: Մյուսն էլ գործնական կյանքում հաջողությունների հասնելն է, երբ զգում ես, որ ինչ-որ մեկին պետք ես, երբ ունակությունները գնահատվում են, օգուտ են տալիս, կնոջ ինքնագնահատականը բարձրանում է: Որպես կնոջ երջանկության բանաձեւ, ասեմ, որ երջանկությունը թաքնված է կնոջ ինքնարժեքի, ինքնավստահության մեջ. երբ ինքնարժեքդ բարձր է՝ ինքնավստահ ես, ընդունակ ես ամեն ինչի եւ, հոգեբանորեն էլ տրամադրվելով այդ լավատեսությանը, ինքնաբերաբար ամեն ինչ ստացվում է: Կինը պետք է ինքնավստահ լինի ամեն հարցում. ընտանիքում՝ ծնողների, երեխաների, ամուսնու կողքին, գործնական հարաբերություններում, ընկերական շրջապատում: Եթե ինքնավստահությունդ մի օր նվազի՝ մյուս բոլոր պարագաներում խնդիրների առջեւ ես կանգնելու, քեզ թվալու է, թե ուժ չունես այդ ամենը հաղթահարելու, անգամ սիրող տղամարդը քեզ չի կարողանալու օգնել, եւ քեզ կթվա, թե այդ սերն ընդունելու կամ փոխադարձը տալու ուժ չունես»:

Համեմատելով այլազգի կանանց հայերի հետ՝ հոգեբանն ընդգծեց. «Չենք կարող ասել՝ ռուսները, ամերիկացիները, չինացիները ավելի երջանիկ կյանքով են ապրում, քան հայ կանայք: Բայց տարբերությունն այն է, որ այլազգի կանանց բնորոշ չէ ամբողջ էությամբ նվիրվել ընտանիքին, ապրել նրանցով եւ իր մասին մտածել միայն վերջում: Նրանք չեն ապրում այն մենտալիտետով, ինչպես մենք, նրանք ամեն ինչին ավելի թեթեւ են նայում, ամեն ինչից առաջ մտածում են իրենց մասին, հետո՝ երեխաների, ամուսինների, քույր-եղբայրների: Այլազգի կանայք թեթեւ են ապրում, եւ դա գովելի է: Հայ կանայք շատ են նվիրվում՝ անմնացորդ, եւ գալիս է մի օր, երբ հասկանում են, որ իրենք ապրել են ոչ թե իրենց համար, այլ ընտանիքի, երեխաների: Մենք պետք է սովորենք մի փոքր էլ մտածել մեր մասին, այդ դեպքում կլինեինք երջանիկ»:

Ս. Սարգսյանը գտնում է, որ ցանկացած կնոջ՝ այս կյանքում ինչ-որ առաքելություն է տրված լինում. «Եվ եթե այդ առաքելությունը կնոջ կողմից չի իրականացվում, ուրեմն նա իրեն դժբախտ է է համարում»: Հետաքրքրվեցինք, թե կարո՞ղ է կինն ինքն իրեն երջանիկ դարձնել. «Այո, յուրաքանչյուրն էլ կարող է, իր համար զբաղմունք գտնելով, երջանկանալ, եւ եթե՝ ոչ անձնական կյանքում, ինչը միայն քեզնից չի կախված, ապա գուցե՝ աշխատանքում, ստեղծագործելու, արվեստի մեջ եւ այլ բնագավառներում: Ընդհանրապես, մարդն իրեն երջանիկ է զգում այն ժամանակ, երբ ստեղծագործում է»: Վերջում հոգեբանը դժվարացավ հայ կանանց երջանիկ լինելու համար խորհուրդ տալ. «Ինչպե՞ս կարող ես խորհուրդ տալ մի ամբողջ ազգի, որն ունի դարերի պատմություն եւ դարերից եկած՝ մայր, երեխա, տուն պահելու մշակույթ: Պարզապես, մի փոքր էլ ապրեք ձեզ համար եւ եղեք երջանիկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել