Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ

Մարտ 21,2009 00:00

«Մամուլը տնտեսական ճգնաժամի ճիրաններից չի կարող դուրս մնալ»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Նա, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը եւ «Ինտերնյուս» հ/կ նախագահ Նունե Սարգսյանը քննարկեցին տնտեսական ճգնաժամի պայմաններում ԶԼՄ-ների գոյատեւման հարցը: Ըստ Ա. Օհանյանի, մամուլը եւ ընդհանրապես հասարակությունը անպաշտպան են. «Որեւէ մեխանիզմ, պետական հոգածության դրսեւորում չենք նկատում: Օրինակ, եթե դոլար-դրամ կուրսի փոխարժեքի հետ փոփոխություններ են տեղի ունենում, հաջորդ օրն եւեթ տպարանի տնօրենը զանգում է թերթի խմբագրին ու ասում. պայմանագիրը վերանայելու կարիք կա՝ տպագրական ծախսերն ավելացել են: Արդյունքում՝ տպագրական ծախսերն աճում են, թերթի վաճառքի գինը մնում է նույնը: Այնպես որ, ֆինանսական ճգնաժամը իսկապես շատ բարդ կացության մեջ է դրել հատկապես տպագիր մամուլի ղեկավարներին»:

Բ. Նավասարդյանի հավաստմամբ, լրատվամիջոցները տնտեսական ճգնաժամի պայմաններում չեն իրականացնում իրենց առաքելությունները. «Տնտեսական թեման լրատվամիջոցների համար շատ կարեւոր է, քանի որ ճգնաժամից դուրս գալու տարբերակներից մեկը լրջորեն շուկայում, ֆինանսական ոլորտում բոլոր զարգացումները վերլուծելն է ու հասկանալը, թե այս իրավիճակից դուրս գալու ինչպիսի տարբերակներ կան կոնկրետ մեր երկրի համար»: ԵՄԱ նախագահի խոսքով, «Դեռ 2008-ի աշնանը նկատել էինք, որ ճգնաժամը հասնելու է Հայաստան եւ շատ ուժեղ հարված է հասցնելու: Լրատվամիջոցները կարծես թե աչքերը փակում էին այդ հանգամանքի վրա, դա գալիս էր նաեւ մեր իշխանություններից, որոնք չէին ցանկանում սրել իրավիճակը, ինչն առանց դրա էլ բավական սրված էր: Լրատվամիջոցները այդ փուլում չկարողացան ստիպել պետական կառույցների ներկայացուցիչներին՝ ավելի լուրջ մոտենալ հարցին եւ ներկայացնել խնդիրն իր խորությամբ»:

Ն. Սարգսյանն էլ կարծում է. «Լրատվամիջոցներն այնպիսի իրավիճակում են աշխատում, որ ճգնաժամը բացասաբար չի անդրադառնա նրանց վրա… Եթե հիմա ճգնաժամը ավելի խորանա, հնարավոր է՝ վերադառնանք 90-ականների կեսերի վիճակին, երբ կորցնելու բան չկար: Այդ դեպքում ոչ թե կունենանք այն դաշտը, որ ունենք այսօր, այլ՝ իրական ժուռնալիստիկա, որովհետեւ ներկայիս լրատվամիջոցները բացարձակապես ժուռնալիստիկայի հետ կապ չունեն: Միգուցե ճգնաժամն այն միջո՞ցն է, որ կփոխի ամեն ինչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել