Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մարտ 28,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ քսանութերորդ

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ

 Եվ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պրեզիդենտներն էլ որ մենակ իրանց մասին չմտածեին, մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեին, շատ լավ կըլներ», եւ ես հարցրի՝ «ո՞ր պրեզիդենտները. Ամերիկայի՞, թե՞ Ռուսաստանի», եւ Խչոն միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «Հայաստանի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «բայց գլխավոր թեմայից շատ ենք շեղվում», եւ ես հարցրի՝ «գլխավոր թեման ո՞րն ա», եւ Խչոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Մորեսմոն», եւ ես ժպտալով հարցրի՝ «թե՞ ժողովրդի վիճակը», եւ Խչոն ժպտալով ասաց՝ «ժողովրդին հանգիստ թողենք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ժողովրդի վիճակն ըսենց օդի մեջ խոսալով չի դզվի», եւ ես ասացի՝ «ասում են՝ պեսոկը թանկացել ա», եւ Խչոն հարցրեց՝ «ո՞վ ա ասում», եւ ես ասացի՝ «լսել եմ», եւ Խչոն հարցրեց՝ «ե՞րբ ես լսել», եւ ես ասացի՝ «էրեկ», եւ Խչոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «որ պեսոկը թանկացել ա, ուրեմն Մորեսմոյի վրա շատ փող դրած կըլնես», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց շատ փող դնողը շատ էլ կրվում ա», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց դնելուց կրվելու մասին չես մտածում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ կրվելու մասին մտածես՝ վաբշե ստավկա չես դնի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Խչոն ասաց՝ «դնելուց մենակ կրելու մասին ենք մտածում, դրա համար էլ էս օրն ենք ընկել», եւ ես ժպտալով ասացի՝ «բա ասում ես՝ միշտ կրած ես», եւ Խչոն ծիծաղելով ասաց՝ «դրա համար էլ հոգնակի եմ ասում. մյուսներիդ մասին եմ ասում, ոչ թե՝ իմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ մենակ իմ մասին մտածեի, քեզ էսքան հարցուփորձ չէի անի», եւ ես ժպտալով ասացի՝ «ուրախ եմ, որ իմ մասին մտածող կա», եւ Խչոն ժպտալով ասաց՝ «կարաս չկասկածես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «բայց որ չիմանաս Մորեսմոյի վրա ինչքան եմ դրել՝ գիշերը չես քնի, չէ՞», եւ Խչոն ժպտալով հարցրեց՝ «ճիշտն ասե՞մ», եւ ես ասացի՝ «ասա», եւ Խչոն ծիծաղելով ասաց՝ «քնելը կքնեմ, բայց կարող ա մի քիչ անհանգիստ քնեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «որ ասեմ՝ կարող ա ավելի անհանգիստ քնես», եւ Խչոն ժպտալով ասաց՝ «արխային ասա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ամենավատը անորոշ վիճակն ա», եւ ես ասացի՝ «երեսուն հազար էի դրել», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դժվար թե էդ գյոռնափշտիկի վրա էդքան դրած ըլնես», եւ ես խաղադրույքիս կտրոնը Խչոյին տալով ասացի՝ «աչքովդ տես, որ հավատաս», եւ Խչոն ուշադիր կտրոնս ուսումնասիրելով ասաց՝ «փաստորեն, դուխով դրել ես», եւ ես ասացի՝ «ուրիշ ճար չունեի. էրեկ շատ էի կրվել», եւ Խչոն հարցրեց՝ «գոնե սրանով հետ էկա՞ր», եւ ես ժպտալով ասացի՝ «համարյա», եւ Խչոն ասաց՝ «էրեկ շատ կրվար», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Խչոն ժպտալով ասաց՝ «տեսա», եւ ես ասացի՝ «բայց ես քեզ ոչ մի չեկ ցույց չեմ տվել», եւ Խչոն ժպտալով ասաց՝ «ավելի ճիշտ՝ զգացի», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ց զգացիր», եւ Խչոն պատասխանեց ու ասաց՝ «հոգեկան վիճակիցդ», եւ ես ժպտալով ասացի՝ «ինձ էդքան ուշադիր հետեւե՞լ ես», եւ Խչոն ժպտալով ասաց՝ «հենց որ «Չելսին» գոլ էր խփում, դեմքդ շատ ուժեղ ծռմռվում էր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «երեւի դրել էիր, որ էդ խաղում «Չելսին» էրկու գոլից ավել չի խփի», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց իմացար», եւ Խչոն ժպտալով ասաց՝ «որովհետեւ երրորդ գոլից հետո արդեն մյուս էկրաններին էիր նայում», եւ ես ասացի՝ «տականքները վեց հատ խփեցին», եւ Խչոն ժպտալով ասաց՝ «քո չար բախտից», եւ ես ասացի՝ «կյանքո՞ւմ էին մի խաղում վեց հատ խփել», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որոշ նրբություններ կան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ նրբություններն անպայման պիտի հաշվի առնես», եւ ես հարցրի՝ «ի՞նչ նրբություններ», եւ Խչոն բացատրեց ու ասաց՝ «Աբրամովիչը որ Մորինյոյին հանել ա, Շեւչենկոն իրան ճղում ա, որ գոլ խփի», եւ ես ասացի՝ «բայց Շեւչենկոն ընդամենը մի հատ խփեց, իսկ Դրոգբան՝ էրկու հատ», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Շեւչենկոն իրանն էր ուզում ապացուցեր, Դրոգբան՝ իրանը», եւ ես հարցրի՝ «ի՞նչ էին ապացուցում», եւ Խչոն բացատրեց ու ասաց՝ «Շեւչենկոն ապացուցում էր, որ Մորինյոն էդքան վախտ սխալ էր անում, որ իրան սաստավ չէր դնում», եւ ես հարցրի՝ «բա Դրոգբա՞ն ինչ էր ապացուցում», եւ Խչոն պատասխանեց ու ասաց՝ «Դրոգբան էլ ապացուցում էր, որ Մորինյոն շատ ճիշտ ա արել, որ իրան միշտ խաղացրել ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մեջտեղը մենք տուժեցինք», եւ Խչոն ծիծաղելով ասաց՝ «բայց «Մանչեստր սիթին» ավելի շատ տուժեց», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էդ իմ համար հեչ մխիթարանք չի», եւ Խչոն ասաց՝ «էդ ամեն ինչը հաշվի առնելով՝ էդ խաղից զգուշացա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «վաբշե որ թիմը տրիներ ա փոխում, առաջին խաղը շատ ուժեղ ա խաղում», եւ ես ասացի՝ «հակառակն է՛լ ա պատահում», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն ինչ էլ կարա պատահի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դրա համար էլ էդ խաղից հեռու փախա», եւ ես ասացի՝ «էրեկ ինչ դրի՝ թարս գնաց», եւ Խչոն ժպտալով ասաց՝ «ըտենց էլ պիտի ըլներ», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞», եւ ինքն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «որովհետեւ խորհուրդ չես հարցնում», եւ ես հարցրի՝ «ումի՞ց», եւ Խչոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հասկացողներից», եւ ես հարցրի՝ «հասկացողներն ովքե՞ր են», եւ Խչոն ժպտալով ասաց՝ «որ էսքան բացատրելուցս հետո էլ ես հարցնում՝ էլ քեզ բան չունեմ աելու», եւ ես ասացի՝ «խաղերը որ պրծնում են, սաղս էլ հասկացող ենք դառնում», եւ էդ խոսքիս վրա Խչոն գրպանից մի խուրձ կտրոն հանեց, ջոկջկեց, դրանցից մեկն առանձնացրեց, տվեց ինձ, եւ ես կտրոնն ուսումնասիրելով ասացի՝ «էս իսկական չեկ չի», եւ Խչոն ծիծաղելով ասաց՝ «իսկական չեկով փողերս արդեն ստացել եմ», եւ ես հարցրի՝ «բա էս ի՞նչ չեկ ա», եւ Խչոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «էս քսերոքսն ա. ես կրածս չեկերը միշտ քսերոքս եմ անում», եւ ես հարցրի՝ «ինչի՞ համար», եւ Խչոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «պատմության ու սերունդների», եւ ես Խչոյի քսերոքսած էդ ու մյուս խաղադրույքների կտրոններն ուսումնասիրելով՝ մի պահ մտածեցի, որ Խչոն իսկապես մյուսներիցս անհամեմատ խելոք է, որովհետեւ Խչոյի քսերոքսած էդ կտրոններն ուսումնասիրելով՝ տեսա ու համոզվեցի, որ Խչոն իսկապես լիքը խաղերի անհավանական արդյունքներ է գուշակել, եւ իր էդ քսերոքսածներն ուսումնասիրելով՝ սկզբում շատ զարմացա, բայց հետո սկսեցի ինձ-ինձ մտածել, որ եթե ինքս էլ էս չորս ու հինգ տարիների ընթացքում շահածս կտրոնները քսերոքսեի ու Խչոյի պես մշտապես ծոցագրպանումս պահելով՝ աջուձախ սրաննրան ցույց տայի, հիմա երեւի իմ էդ կտրոնների վրա էլ զարմացողներ կգտնվեին, բայց ես, ի տարբերություն Խչոյի, ավելի շատ պարտություններս վկայող կտրոններս եմ հիշում ու մտապահում, քան՝ շահածներս, եւ կյանքում էլ, ի տարբերություն Խչոյի ու շատերի, սխալներս ավելի հաճախ եմ հիշում, քան՝ արածս ճիշտ բաները, ու երեւի դա է պատճառը, որ հաճախ ինձ թվում է թե՝ կյանքումս որեւէ ճիշտ բան չեմ արել, եւ ճշտիս ուղղությամբ տեւականորեն սեւեռվելով ու կենտրոնանալով՝ հիշողությունս ինչքան էլ գերլարում եմ, արածս ճիշտ բաները ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել, մինչդեռ սխալներս, ընդհակառակը, միանգամայն հեշտությամբ ու առանց հիշողությունս առանձնապես լարելու՝ շարունակաբար ու մեկ առ մեկ մտաբերում եմ, եւ հիշողությանս էդ շարունակական դավաճանությունն է պատճառը, որ արածս ճիշտ ու լավ բաների մասին չեմ գրում, իսկ բազում սխալներիս էլ մեկ առ մեկ չեմ անդրադառնում, որովհետեւ չեմ ուզում արհեստականորեն երկարացնել առանց էդ էլ անվերջության միտված էս վեպս, եւ, բացի այդ, ես հիմա արդեն վերջնականապես եմ հասկանում, որ ձեզ ու մանավանդ ինձ չարաչար խաբել եմ՝ էս վեպիս սկզբներում ասելով, թե՝ ինքնակենսագրական վեպ եմ գրում, ու երեւի դուք էլ եք արդեն գլխի ընկնում, որ ավելի շատ ու հիմնականում ուրիշների մասին եմ գրում, ու երեւի էդ է պատճառը, որ էդ ուրիշներից ոմանք համառորեն շարունակում են աչքի անցկացնել էս գրածս, ու էդ պատճառը հասկանալով ու գիտակցելով՝ առայժմ ինձ ու մանավանդ իմ սխալներին հանգամանորեն չեմ անդրադառնում եւ նույնիսկ իմ բուքմեյքերական սխալներին հանգամանորեն չեմ անդրադառնում, եւ դրա պատճառը ոչ թե էն է, որ պարտություններիս կտրոնները չեմ քսերոքսել ու պահել, այլ էն՝ որ ես չեմ սիրում անհաջողություններս ու տխրությունս մարդկանց ու մանավանդ ընթերցողներիս վզին փաթաթել, եւ չնայած առանձնապես ուրախ անձնավորություն չեմ, եւ չնայած ուրախանալուս առիթներն էլ առանձնապես շատ չեն, այդուհանդերձ, ես մարդկանց ու մանավանդ ընթերցողներիս ուրախացնելու համար ինձնից կախված ամեն ինչ անում եմ, եւ չնայած լավ էլ հասկանում եմ, որ մեր օրերում մարդկանց ուրախանալը քիչ հավանական է, եւ չնայած լավ էլ հասկանում եմ, որ էս գրածներովս ուրախացնելը գրեթե անհավանական է, եւ չնայած լավ էլ հասկանում եմ, որ էս գրածներս շատերին տխրեցնում են՝ կոլեգաներիս ու գրականագետներին չհաշված, այդուհանդերձ, մի քանի ուրախացողներ հայտնաբերել ու գտել եմ, ու դրանք բոլորն էլ քչով բավարարվող ու չնչին բանից ուրախացող էն մարդիկ են, ովքեր ինձ պես հերթական անգամ փորձ են անում սիրել էս ահավոր ու տառապալից կյանքը՝ վերջնականապես համոզվելով, որ էդ սերն, այնուամենայնիվ, փոխադարձ չէ, եւ չնայած ուրախացողներն ու ուրախացնողները տարբեր մարդիկ են, այդուհանդերձ, սրանց երկուսի գոյությունը միմյանցով է պայմանավորված, եւ ամբողջ ցավն այն է, որ ուրախացնել փորձողները չափազանց շատ են, իսկ ուրախացնողները՝ չափազանց քիչ, եւ, գրեթե նույն հարաբերակցությամբ, ուրախանալ փորձողները չափազանց շատ են, իսկ սրտանց ուրախացողները՝ չափազանց քիչ, եւ, նույն հարաբերակցությամբ, ծաղրածուի կեցվածք ընդունողները շնից շատ են, բայց իսկական ծաղրածուները՝ չափազանց քիչ, եւ ամենատխուրն ու ամենացավալին էն է, որ ուրիշներին ուրախացրած որեւէ մեկին դեռեւս չի հաջողվել ինքը իրեն ուրախացնել, եւ եթե ժամանակին Միքայել Մանվելյանի «Ծաղրածուն» պատմվածքը կարդացած չլինեի, երեւի ինքնուրույն էլ գլխի կընկնեի, որ իսկական ու մեծ ծաղրածուներն ի վիճակի են բոլորին զվարճացնել՝ իրենցից բացի, բայց եթե Ֆրունզիկին մոտիկից ճանաչած չլինեի, ինքնուրույն դժվար թե գլխի ընկնեի, որ տարիներ շարունակ բոլորիս ուրախություն պարգեւած Ֆրունզիկն իրականում մեջներիս ամենատխուր, ամենամենակ ու ամենաինքնամփոփ մարդն է, եւ եթե երբեւէ իմանամ, որ իր մերձավորներին ու հեռավորներին տարիներ շարունակ ուրախության մեջ պահած Շառոյան Դանիկն է՛լ է իրականում տխուր ու ինքնամփոփ, ամենեւին չեմ զարմանա, որովհետեւ իմ իսկ փորձով արդեն համոզվել եմ, որ ուրախացնելն անհամեմատ հեշտ գործ է, քան՝ ուրախանալը, եւ չնայած առերեւույթ թվում է, թե ուրախացնողներն ուրախացողներից անհամեմատ քիչ են, իրականում երեւի ճիշտ հակառակն է, որովհետեւ ծիծաղողները բազում են, իսկ ճշմարիտ, սրտանց ու շարունակաբար ուրախացնողները՝ չափազանց քիչ, ու էս էլ եմ իմ անձնական փորձից ասում, որովհետեւ ինքս էլ էս կյանքում շատ ծիծաղել ու հազվադեպ եմ ուրախացել, եւ հիմա որ էս ուղղությամբ մտածում եմ՝ իմ շրջապատի չափահաս մարդկանցից ընդամենը մեկին եմ հիշում՝ ում հաջողվում էր սրտանց ու տեւականորեն ուրախանալ իր ու մեր էս մինուճար կյանքով, ու էդ մեկը Հավատացյալ Խորենն էր՝ որ էս կյանքում ո՛չ փող ուներ, ո՛չ տուն ու ոչ էլ ընտանիք, եւ ինչքան իրեն հիշում եմ՝ իր բարի ու մշտական ժպիտն էլ հետն եմ հիշում, եւ չնայած ինքը մյուսներիս թերություններն ու արատները տեսնում էր ու գիտեր, այդուհանդերձ, հենց ինքն էր բոլորիս մեծահոգաբար հանդուրժողը, եւ չնայած ինքն էս կյանքի ժամանակավոր ու անցողիկ լինելն է՛լ բոլորիցս լավ գիտեր, այդուհանդերձ, էս ժամանակավորն ու անցողիկն ավելի էր սիրում, քան մյուսներս՝ որ, ի տարբերություն Հավատացյալ Խորենի, էս երկրայինից բացի այլ կյանք ո՛չ պատկերացնում ենք ու ոչ էլ ուզում ենք պատկերացնել, եւ չնայած ճակատագրով ու բարեբախտաբար Հավատացյալն ամենից ավելի անձամբ ի՛նձ էս մինուճար կյանքով ուրախանալու դասեր տվեց, այդուհանդերձ, էս կյանքով ուրախանալս առանձնապես չի ստացվում, եւ քանի որ ուրախանալս առանձնապես չի ստացվում, Ֆրունզիկի ու Դանիկի պես փորձում եմ գոնե ուրիշներին ուրախացնել, եւ չնայած էս փորձերս հիմնականում անհաջող են ստացվում, այդուհանդերձ, համառորեն ու պնդաճակատորեն շարունակում եմ, որովհետեւ, ամեն ինչից բացի, գրամոլությանս ու մտորումներիս էս անսահման տարածքն էն միակ վայրն է, որտեղ երբեմն-երբեմն ինձ հաջողվում է ուրախանալ:

Ն. Գ. (նորգրություն)- Ուրախացնողների, ուրախացողների ու չուրախացողների մասին էս հատվածը տարիուկես առաջ եմ գրել, եւ էսօր՝ 2009-ի փետրվարի տասներեքի ուրբաթ իրիկուն, երբ «Առավոտի» Արմինեի հետ էս վերջին գլուխն էջադրում էինք, խմբագրություն զանգեց Ջավախյանն ու ասաց, որ Շառոյան Դանիկն է մահացել, ու էդ բոթը Ջավախյանից ստանալով՝ հիշեցի, որ երեկ երեկոյան հեռուստացույցով մեկը երկարբարակ բացատրում էր, որ երբ ուրբաթն ու 13-ը համընկնում են, դա շատ վատ նշան է, եւ առավոտյան զարթնելով ու էդ մեկի իրիկնային ու հեռուստատեսային բայղուշությունը հիշելով՝ զգուշորեն նախաճաշեցի, զգուշորեն էս վեպիս հերթական էջը գրեցի, զգուշորեն ոտով եկա խմբագրություն, բայց, ինչպես տեսնում եք, ոչնչով չկարողացա նպաստել, որպեսզի Աստծո ուրախությունը մշտապես մեզ փոխանցող Շառոյան Դանիկի ներկայությունն ավելի երկար վայելեինք:

ՎԵՐՋ ՅՈԹԵՐՈՐԴ ԳՐՔԻ

ԳԻՐՔ ՈՒԹԵՐՈՐԴ

Գլուխ առաջին

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԻԶԲ

Երբ Խչոյի քսերոքսած խաղադրույքների զարմանազան ու զարմանահրաշ կտրոններն իրեն վերադարձրի, էդ պահին բուքմեյքերական մտան մեր խաղընկերներից Աշոտն ու Գագոն, եւ նրանց տեսնելով՝ Խչոն ժպտալով ինձ ասաց՝ «պասաժիրներն էկան», եւ ես ժպտալով ասացի՝ «մենք էլ պակաս պասաժիր չենք», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «մենք գոնե մեկումեջ կրում ենք», եւ որպեսզի ձեզ համար նույնպես հասկանալի լինի, թե բուքմեյքերական տարածքներում «պասաժիր» բառն ինչ իմաստ ու բովանդակություն ունի, պիտի բացատրելով ասեմ, որ բուքմեյքերական տարածքներում պասաժիր անվանում են է՛ն խաղամոլներին, ովքեր մշտապես խաղադրույքներ են դնում, բայց հազարից մեկ են շահում. այսինքն, քաղաքային տրանսպորտի պասաժիրների պես կանոնավոր ու պարտաճանաչորեն մուծվում են ու երբեւէ շահույթ չեն ստանում, եւ չնայած էստեղ շատերս ենք կատակով իրար պասաժիր անվանում, Խչոն մեջներիցս միակն է, որ անխտիր բոլորին է պասաժիր անվանում, որովհետեւ, էլի եմ ասում, Խչոն միշտ համարել ու էսօր էլ համարում է, որ ինքը մյուսներիցս անհամեմատ խելոք է, չնայած, էլի եմ ասում. եթե մյուսներս էլ Խչոյի պես մեր շահած խաղադրույքների կտրոնները քսերոքսեինք ու մեր ծոցագրպաններում սրբությամբ պահեինք, մյուսներիս կտրոնների վրա զարմացողներ էլ հաստատ կգտնվեին, եւ երբ Խչոյին ասացի՝ «մենք էլ պակաս պասաժիր չենք», Խչոն ժպտալով ասաց՝ «մենք գոնե մեկումեջ կրում ենք», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ ենք կրում», եւ Խչոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «քարուավազ» եւ ժպտալով ավելացրեց՝ «փաստը մնում ա փաստ, որ Մորեսմոյի վրեն դրինք ու կրինք», եւ ես ասացի՝ «ես էսօր կրվելու իրավունք չունեի», եւ Խչոն զարմացած հարցրեց՝ «խի՞ իրավունք չունեիր», եւ ես ասացի՝ «վաղը էրկու շաբաթով Ծաղկաձոր եմ գնալու», եւ Խչոն հարցրեց՝ «էդ ի՞նչ կապ ունի», եւ ես ասացի՝ «որ կրված գնայի՝ լավ չէր ըլնի. էրկու շաբաթ պիտի տրամադրությունս ընկած մնար», եւ Խչոն հարցրեց՝ «Ծաղկաձոր խի՞ ես գնում», եւ ես ասացի՝ «գնամ՝ մի քիչ հանգստանամ», եւ Խչոն հարցրեց՝ «ինչի՞ց հանգստանաս», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «կրվելուց», եւ Խչոն ասաց՝ «ես էլ հաճույքով էրկու շաբաթ կհանգստանայի», եւ ես ժպտալով ասացի՝ «դու հանգստանալու իրավունք չունես», եւ Խչոն զարմացած հարցրեց՝ «խի՞ չունեմ», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «որովհետեւ դու միշտ կրում ես», եւ Խչոն ժպտալով հարցրեց՝ «քարուավա՞զ», եւ ես ժպտալով ասացի՝ «նաղդ փող», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դրսից ուրիշների աչքն եմ հանում, ներսից՝ իմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հանգստանալը վրեդ ավելի թանկ չի նստի՞», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով», եւ Խչոն ասաց՝ «ասում են՝ հիմի պուծյովկեքը շատ թանկ են», եւ ես ասացի՝ «մերը ձրի ա», եւ Խչոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց ա ձրի», եւ ես ասացի՝ «գրողները Ծաղկաձորում հանգստյան տուն ունեն», եւ Խչոն հարցրեց՝ «համ մնալն ա ձրի, համ էլ ուտելը՞», եւ ես ասացի՝ «հա», եւ Խչոն հարցրեց՝ «երբ ուզես՝ կարա՞ս գնաս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «տարվա մեջ տասնութ օր հասնում ա», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, Սովետի վախտվա պես ապրում եք», եւ ես ասացի՝ «Սովետի վախտ սաղ հանրապետություններում հանգստյան տներ ունեինք» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «համ էլ՝ մեծ հոնորարներ էինք ստանում», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզվում ա՝ գրող ըլնելն էլ ա ձեռնտու գործ», եւ ես ժպտալով ասացի՝ «Սովետի վախտ շատ ձեռնտու գործ էր», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ տարվա մեջ տասնութ օր ձրի Ծաղկաձոր եք գնում, էդ էլ ա մեծ բան», եւ էդ պահին սկսվեց թենիսի մեծ սաղավարտի տղամարդկանց եզրափակիչը՝ Ֆեդերերի ու Նադալի կատարմամբ, եւ Խչոն ինձ հարցրեց՝ «հիմի Նադյայի վրա ենք դնո՞ւմ, թե՞ Ֆեդյայի», եւ ես ասացի՝ «ես ոչ մեկի վրա էլ չեմ դնի», եւ Խչոն զարմացած հարցրեց՝ «խի՞», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «չեմ ուզում կրված գնամ Ծաղկաձոր», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա կրում ես», եւ ես ժպտալով ասացի՝ «կարողան ցանել են՝ չի բուսնել», եւ Խչոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա էս խաղը չես նայելո՞ւ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «նայելու եմ, բայց ստավկա չեմ դնելու» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «որ ստավկա չես դնում՝ ավելի հաճույքով ես նայում», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու որ չես դնում՝ ես էլ չեմ դնի», եւ ես հարցրի՝ «իմ չդնելը քո դնելու հետ ի՞նչ կապ ունի», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ընկերով մահը հարսանիք ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ըստեղ լիքը ընկերներ ունես», եւ Խչոն հարցրեց՝ «օրինակ», եւ ես ասացի՝ «օրինակ՝ Աշոտն ու Գագոն», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «էդ պասաժիրների հետ որ ստավկա դնեմ՝ ես էլ պասաժիր կդառնամ», եւ ես ժպտալով ասացի՝ «լիքը ուրիշ ընկերներ էլ ունես», եւ Խչոն ժպտալով հարցրեց՝ «օրինակ», եւ ես ասացի՝ «օրինակ՝ Համոն ու Գրիշը», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրսից ընկեր են ցույց տալի, բայց ներսից լավ էլ չուզող են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու որ չես դնում՝ երեւի ես էլ չդնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «գիտեմ, որ Ֆեդյան կրելու ա, բայց չեմ դնի», եւ ես ասացի՝ «ինձ թվում ա՝ Նադյան ա կրելու», եւ Խչոն ասաց՝ «մի շիշ պիվի վրա գրազ գա՞նք», եւ ես ասացի՝ «համաձայն եմ», եւ Խչոն ասաց՝ «ամեն մեկիս մի շիշ», եւ ես ասացի՝ «էղավ» եւ ժպտալով ավելացրի՝ «ըսենց շատ էժան կպրծնենք», եւ Խչոն ժպտալով ասաց՝ «համ էլ՝ հանգիստ խղճով կնայենք ու սրանց խաղից հաճույք կստանանք» ու էդ ասելով՝ Խչոն տեղից վեր կացավ, գնաց, բուֆետապանուհուց երկու շիշ գարեջուր բերեց ու ինձ ասաց՝ «ես շշով եմ խմում, ուզում ես՝ քո համար բաժակ բերեմ», եւ ես ասացի՝ «ես էլ շշով կխմեմ», եւ Խչոն ասաց՝ «փողը չեմ տվել. որ մեկս որ կրվավ՝ էն էլ փողը կտա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «պիտի միանգամից փողն էլ տված ըլնեիր», եւ Խչոն զարմացած հարցրեց՝ «խի՞», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մինչեւ էս պիվեքը բերիր, Նադալը մի գեյմ խլեց», եւ Խչոն նայեց էկրանին ու զարմացած հարցրեց՝ «էս ե՞րբ հասցրեց» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ոչինչ. սաղ խաղը դեմներն ա», եւ ես ասացի՝ «ով էլ կրի՝ էժան ենք պրծնելու», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ Նադալը կրի, ես ավելի էժան կպրծնեմ», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞», եւ Խչոն ասաց՝ «որ մեր էս գրազը չըլներ, հինգ հազար մանեթ Ֆեդյայի վրեն էի դնելու», եւ ժամուկես անց պարզվեց, որ ժամանակները փոխվել են, եւ գրունտի վրա Ֆեդերերին մշտապես հաղթող Նադալն արդեն խարդի վրա էլ է իր հիմնական մրցակցին ակնհայտորեն գերազանցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել