Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավերժ է միայն չինական պարիսպը»

Ապրիլ 10,2009 00:00

Հանրային հեռուստառադիոընկերության 2008-ի գործունեության վերաբերյալ հաղորդման շուրջ նախօրեին սկիզբ առած բանավեճը երեկ էլ շարունակվեց ԱԺ-ում: Եվ մասնավորապես «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում հակադարձեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի՝ նախորդ օրն արած կսմիթներին: «Մավրն արեց իր գործը՝ մավրը կարող է հեռանալ» արտահայտությանը նա պատասխանել էր. «Մավրը, այսինքն՝ ես, վաղուց կամ, բայց պրակտիկայում առայժմ միայն յագոներն են հեռացել: Ես մի՛շտ կամ»: Իսկ Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե իրենք մավրեր տեսել են, ու կարծում է՝ էլի կտեսնեն. «Հավերժ է միայն չինական պարիսպը: Մնացած ոչինչ այս աշխարհի երեսին հավերժական չէ»: «Բա սե՞րը»,- տեղից չհամաձայնեց ՀՀԿ պատգամավոր Էդվարդ Շարմազանովը: Չենք համաձայնի նաեւ մենք, քանզի չինական պարիսպն էլ հավերժ չէ՝ այն տեղ-տեղ ավերված է:

Սակայն թող տպավորություն չստեղծվի, թե այս հաղորդման քննարկումն անցնում էր բացառապես այս ոգով: Ո՛չ՝ եղան շատ լուրջ հարցադրումներ՝ Հ1-ում կրթական հաղորդումների սակավության, «Արարատ» մշակութային ալիքի «կիսագավառական մակարդակի» (ձեւակերպումը Նաիրա Զոհրաբյանինն է), նաեւ՝ ֆիլմերի թարգմանությունների որակի մասին: Թեեւ տեղին էր Ալեքսան Հարությունյանի պատասխանը վերջին քննադատությանը. «Իմ կարծիքով՝ այստեղ նախ մի հարց պիտի հնչեր, հետո դա, քանի որ ՀՀ օրենքը նախատեսում է, որ արգելվում է հայկական եթերում (անկախ նրանից՝ դա հանրայի՞ն է, թե՞ մասնավոր) չթարգմանված ֆիլմերի հեռարձակումը: Այսինքն՝ նախ պետք է նշեին, որ այդ օրենքը փաստորեն պահպանում է միայն Հանրայինը, եւ որից հետո քննարկեինք, թե ինչպիսին է թարգմանության որակը»: Այն, որ մնացած ալիքները չեն պատժվում այս օրինախախտման համար՝ վկայում է ՀՌԱՀ-ի աշխատանքի փայլո՜ւն որակի մասին:

Քննադատեցին նաեւ գովազդները: Բայց մինչ այդ էր Արմեն Աշոտյանն իր զեկույցում նշել, թե այս «զարհուրելի ճգնաժամն իր դրոշմն է թողել նաեւ գովազդային շուկայի վրա», որը 30%-ով կրճատվել է եւ հիմա հեռուստաընկերություններն ունեն «կոմերցիոն առումով՝ գոյատեւման խնդիր»: Եվ այս պայմաններում, նա, որպես հանձնաժողովի նախագահ՝ նպատակահարմար չի համարում գովազդի վերաբերյալ օրենսդրության խստացումը: Նկատենք, որ նման սրտացավություն հանդես էր բերում մի պատգամավոր, որն ապրիլի 8-ին ՀՀԿ խմբակցության այլ անդամների հետ «դեմ» էր քվեարկել օրակարգում ընդգրկելուն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումը, որը միտված էր ճգնաժամի պայմաններում տաքսիստների գործունեության խստացումները մեղմացնելուն:

Մի մեջբերում էլ Վիկտոր Դալլաքյանի ելույթից. «Անկախության 18 տարիներին պայքարը հեռուստատեսության համար եղել է պայքար իշխանության համար, քանի որ հեռուստատեսությունը հզորագույն զենք է հատկապես քաղաքական խնդիրներ լուծելու տեսանկյունից»: Եվ հավելեց, որ եթե այսօր իշխանությունն իր տեղը զիջի ընդդիմությանը, ապա վերջինս հանրային եւ մասնավոր հեռուստաընկերությունների նկատմամբ «կվարի այն քաղաքականությունը, ինչ այսօրվա իշխանությունն է վարում»: Նկատենք, որ ապագայի վերաբերյալ այս կանխատեսումն արդեն իրականացել է անցյալում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել