Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդը դժգոհ է քննիչից

Ապրիլ 30,2009 00:00

Եվ հույսը դրել է գլխավոր դատախազի վրա

2009 թ. փետրվարի 18-ին Երեւանի Պարոնյան եւ Ձորափի փողոցների խաչմերուկում տեղի էր ունեցել ավտովթար. բախվել էին «Տաթեւ» տաքսի ծառայության եւ BMW ավտոմեքենաները: Վթարից տուժել էին երկու մեքենաներն էլ: Տաքսիին հասցվել էր 756 000, իսկ BMW-ին՝ 622 000 դրամի վնաս: ՀՀ ճանապարհային ոստիկանությունը գտել էր, որ մեղավոր են երկու վարորդներն էլ եւ նրանց նկատմամբ սահմանել էր վարչական տույժ՝ 20000-ական դրամ:

Սակայն տաքսու վարորդ Հովհաննես Պետրոսյանը երեկ «Առավոտին» ասաց, որ ինքը երթեւեկության կանոնների խախտում չի կատարել եւ քննիչ Մանվել Մուրադյանի «անարդար, խիստ կողմնակալ եւ ճշմարտության տարրական էլեմենտներից զուրկ քննության» արդյունքում է կայացվել նման որոշում: Հ. Պետրոսյանը պնդում էր իր այդ գնահատականը եւ հայտնեց, որ այս մասին տեղյակ է պահել անգամ ՀՀ գլխավոր դատախազին: Նա պահանջում է, որ քրեական գործ հարուցեն իր դեմ, եթե ինքը զրպարտում է քննիչ Մուրադյանին, իսկ եթե մեղավոր չէ՝ արդարացնել:

Գլխավոր դատախազից ստացվել է պատասխան այն մասին, որ դիմումն ուղարկվել է Երեւանի դատախազ Բադալյանին՝ Ճանապարհատրանսպորտային հարցերով քննության բաժնի ավագ քննիչ Մ. Մուրադյանի կողմից կայացված քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու, դատաավտոտեխնիկական եւ դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն նշանակելու խնդրանքով: Սակայն քաղաքային դատախազությունը, ըստ Հ. Պետրոսյանի, ոչ մի լրացուցիչ քննություն չի անցկացրել, ուղղակի տվել է իր եզրակացությունը, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն օրինական է եւ այն վերացնելու հիմքեր չկան:

Հ. Պետրոսյանը հավաստում է, որ երբ ինքը քաղաքի դատախազության քննիչ Սեփոյանին հարցրել է՝ իրենց որոշումը արդարության վերականգնո՞ւմ է, թե՞ անարդարության շարունակում, քննիչը «նեղացկոտ ձեւով խորհուրդ տվեց նորից դիմել վերադասին: Տարօրինակ եւ զավեշտալի պատասխան»,- ասում է տուժած տաքսու վարորդը:

«Առավոտի» օրաթերթին Հ. Պետրոսյանը ներկայացրեց իր հիմնավորումները. «Ես երթեւեկել եմ գլխավոր ճանապարհով, Պարոնյան փողոցի ձախ եզրային շերտով, երթեւեկության կանոնների խախտում չեմ կատարել: Պարոնյան-Ձորափի խաչմերուկում հանկարծակի եւ մեծ արագությամբ դեմս է հայտնվել BMW մեքենան, ես անմիջապես արգելակել եմ, ինչպես պատահում է յուրաքանչյուր նորմալ մարդու հետ: Առկա են քննիչ Մ. Մուրադյանի՝ տարբեր խաբուսիկ միջոցներով եւ մեթոդներով ինձ քննելու ձայնագրությունները: Ինձ դատաբժշկի են ուղարկել 22 օր հետո: Այսքանից հետո անհասկանալի է, թե ի՞նչ հիմնավորումներ չլինելու մասին է խոսքը: Մեկ անգամ եւս խնդրում եմ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը՝ արդարությունը վերականգնելու եւ հարցիս արդարացի ու բարոյական լուծում տալու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել