Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԴԱՌՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիս 02,2009 00:00

Ըստ հոգեբանի, գեղեցիկ սեռը ցանկանում է խաբվել, իսկ տղամարդկանց խաբված լինել հաճելի չէ

Ասում են՝ երբեմն ավելի ցանկալի է լսել հաճելի սուտը, քան դառը ճշմարտությունը…

Ամեն օր, ամեն ժամ, նույնիսկ ամեն վայրկյան աշխարհում ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը խաբում է: Ինչո՞ւ են մարդիկ խաբում, ի՞նչն է նրանց դրդում ստին: Հոգեբան Սամվել Խուդոյանը գտնում է, որ մարդիկ ընդհանրապես խաբում են զուտ շահույթ ստանալու նպատակով. «Խաբեությունը մարդու ամբողջ էությունը արտահայտող մի երեւույթ է, խաբելը մարդկանց էությունից է բխում: Երբ մարդն իրական աշխարհում ստեղծում է իր աշխարհը, արդեն խաբում է բառերի, լեզվի միջոցով, կարծես իր գլխում տեղափոխում է մի ուրիշ աշխարհ, որի հետ ինչ ուզի՝ կանի: Հենց այս պարագայում մարդը սկսում է խաբել, ընդ որում՝ առաջին հերթին սկսում է խաբել ինքն իրեն, ապա ուրիշներին, իսկ երբ ուրիշներին խաբում է, սկսում է ինքն էլ հավատալ իր խաբեությանը»: Հարցին, թե ինչո՞ւ են մարդիկ առհասարակ խաբում, հոգեբանը պատասխանեց. «Ցանկացած մարդու երբ հարցնես՝ ինչո՞ւ խաբեցիր, նա հստակ պատասխան չի տա, բայց հոգու խորքում ունի այդ հարցի պատասխանը, ինքն իրեն արդարացնելով կմտածի՝ խաբեցի, որ մի բան շահեմ, մեկից մի բան պոկեմ, ստանամ… Խաբեությունը յուրահատուկ մի երեւակայություն է դարձել, այն իրականությունից տարբերվող մի բան է, որին մարդիկ նույնիսկ ձգտում են»: Ս. Խուդոյանի ձեւակերպմամբ, մարդիկ իրենք են ցանկանում խաբված լինել. «Մարդը խաբում է, որովհետեւ ցանկանում է, որ իրեն նույնպես խաբեն: Մարդը, խաբելով, ստեղծում է այնպիսի մի աշխարհ, որն իրեն ավելի ձեռնտու է»: Խաբեության դրսեւորումների մասին էլ ասաց. «Խաբեության ծայրահեղ դրսեւորումը, որոշ հիվանդությունների դեպքում, զառանցանքերն են, երբ մարդը սկսում է հավատալ այնպիսի բաների, որ ընդհանրապես գոյություն չունեն»: Ըստ մեր զրուցակցի, խաբեությունն ու իրականությունը իրար շատ մոտ են. «Դժվար է ասել՝ իրականություն կա, թե ոչ… Մեկն ասում է՝ ես խելոք եմ, մյուսն էլ՝ հիմար եմ, հիմա խաբո՞ւմ է, թե՞ ոչ: Բնականաբար՝ խաբում է: Խաբեությունը հեշտությամբ դառնում է իրականություն: Խաբեությունն ու իրականությունը բավական սերտ են եւ շատ հաճախ այն, ինչ այսօր խաբեություն է համարվում, վաղը դառնում է իրականություն, եւ հակառակը»:

Հոգեբանն առանձնացրեց նաեւ կին-տղամարդ հարաբերություններում առկա մշտական խաբեությունը. «Սա ամենաարդիական խաբեությունն է, որը կա, եղել է ու միշտ էլ կլինի բոլոր ժամանակներում: Թե ինչո՞ւ են կանայք կամ աղջիկները միշտ խաբված դուրս գալիս, մեղքը հենց իրենցն է. պատճառն այն է, որ գեղեցիկ սեռը հավեսով ցանկանում է խաբվել՝ լսել այն, ինչ իրեն ասում են: Բացի խաբեություն-իրականություն կապից, կա նաեւ խաբեություն-հավատ ասվածը, որոնք նույնպես սերտ կապված են միմյանց: Ստին հավատալը շատ դեպքերում պայմանավորված է ցանկությամբ. մարդը հավատում է այն ամենին, ինչին ցանկանում է, եւ չի հավատում ոչնչի, երբ չի ցանկանում: Աղջիկների պարագայում՝ նրանք հիմնականում ուզում են հավատալ, որ գեղեցկուհիներ են, որ իրենց շատ են սիրում եւ այլն… Ինչ վերաբերում է ուժեղ սեռի ներկայացուցիչներին, այստեղ ցանկությունը դեր չի խաղում, նրանք չեն ցանկանում խաբված լինել, դա նրանց հաճելի չէ: Տղամարդկանց պարագայում խնդիրն այլ է՝ նրանք երբեմն խաբված են լինում հենց իրենց կողմից. օրինակ, նրանց սկզբից թվում է՝ չեն սիրում, ուղղակի խաբում են կնոջը, հետո պարզվում է, որ լավ էլ սիրում են: Սա ներշնչանքի արդյունք է: Այնպես որ, իրականություն-խաբեություն սահմանը բավական հեղհեղուկ է»:

Հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կարող է թողնել սուտը մարդու կյանքում, հոգեբանն ասաց. «Առանձնապես ոչ մի, ուղղակի նյարդային համակարգը կարող է խախտվել՝ զայրույթ, անհանգստություն առաջացնել, բայց որոշ ժամանակ հետո նորից ամեն ինչ կարգավորվում է: Խաբված լինելը որեւէ մի հիվանդության, դեպրեսային վիճակների չի կարող հանգեցնել, քանի որ նույն այդ խաբված մարդը գիտակցում է, որ ինքն էլ է խաբում… Բայց պետք է հաշվի առնել, թե ինչ աստիճանի սուտ է, ինչ հետեւանքներ կարող է ունենալ խաբված մարդու համար: Իսկ հակազդում առաջացնում է միայն այն, թե ինչ վնաս է քեզ բերում այդ խաբեությունը: Օրինակ, եթե խաբելով՝ մարդուց ահռելի գումար են կորզում, կարող է նույնիսկ մահով ավարտվել. ինֆարկտ, ինչու չէ՝ նաեւ ինքնասպանություն… Իսկ անմեղ սուտը, որ մարդը գլուխ է գովում՝ իրեն հարգելու համար, միայն կարող է ծիծաղ առաջացնել»:

Ս. Խուդոյանը վստահեցնում է. «Չկա այնպիսի մարդ, որ չխաբի: Չխաբել, անընդհատ ճիշտ խոսել՝ նման բան գոյություն չունի եւ չի էլ կարող լինել: Յուրաքանչյուր ոք, առանց տարանջատման, ամեն ժամ խաբում է թեկուզ ինքն իրեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել