Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ օրերը սկսվում են

Հունիս 11,2009 00:00

Հունահռոմեական եւ ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային եւ տարբեր տարիքային խմբերի հավաքականների համար սկսվում են մարզումների եւ մրցումների մասնակցելու հագեցած ժամանակները:

Մասնավորապես, մեր երկու ազգային հավաքականների երկրորդ համարները օրերս են վերադարձել Թբիլիսիից: Նրանք մասնակցում էին օլիմպիական չեմպիոններ Գեորգի Բալավիձեի եւ Վախթանգ Կարտոզիայի անվան միջազգային մրցաշարին, որտեղ հանդես են եկել նաեւ Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները (նույնպես հիմնականում պահեստային ըմբիշներ):

Հունահռոմեական ոճի մեր տղաներից հինգը՝ 60 կգ քաշային Արմեն Անտոնյանը, Վահրամ Խաչատրյանը՝ 66 կգ, Վարշամ Բորանյանը՝ 74 կգ, Արթուր Շահինյանը՝ 84 կգ եւ Արման Գեղամյանը՝ 96 կգ, հասել են մինչեւ եզրափակիչ, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել բարձրանալ պատվանդանի առաջին աստիճանին:

Համեմատաբար համեստ են եղել մեր ազատ ոճայինների արդյունքները: Նրանցից 55 կգ քաշային Գեղամ Բաբախանյանը դարձել է երկրորդ մրցանակակիր, իսկ Արթուր Բաղդասարյանը՝ 60 կգ քաշային կարգ, բավարարվել է երրորդ տեղով:

Երեկ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում տեղեկացրին, որ սեպտեմբերի 21-27-ը Դանիայի Հերնինգ քաղաքում կայանալիք աշխարհի մեծահասակների առաջնության նախապատրաստության շրջանակներում Հայաստանի ազատ ոճի հավաքականը սպասում է Վրաստանի ընտրանուն, որպեսզի նրանց հետ միասին հունիսի 24-ից համատեղ հավաքի մեկնի Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազա:

Լարված օրեր են նաեւ մեր երիտասարդների համար, որոնք նախ հունիսի 30-ից հուլիսի 5-ը Թբիլիսիում պայքարելու են այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնության մեդալների համար, այնուհետեւ մեկնելու են Անկարա, որտեղ օգոստոսի 4-9-ը մեկնարկելու է աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ավելի կրտսեր տարիքային խմբի մեր լավագույնները հիմա նախապատրաստվում են հուլիսի 21-26-ը Սերբիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել