Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՄԲՈՒԼԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՄԻՆՉԵՎ Ո՞ՒՐ

Հունիս 13,2009 00:00

«Կառավարությունը վարում է դամբուլային քաղաքականություն: Ամեն ինչ անում է հակառակը»,- երեկ լրագրողներին հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, կառավարությունը զարկ է տալիս շինարարությանը, որն էլ դարձել է ճգնաժամի պատճառ. «Հիմա բանկերը գյուռ-գյուռ փող են ստանում կառավարությունից, վերավարկավորում են շինարարությունը՝ մեր ազգային պարտքի շնորհիվ: Դրա փոխարեն 1000-ական դոլար պետք է տալ գյուղացիական տնտեսություններին՝ անկախ այն բանից՝ կվերադարձվե՞ն, թե՞ ոչ»:

Հ. Բագրատյանին վրդովեցրել էր նաեւ այն, որ վերջերս Ռուսաստանից ստացված վարկի բաշխումը թափանցիկ չի արվել, եւ ոչ ոք տեղյակ չէ, թե այդ գումարներն ինչ են եղել. «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ վարկային համաձայնագիր ստորագրելուց հետո ԿԲ-ն շրջաբերական է ուղարկել կոմերցիոն բանկերին՝ վարկը ծախսելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու դիմումով»: Անդրադառնալով «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերի ֆինանսավորման դադարեցմանը, պարոն Բագրատյանն ասաց. «Գումարի կրճատումը միմիայն կապված էր Երեւանի քաղաքապետի խայտառակ ընտրությունների հետ»: Նախկին վարչապետը բացարձակ հիմարություն անվանեց ԱԺ-ում քննարկվող այն հարկային փաթեթը, որով նախատեսվում է խոշոր ձեռնարկություններում ապահովել հարկային տեսուչի մշտական ներկայություն: Նրա կարծիքով. «Դա նոր դռներ կբացի կաշառակերության համար: Բացի այդ, հարկային տեսուչը օրվա ցանկացած պահի կարող է գնալ եւ ստուգել յուրաքանչյուր ձեռնարկության աշխատանք, այլ ոչ թե ողջ օրը գտնվել դրա տարածքում»: Նա անընդունելի համարեց այն, որ այդ փոփոխությունը չի վերաբերելու ներմուծող կազմակերպություններին. «Եվ դա այն դեպքում, երբ ՀՆԱ-ի առյուծի բաժինը կազմում է ներմուծումը»:

Ըստ Հ. Բագրատյանի, տարեվերջին Հայաստանում տնտեսական անկման ցուցանիշը կտատանվի 6-11%-ի սահմաններում, իսկ «կառավարությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկում դրա դեմն առնելու համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել