Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հուլիս 04,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ տասնչորսերորդ

 ՇԱՏ ԵՐԿԱՐ ԱՆԵԿԴՈՏ

 Եվ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Ալիկին հարցրեց՝ «մի բան էլ ասե՞մ», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «ասա», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «ազնիվ ու հայրենասեր էլ եմ փորձել ըլնեմ, բայց էլի զադ չի ստացվում», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «քեզ հասկացա», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչ հասկացար», եւ Ալիկն ասաց՝ «փաստորեն, փոփոխություն չես ուզում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ով որ փոփոխություն չի ուզում, փաստորեն, իշխանությունների կողմն ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իմ դժբախտությունն էն ա, որ իշխանությունների կողմն էլ չեմ կարա կայնեմ, Արզումանյան ջան», եւ Ալիկը հարցրեց՝ «խի՞ չես կարա», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ իրանք էլ են ազնիվ ու հայրենասեր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իրանք էլ են ժողովրդի համար մտածում», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա վերջը ո՞նց պիտի ըլնի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեզանի չի կախված», եւ Ալիկը հարցրեց՝ «բա ումի՞ց ա կախված», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն ինչ Աստծո ձեռին ա, Արզումանյան ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «թե Աստված էս ժողովրդին փրկի՝ փրկի», եւ Ալիկը հարցրեց՝ «ումի՞ց փրկի», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ազնիվներից ու հայրենասերներից», եւ մինչ Ալիկն ապշահար կնայեր Ջավախյանին, Ջավախյանն Ալիկին հարցրեց՝ «էն անեկդոտը չես լսե՞լ», եւ Ալիկը հարցրեց՝ «ի՞նչ անեկդոտ», եւ Ջավախյանն ասաց՝ «առյուծի մասին անեկդոտը», եւ Ալիկը հարցրեց՝ «ի՞նչ առյուծ», եւ Ջավախյանը հարցրեց՝ «պատմե՞մ», եւ Ալիկը հոգնած աչքերով նայեց Ջավախյանին ու ասաց՝ «թե շատ ես ուզում՝ պատմի», եւ Ջավախյանն Ալիկին ասաց՝ «թե չես ուզում՝ չպատմեմ», եւ Վահանը Ջավախյանին ասաց՝ «պատմի տենանք՝ էդ ի՞նչ անեկդոտ ա», եւ Ջավախյանն Ալիկին նայելով ասաց՝ «կարող ա էս մարդը չի ուզում պատմեմ», եւ Վահանը հարցրեց՝ «խի՞ չպիտի ուզի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա շատ հոգնած ա», եւ Ալիկը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «հոգնածը հոգնած եմ, բայց պատմի՝ տենանք ի՞նչ ես պատմում», եւ Ջավախյանը մի քիչ դադար տվեց ու սկսեց՝ «ուրեմն, մի անգամ մարդամեկը անապատում զբոսնելիս հանդիպում ա մի մարդու, որի ձեռին մի հատ մեծ ու քառակուսի ֆաներա կար, ու էդ մարդուն տենալով՝ զբոսնողը բարեւում ու հարցնում ա՝ էդ ֆաներան ինչի՞ համար ա, ախպեր,- ու ֆաներայի տերն ասում ա՝ էս ֆաներա չի,- ու զբոսնողը հարցնում ա՝ բա ի՞նչ ա,- ու ֆաներայի տերն ասում ա՝ առյուծ որսալու սարք ա,- ու էդ զբոսնողը ֆաներայի տիրոջը հարցնում ա՝ դրանով ո՞նց ես առյուծ որսում,- ու ֆաներայի տերն ասում ա՝ շատ հեշտ ու հանգիստ,- ու զբոսնողը հարցնում ա՝ ո՞նց,- ու ֆաներայի տերը բացատրելով ասում ա՝ ուրեմն, անապատով գնում ես, մեկ էլ տենում ես՝ առյուծը դուս ա գալի դեմդ ու հենց փորձ ա անում թռնի վրեդ, էս ֆաներան պահում ես դեմը, ու իրա չանչերը խրվում են էս ֆաներայի մեջ, ու քեզ չես կորցնում, ջեբիցդ շատ արագ հանում ես չաքուջն ու ֆաներայի հետեւի կողմից էդ առյուծի չանչերը մեկիկ-մեկիկ ծռում ես ֆաներայի վրա. փաստորեն, զակլյոպկա ես անում,- ասում ա ֆաներայի տերն ու ջեբից չաքուջը հանելով ու զբոսնողին ցույց տալով հարցնում ա՝ հիմի հասկացա՞ր, թե՞ էլի լավ չհասկացար,- ու զբոսնողը սարսափահար ասում ա՝ հիմի լրիվ հասկացա,- ու ֆաներայի տերը հարցնում ա՝ ի՞նչ հասկացար,- ու զբոսնողն ասում ա՝ էդ առյուծին թե Աստված փրկեց՝ փրկեց, թե չէ՝ ուրիշ ոչ մի փրկություն չունի», եւ երբ Ջավախյանն անեկդոտը պատմեց պրծավ, Ալիկը ժպտալով հարցրեց՝ «հիմի պիտի ծիծաղե՞նք», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «կարեւորը ոչ թե ծիծաղելն ա, այլ՝ հասկանալը», եւ Վահանը Ջավախյանին ասաց՝ «էդ անեկդոտն Արմենի գրքի մեջ կար», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչ գիրք», եւ Վահանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարծեմ պատմվածքների գրքի մեջ էր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ գիրքը չեմ կարդացել», եւ Վահանը զարմացած հարցրեց՝ «ո՞նց չես կարդացել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բա էդ ո՞նց ա, որ Արզումանյանն իմ գրածնին չի կարդացել», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «սրանից հետո անպայման կկարդամ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ էր պակաս, որ էսքանից հետո էլ չկարդաս», եւ ես ծիծաղելով Վահանին ասացի՝ «Ջավախյանն իրա տակտիկան լրիվ փոխել ա», եւ Ջավախյանն ինձ հարցրեց՝ «ո՞նց եմ փոխել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «առաջ պատմածներս էիր գրում, հիմի գրածներս ես պատմում», եւ Ջավախյանն արդարանալով ասաց՝ «էդ անեկդոտը ոչ թե գրածովդ եմ հիշում, այլ՝ պատմածովդ», եւ Վահանն ասաց՝ «մեկ ա՝ աղբյուրն Արմենն ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքն էլ ուրիշից լսած կըլնի. կարող ա՞ էդ անեկդոտն Արմոն ա հնարել», եւ Ալիկը մտահոգ ասաց՝ «երանի ձեզ», եւ Ջավախյանն Ալիկին ասաց՝ «ըսենց ասում-խոսում- ծիծաղում ենք, բայց որ ճիշտն ուզում ես իմանաս, մեր կյանքն էլ առանձնապես մի կյանք չի, Արզումանյան ջան», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ձեր կյանքն էլ մի կյանք չի, բայց փոփոխություն չեք ուզում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փոփոխություն ուզում ենք, բայց չենք ուզում, որ էդ փոփոխությունն արհեստական ճանապարհով ըլնի», եւ Ալիկը հարցրեց՝ «արհեստական ճանապարհը ո՞րն ա», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «հեղափոխությունը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «արհեստական ճանապարհով որ կյանքը փոխում ես՝ ավելի ա վատանում», եւ Ալիկը ժպտալով հարցրեց՝ «Մարքսն ա՞ ասել», եւ Ջավախյանն ասաց՝ «Մարքսի գրածներից հիմի բան էլ ա չեմ հիշում», եւ Ալիկը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «որ զաբոռը ջարդում էիր, չէիր մտածո՞ւմ, որ արհեստական ճանապարհով կյանքը փոխելը սխալ ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ զաբոռը ջարդեցինք, կարող ա՞ դրանից մեր կյանքը լավնացավ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կյանքը պիտի բնական ճանապարհով փոխվի», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նախագահի ընտրությունն ամենաբնական ճանապարհն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ ձեռներս ծալած նստենք՝ կարող ա՞ կյանքն ինքնիրան փոխվի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որ ձեռներս ծալած չնստենք՝ ի՞նչ կարանք անենք», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «գործ պիտի անենք», եւ Ջավախյանը ժպտալով հարցրեց՝ «բանտ նստելը գործ ա՞», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «էդ էլ ա գործ», եւ Ջավախյանը հարցրեց՝ «էդ գործի օգուտը ո՞րն ա», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «համենայնդեպս, իմ նստելուց որեւէ մեկը չի տուժել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «օգուտն էլ հետո կերեւա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Ալիկին ասաց՝ «որ մի քիչ խորը մտածես, տուժողներ հաստատ էղած կըլնեն», եւ Ալիկը հարցրեց՝ «ո՞վ ա տուժել», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «մեկը՝ դու», եւ Ալիկն ասաց՝ «ես ինձ տուժած չեմ համարում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կնիկդ ու ընտանիքդ էլ չեն տուժե՞լ», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «ընդհակառակը. իրանք շատ հպարտ են», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմի որ դուս ես էկել՝ հպարտ են, բայց նստածդ վախտ երեւի իրանց լավ էլ ճնշված են զգացել», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «հեն ա՝ Վահանն ու Արմենը նստածս վախտ Մելիսային տեսել են. թող ասեն՝ խեղճացա՞ծ ա էղել», եւ Վահանը պատասխանեց ու ասաց՝ «չէ», եւ ես մի քիչ էլ մտածեցի ու ասացի՝ «մի քիչ», եւ Ալիկն ինձ հարցրեց՝ «որ քո վրա փող լվանալու շառ անեին, կնիկդ չէր խեղճանա՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իմ կնիկն ավելի կխեղճանար» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «որովհետեւ կարող ա հավատար, որ լվացել եմ», եւ Ջավախյանը ծիծաղելով ինձ ասաց՝ «քեզնից ի՞նչ փող լվացող, ադա», եւ ես ասացի՝ «որ տեղը գա՝ լավ էլ կլվանամ», եւ Ջավախյանը ժպտալով հարցրեց՝ «հեչ լվացած կա՞ս», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որ լվացած չըլնեի՝ դժվար թե էսօրվան հասնեի», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «թե հանաք ես անում՝ մենք էլ ծիծաղենք, թե լուրջ ես խոսում՝ լուրջ խոսանք», եւ ես ժպտալով ասացի՝ «մի օր լուրջ կխոսանք», եւ Ալիկը հարցրեց՝ «խի՞ չես ուզում հիմա խոսանք», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հիմա շատ հոգնած ես», եւ Ալիկն ինձ հարցրեց՝ «էս երկրում ազնիվ մարդիկ չե՞ն էղել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «էղել են», եւ Ջավախյանն ինձ հարցրեց՝ «բա հիմի էդ ազնիվներն ո՞ւր են», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Թոխմախում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ավելի ճիշտ՝ մյուս գերեզմանոցներում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «քու ասելովը դուս ա գալի, որ Հայաստանի մեջ փող չլվացած կենդանի շունչ չկա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «կան», եւ Ջավախյանը ժպտալով հարցրեց՝ «արդյոք ովքե՞ր են», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «փող լվացողների ընտանիքի անդամները», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրիշների մասին բան չեմ կարա ասեմ, բայց անձամբ իմ մասին կարամ ասեմ, որ կյանքիս մեջ ոչ մի անգամ փող չեմ լվացել, բայց ոչ մի անգամ չեմ մեռել ու ձեր առաջ ըսենց բաց ճակատով նստած եմ», եւ ես ժպտալով Ջավախյանին ասացի՝ «դու առավոտից իրիկուն ես փող լվանում», եւ Ջավախյանն ապշահար նայեց ինձ ու ասաց՝ «ես նույնիսկ փող լվալու ձեւը չեմ իմանում», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեւը չես իմանում, բայց լավ էլ լվանում ես», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ո՞նց», եւ ես ասացի՝ «որ տասը դոլարով խեղճուկրակներից արծաթե զարդեր ես առնում ու հիսուն դոլարով ուրիշների վրա ծախում ես, էդ էլ ա փող լվալ համարվում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քու ասելով՝ պիտի հիսուն դոլարով առնեի ու տասը դոլարով ծախեի, որ փող լվացող չհամարվեի՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «էդ բնագավառում փորձ չունեմ», եւ Ջավախյանը նեղացած ասաց՝ «փորձ չունես, բայց լավ էլ եզրակացություններ ես անում» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա խի՞ մինչեւ հիմի չէիր ասում, որ փող եմ լվում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ինձ թվում էր՝ գիտես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ասաց՝ «ինքս իմ աչքում ահագին բարձրացա» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ավելացրեց՝ «փող լվացող էլ դառանք», եւ Վահանը ծիծաղելով Ջավախյանին ասաց՝ «դու պրոֆեսիոնալ փող լվացող ես», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «պրոֆեսիոնալը ո՞րն ա», եւ Վահանը ծիծաղելով ասաց՝ «համ լվում ես, համ էլ քամում ես», եւ Ջավախյանը շիվարած հարցրեց՝ «ի՞նչն եմ քամում», եւ Վահանը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «փողը», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ձեռի հետ էլ ժողովրդին ես քամում», եւ Ջավախյանը շիվարած հարցրեց՝ «ո՞ր ժողովրդին», եւ Վահանը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «հասարակ ժողովրդին», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հայ ժողովրդին», ու մինչ շիվարած Ջավախյանը կմտածեր՝ ինչ ասեր, Ալիկը ծիծաղելով Ջավախյանին հարցրեց՝ «հիմի հասկացա՞ր՝ ոնց են անմեղ մարդկանց վրա գործ սարքում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմի հասկացա» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «մինչեւը սեփական կաշվիդ վրա չես զգում՝ չես հասկանում», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «ցավոք սրտի՝ էդպես ա», եւ Ջավախյանը խորամանկ ժպտալով ինձ հարցրեց՝ «բա դո՞ւ ինչ թավուր ես փող լվանում, ադա», եւ ես ժպտալով ասացի՝ «հետո կասեմ», եւ Ջավախյանը հարցրեց՝ «բա խի՞ չես հիմի ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ հիմի հետներս իշխանությունից մարդ կա», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ո՞ր իշխանությունից», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ապագա», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «մեր Արզումանյան ախպերը համ էլ նախկին իշխանություն ա», եւ Ալիկը մտահոգ ասաց՝ «Աստված չանի՝ մեկնումեկիդ վրա էդ տեսակ գործ սարքեն», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Ալիկին հարցրեց՝ «քեզ որ մի հատ անկեղծ հարց տամ՝ անկեղծ կպատասխանե՞ս, Արզումանյան ջան», եւ Ալիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «կփորձեմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որ վաղը չէ մեկէլ օրը գաք իշխանության՝ էս հիմիկվա իշխանությունների գլխներին գործեր չեք սարքելո՞ւ», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գործեր չենք սարքի, բայց իսկական հանցագործները պատասխանատվության կենթարկվեն», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ձերոնքականներն էլ ե՞ն պատասխանատվության ենթարկվելու», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «օրենքի առաջ բոլորը հավասար են», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հետո էլ ասում ես՝ միանանք ձեզ. որ շահ չպիտի ունենանք՝ էլ ինչի՞ միանանք», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նախ՝ ոչ ոք քեզ չի առաջարկում, որ միանաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «եւ երկրորդ՝ գրող մարդ ես, պիտի հասկանաս, որ անձնական շահերով չպիտի առաջնորդվենք», եւ Ջավախյանը հարցրեց՝ «բա ինչո՞վ պիտի առաջնորդվենք», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «օրենքով», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «այսինքն, որ իշխանության գաք՝ Արմոյին բռնելո՞ւ եք», եւ Ալիկը հարցրեց՝ «ի՞նչ Արմո», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Շեկոյան», եւ Ալիկը զարմացած հարցրեց՝ «Արմենի՞ն խի պիտի բռնենք», եւ Ջավախյանը խորամանկ ժպտալով ասաց՝ «հենց նոր ինքը խոստովանվավ, որ փողեր ա լվացել», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «հուսով եմ՝ Արմենը հանաք էր անում», եւ Ջավախյանն ինձ հարցրեց՝ «հանաք էի՞ր անում, ադա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «լրիվ լուրջ էի ասում», եւ Ջավախյանն Ալիկին ասաց՝ «տեհա՞ր. լրիվ լուրջ ա ասել», եւ Ալիկն արհամարհանքով նախ ինձ նայեց, հետո նայեց Ջավախյանին ու ասաց՝ «դուք լուրջ մարդ ե՞ք, որ լուրջ բան ասեք», եւ Ջավախյանը հաղթական ասաց՝ «ընենց որ՝ Հայաստանը չեք կարա օրինաց երկիր դարձնեք», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «Արթուրն ա ուզում օրինաց երկիր դարձնի», եւ Ջավախյանը հարցրեց՝ «բա դո՞ւք ինչ եք ուզում», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ մի բան էլ չենք ուզում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հանաք արինք՝ պրծանք», եւ Ջավախյանը զարմացած ասաց՝ «ես էլ մտածում էի՝ լուրջ զրից ենք անում», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ձեր հետ հնարավոր չի լուրջ զրից անել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, էս քանի ժամ ա՝ իզուր զրից ա գնացել», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իզուր զրից չի ըլնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն զրից էլ մի բան տալիս ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «քեզ ի՞նչ տվեց», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բանակիդ կյանքից ահագին բան իմացա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ որոշ բաներ իմացա», եւ Վահանը Ջավախյանին հարցրեց՝ «դո՞ւ ինչ իմացար», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իմացա, որ մինիստրների մեջ էլ են կարգին տղերք պատահում», եւ Ալիկը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «պատմվածքներ ե՞ս գրում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վատ ա, որ մինչեւ հիմի չես իմանում, Արզումանյան ջան», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «հուսով եմ՝ մի օր կկարդամ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ վախտին կարդացած ըլնեիք՝ իշխանությունն էդքան հեշտ չէիք տա սրանց» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց հըլը շատ ուշ չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «գրքերս մի օր կտամ՝ կկարդաս», եւ Վահանն ասաց՝ «հիմի Ալիկը չի կարա գիրք կարդա», եւ Ջավախյանը հարցրեց՝ «խի՞ չի կարա», եւ Վահանն ասաց՝ «որովհետեւ հիմի ժամանակ չունի. հեղափոխությամբ ա զբաղված», եւ Ջավախյանն ասաց՝ «հեղափոխություն չի՝ շարժում ա», եւ Ալիկն ասաց՝ «նախագահի հերթական ընտրություն ա, ու մեր թեկնածուն էլ հաղթելու ա», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ձեր թեկնածուն Լեւոնը չի՞», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «Լեւոնն ա» եւ ժպտալով ավելացրեց՝ «բայց՝ ո՛չ Ջավախյան», եւ Ջավախյանն ասաց՝ «բայց ինքը հըլը չի առաջադրվել», եւ Ալիկն ասաց՝ «հըլը ոչ մեկն էլ չի առաջադրվել», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ինքը թեկնածությունը կդնի՞», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «կարաս չկասկածես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ միայն թեկնածությունն ա դնելու, այլեւ հաղթելու ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ավելի ճիշտ՝ հաղթելու ենք», եւ Ջավախյանը հարցրեց՝ «էդ որ ասում ես հաղթելու ենք՝ կոնկրետ ո՞ւմ նկատի ունես. ո՞վ ա հաղթելու», եւ Ալիկը պատասխանեց ու ասաց՝ «դուք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դու, Արմենն ու Վահանը», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «փաստորեն, դուք կռիվ եք տալու, բայց մենք ենք հաղթելու», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «ըտենց ա ստացվում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, էրկու հոգի կռվում են, բայց երրորդն ա շահում» եւ մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «ըտենց բան հնարավո՞ր ա, Արմո», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էրկու հոգու կռվից միշտ երրորդն ա շահում», եւ Վահանը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «գրող մարդ ես, բայց էդ հասարակ բանը չգիտես», եւ Ալիկը Վահանին հարցրեց՝ «Ջավախյանը ո՞նց գրող ա», եւ Ջավախյանն Ալիկին ասաց՝ «էդ հարցը ոչ թե Վահանին պիտի տաս, այլ՝ ընթերցողներին», եւ Ալիկը քմծիծաղով ասաց՝ «չգիտեմ ոնց գրող ես, բայց էդ անեկդոտը շատ անհաջող պատմեցիր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու շփոթված ասաց՝ «էդ նրանից ա, որ շատ երկար անեկդոտ էր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ էսօր ֆորմի մեջ չեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ես էլ եմ էսօր շատ հոգնած», եւ Վահանն ասաց՝ «շատ երկար անեկդոտ էր», եւ Ալիկը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «էդ անեկդոտը շատ երկար ծամծմեցիր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուզո՞ւմ եք՝ մի հատ կարճը պատմեմ», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «հաճույքով կլսենք», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «ապարանցու մասին ա», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «կարեւորն էն ա, որ երկար չի», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «էս մինը շատ կարճ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «կարճ ա, բայց արդեն երկարացնում ես», եւ Ջավախյանը ժպտալով Ալիկին հարցրեց՝ «պատմե՞մ», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «ուշադիր լսում ենք», եւ Ջավախյանը ժպտալով պատմեց՝ «ապարանցուն նշանակում են որբանոցի տնօրեն, հաջորդ օրը ծնողական ժողով ա հրավիրում», եւ բոլորս ծիծաղեցինք, եւ Վահանը ծիծաղելով Ջավախյանին ասաց՝ «էս մեկը ավելի հաջող պատմեցիր», եւ Ջավախյանը Վահանին հարցրեց՝ «կարող ա՞ էս մինն էլ ա Արմոն գրել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «չեմ գրել, բայց կգրեմ», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «մինչեւը դու գրես՝ ես ավելի շուտ կհասցնեմ», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «լավ անեկդոտ էր, բայց շատ դաժան էր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր էս կյանքում դաժանն ու ծիծաղելին իրարից անբաժան են, Արզումանյան ջան» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ ձեր ասածն էլ ա համ ծիծաղելի, համ էլ՝ դաժան», եւ Ալիկը հարցրեց՝ «մեր ո՞ր ասածը», եւ Ջավախյանն ասաց՝ «էդ որ ասում եք՝ էրկու հոգի իրար դեմ պայքարում են, բայց երրորդն ա շահում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ երրորդը պիտի շահի, էլ ինչի՞ իզուր պայքարի մեջ մտնեմ, Արզումանյան ջան», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քո գործն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն մարդ իրա խղճով պիտի առաջնորդվի», եւ Ջավախյանը ժպտալով Ալիկին ասաց՝ «ընենց որ՝ ինձանի նեղանաս ոչ, Արզումանյան ջան», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «քեզանի նեղանալ չտեմ, Ջավախյան ջան», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «կարող ա՞ դու էլ ես լոռեցի, ադա», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «ուզում ես ասես՝ շաշ ե՞մ», եւ Ջավախյանը լրջանալով ասաց՝ «էդ արդեն անձնական վիրավորանք ես հասցնում. ուզում ես ասես՝ լոռեցիք շաշ ե՞ն», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «լոռեցիք՝ չգիտեմ, բայց էսօր համոզվեցի, որ գրողներն են շաշ» եւ Վահանին նայելով ավելացրեց՝ «ես գիտեի՝ Վահանը ժուռնալիստ ա, բայց պարզվում ա՝ ինքն էլ ա գրող», եւ Վահանը զարմացած հարցրեց՝ «որտեղի՞ց գիտես», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «կարդացել եմ», եւ Վահանը զարմացած հարցրեց՝ «որտե՞ղ ես կարդացել», եւ Ալիկն ասաց՝ «կալանավայրում» եւ ժպտալով ավելացրեց՝ «Վիոլետի ժուռնալի մեջ մի քանի հատ պատմվածք էիր տպել», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «բերդում Վիոլետի ժուռնալը կա՞ր», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «էդ ժուռնալը Մելիսան էր ուղարկել», եւ Վահանը հարցրեց՝ «ո՞ր պատմվածքներն էին», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «մեկի մեջ իմ ու քո մասին ահագին սուտ բաներ էիր գրել», եւ Վահանը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչն էր սուտ», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «դե լավ, շատ չխորանանք», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «բա որ Արմոյի ստե՜րը կարդաս», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «Արմենի ստերից էլ եմ մի քանի հատ կարդացել. Մելիսան «Առավոտ» էլ էր ուղարկում», եւ Ջավախյանը նեղացած ասաց՝ «պարզվում ա՝ սաղին կարդացել ես՝ ինձանի բացի», եւ Ալիկը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «հուսով եմ՝ մի օր էդ բախտին էլ կարժանանամ», եւ Վահանն Ալիկին ասաց՝ «էդ բախտին դժվար թե արժանանաս», եւ Ջավախյանը Վահանին ասաց՝ «կարամ գրքերս նվիրեմ Արզումանյանին՝ կարդա», եւ Վահանը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «նվիրես էլ, մեկ ա՝ չի կարդալու», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «խի՞ չի կարդա», եւ Վահանը ժպտալով ասաց՝ «որովհետեւ ինքն առաջիկայում կարդալու ժամանակ չի ունենալու. առավոտից իրիկուն հեղափոխությամբ ա զբաղված ըլնելու», եւ Ալիկն ասաց՝ «ոչ թե հեղափոխությամբ, այլ՝ ընտրարշավով», եւ Վահանն ասաց՝ «ընտրություններով ոչ մի բանի չեք հասնի», եւ Ալիկն ասաց՝ «քեզ ա թվում», եւ Վահանը ժպտալով ասաց՝ «ամեն դեպքում՝ Ջավախյանի գրածները կարդալու ժամանակ չես ունենա», եւ Ջավախյանը Վահանին ասաց՝ «հեղափոխությունը հո հավերժական չի՞. մի օր պրծնելու ա, չէ՞», եւ ես ասացի՝ «հեղափոխությունը մինչեւ չի հաղթում՝ չի պրծնում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տա Աստված՝ շուտ հաղթեն, որ շուտ պրծնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել