Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են լռում արհմիությունները

Հուլիս 25,2009 00:00

Արհմիութենական գործիչների կարծիքով, Հայաստանում ոչ բարքերը, ոչ օրենքը, ոչ էլ կառավարությունը չեն նպաստում արհմիությունների ակտիվացմանը:

Հայաստանում քաղաքական պայքարի թեժ փուլում շատ գործատուներ իրենց աշխատողներին սպառնում են հեռացնել աշխատանքից, եթե նրանք գնան գործատուի համար ոչ համակրելի ուժի կամ գործչի հրավիրած հավաքին կամ հանդիպմանը: Արհեստակցական միությունները՝ արհմիությունները, լռում են: Հայաստանում կան գործատուներ, որ իրենց ձեռնարկություններում աշխատող կանանց արգելում են հագնել կարճ շրջազգեստ կամ տաբատ, ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակներում: Արհմիությունները լռում են: Ընդհանրապես ողջ աշխարհում արհմիությունները ուժ են, Լեհաստանում արհմիութենական շարժման ներկայացուցիչ Լեհ Վալենսան դարձավ նախագահ: Ինչո՞ւ են պասիվ Հայաստանի արհմիությունները: Այս թեմայով է մեր զրույցը Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանի եւ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի արհմիության նախագահ Հասմիկ Սարգսյանի հետ:

Գառնիկ Վաղարշակյանը նկատեց, որ եթե գործատուն խախտում է աշխատողի իրավունքը, լինի դա որոշակի հագուստ կրելը արգելելու կամ այլ դրսեւորմամբ, ապա հարկ է դիմել հենց այդ կազմակերպության արհմիությանը: Բայց՝ «եթե մարդու հագուստը չի ազդում մասնագիտական գործընթացի եւ պարտականությունների կատարման վրա, հագուստի ընտրության սահմանափակում չի կարող լինել»: Հասմիկ Սարգսյանն էլ նկատեց, որ հագուստ կրելու իրավունքը չի կարելի սահմանափակել: Բայց, մյուս կողմից, օրինակ, դասախոսի կամ մանկավարժի հագուստը պետք է լինի վայելուչ, քանի որ «նա լսարան է մտնում եւ սերունդ է կրթում, ճաշակ ձեւավորում»:

Ըստ Գառնիկ Վաղարշակյանի, հարկ է, որ հասարակության ամեն անդամ, ամեն քաղաքացի պաշտպանի իր իրավունքները եւ եթե չհաջողի՝ նոր միայն միջամտի արհմիությունը: Բայց այսօր մեր քաղաքացիները, մեր հասարակությունը պասիվ են եւ կրավորական՝ «նախընտրում են գործընթացներին նայել դիմացի մայթից, կամ դրանց մասին լսել կողքից, քան միջամտել ու մասնակցել»:

Ըստ մեր զրուցակիցների, անկատար է արհմիությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը, կառավարությունն էլ առանձնապես չի մտահոգվում այս հարցով: «Այս տարի, վերջին 15 տարում առաջին անգամ, ՀՀ կառավարությունը, արհմիություններն ու գործատուները պայմանագիր են ստորագրել, որի դրույթների պահպանման եւ որի զարգացման պարագայում արհմիությունների իրավունքներն էլ կհարգվեն:

Այսօր ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը թույլ չի տալիս, որ արհմիությունների ձայնը ամբողջությամբ լսելի լինի: Ըստ օրենսգրքի, 3 հոգին կարող են գրանցվել եւ արհմիություն ձեւավորել: Բայց ի՞նչ կարող են անել 3 հոգին հազար հոգանոց կոլեկտիվում: Դրանով թուլացել է արհմիության դերը: Այ եթե լիներ 30 կամ 300 հոգի՝ այլ հարց, դա ուժ կլիներ: Արհմիութենական գործիչը պետք է կարողանա այլոց, համախմբված շահերի համար հանդես գալ: Մենք այդ տեսակի լուրջ պակաս ունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել