Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՌԵՀԻԿ ԴՈՆ ԺՈՒԱՆ

Օգոստոս 05,2009 00:00

Երաժշտագետ Թամար Հովհաննիսյանի մեկնաբանությունները՝ պրեմիերայի առիթով

Օրերս Ազգային օպերային թատրոնում կայացավ Մոցարտի՝ շուրջ 200 տարի աշխարհի բեմերից չիջնող «Դոն Ժուան» օպերայի պրեմիերան՝ նոր մեկնաբանությամբ: Բեմադրիչն ու նկարիչն է Իրինա Գաչեչիլաձեն: Այս առիթով մշակութասեր հանրությունն ալիքվեց տարակարծիք, հիմնականում քննադատական տպավորություններով: Բեմադրության կապակցությամբ մասնագիտական կարծիք լսելու ակնկալիքով «Առավոտը» դիմեց երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Թամար Հովհաննիսյանին:

Երաժշտագետի տպավորությունները հստակորեն կիսվում է 2 մասի, որոնք ընդգրկում են ներկայացման 2 հիմնական ոլորտները՝ բեմադրական եւ երաժշտական:

«Ստանիսլավսկին ասել է, որ թատրոնն սկսվում է հանդերձասրահից, ճիշտ կլիներ նաեւ վավերել, որ թատրոնը սկսվում է տվյալ ներկայացման ազդագրից: Այս ներկայացման որոշ շերտերում առկա գռեհկության, ցածրաճաշակության, էժանագին էֆեկտներին ձգտող միտումը նախեւառաջ երեւաց ներկայացման ազդագրում: Ընդհանրապես, մերկությունը տգեղ չէ: Մարդկային կուլտուրան Վերածննդից (եւ դեռ ավելի վաղ՝ հեթանոսական ժամանակներից) ունի բազում օրինակներ՝ ձոներգող մարմնի գեղեցկությունը, մերկության հմայչությունը: Տգեղը՝ այդ մերկությունը տեսնելու, մեկնելու եւ մատուցելու ձեւերի մեջ է, ինչին եւ զգալի չափով առնչվեցինք ներկայացման մեջ՝ սկսյալ ազդագրից: Գռեհկության դրոշմն էր իշխում նաեւ բեմի էկրանին ցուցադրվող պոդիումի վրա. կանանց «շքերթը»՝ «sexy» խորհրդանիշի ներքո: Եվ ավելի գռեհիկ, կենցաղայնորեն էժանագին էր «խոհանոցի» տեսարանը, որտեղ չնայած մոցարտյան հանճարեղ երաժշտությանը, ասես «քյաբաբ-խորովածի ճենճահոտ» տարածված լիներ: Տգեղ եւ ոչ բեմական էր վերջին տեսարանում ծննդկանի՝ անհաջող նատուրալիզմով հագեցած պատկերը: Ներկայացման ամբողջական կառույցից դուրս էին տարբեր դարաշրջանների պատկանող (գոթականից մինչեւ ժամանակակից քաղաքի տեսարանը), որոշ դեպքերում լիբրետտոյի բուն ասելիքին աններդաշնակ դեկորները, նաեւ իբր խորհրդանշական, սակայն իրականում կոպիտ ու գռեհիկ պոչերն ու պոզերը, որոնցով «զարդարված» էին գլխավոր հերոսները»,- հայտնեց տիկին Հովհաննիսյանը: Հավելեց նաեւ, որ բեմադրական-ռեժիսորական իմաստով հավուր պատշաճի ուշադրություն չէր դարձվել դերասանական խաղին, ինչի առումով հատկապես տուժել է Դոն Ժուանի կերպարը: «Ո՛չ լիբրետտոյի հեղինակի իմաստային ենթաշերտերում, ո՛չ մոցարտյան երաժշտական մարմնավորման մեջ, որը հագեցած է խոր հոգեբանական լուծումներով, եւ ո՛չ էլ մարդկային-իրական կերպար եւ արու տեսակ Դոն Ժուանը, բնավ ու երբեք այդքան պրիմիտիվ-պարզունակ, անհոգի-անմիտ, ամբողջապես իր սեռին գերի մարդկային արարած չի եղել…»,- փաստեց տիկին Հովհաննիսյանը:

Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ, օրինակ, 2-րդ գործողության մեջ գրավիչ էին էկրանին երեւացող երեւակայական-տեսլական մերկ կանանց կերպարները, որոնք Վերածննդին բնորոշ արտաքին մարմնավորմամբ դանդաղորեն սահում են ամպերի միջով: Ինչ վերաբերում է ներկայացման երաժշտական «մասին», մասնագետի տպավորությունն անհամեմատ դրական էր: Թ. Հովհաննիսյանը նշեց, որ, անշուշտ, կան նեղ մասնագիտական դիտարկումներ, սակայն դրանք բնավ չեն արժեզրկում ընդհանուր դրական գնահատականը եւ մյուս կողմից հանդիսանում են առանձին վերլուծության նյութ: Երաժշտագետը հատկապես առանձնացրեց թատրոնի նվագախմբի եւ երգչախմբի վայելուչ կատարողականությունը (դիրիժոր եւ խմբավար՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Կարեն Դուրգարյան եւ Կարեն Սարգսյան), բոլոր մասնակիցների ձայնային տվյալների չափով՝ վոկալ դպրոցին տիրապետելու եւ երաժշտական կերպար ստեղծելու ձիրքը, անսամբլային երգեցողության նուրբ զգացողությունը:

Ամփոփելով ասենք, որ ոչ ոք դեմ չէ նորարարությանը արվեստում, որքան էլ այն համարձակ եւ յուրօրինակ լինի: Սակայն միանշանակ է, որ ցանկացած նորամուծություն, առավել եւս՝ երբ խոսքը թատերական ժանրի մասին է, իր բոլոր բաղկացուցիչ տարրերով պիտի ներդաշնակվի հեղինակային իմաստային- հոգեբանական եւ գեղագիտական համատեքստին: Ինչը, չնայած բեմադրական անկեղծ ջանքերին, ցավոք, գրեթե բացակայում էր հիշյալ ներկայացման մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել