Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈԼՅԱՐԻՆ ՔԱՂՑԿԵՂ ՉԻ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Օգոստոս 08,2009 00:00

Այն հակացուցված է միայն կլաուստրոֆոբիայով տառապողներին

«Սոլյարին քաղցկեղի բույն չէ եւ ոչնչով չի սպառնում առողջությանը,- վստահեցնում է Երեւանում գործող սոլյարի սրահներից մեկի աշխատակցուհին եւ նկատում:- Եթե, իհարկե, այն չչարաշահվի……» (մեր զրուցակցի անունն իր ցանկությամբ չենք նշում):

«Դեռեւս 20-րդ դարում Կոկո Շանելն իր ցուցադրության ժամանակ ցնցեց ներկաներին, սակայն ոչ իր նոր հավաքածուի շքեղությամբ եւ յուրօրինակությամբ, այլ իր մարմնի գույնի փոփոխությամբ. ցուցադրության նախօրեին անցկացրած հանգստի ժամանակ նա արեւահարվել էր եւ ստիպված այդպես բարձրացել էր պոդիում: Սոլյարի առաջին անգամ կիրառվել է սրանից 25 տարի առաջ: Այս տարիների ընթացքում սոլյարին կարծես դարձել է հարուստ կյանքի խորհրդանիշ: Միայն Նահանգներում այժմ գործում է 40.000 սոլյարիի սրահ»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա փոխանցմամբ, սոլյարին դեռ հին հունական ժամանակներից է գալիս: Հին Հունաստանում, բացի արեւահարվելուց, մարդու մաշկի գույնը մգեցնելու համար հատուկ արեւային լոգանքներ էին ընդունում. «Շատերն, իհարկե, դեմ են արհեստական արեւայրուքին եւ անհիմն հայտարարություններով են հանդես գալիս՝ իբր այն քաղցկեղի առաջացման պատճառ կարող է լինել: Սոլյարին վտանգավոր չէ, եթե այն չչարաշահվի: Բնական արեւայրուքն իրականացվում է առանց մեր ղեկավարման. ուլտրամանուշակագույն ճառագայթները չեն կարգավորվում: Այդ ճառագայթները երեքն են՝ a, b եւ c: Իսկ երբ սոլյարի ենք մտնում, այն կողմնորոշված է, ճառագայթների ազդեցությունն էլ՝ չափավոր քանակի: Այնքան համաչափ է a եւ b ճառագայթների համադրությունը, որ օրգանիզմին չեն վնասում, այդ ճառագայթների ուղղորդվածությունը կարգավորված է: Երբեք այրվածք չի առաջացնի, ի տարբերություն արեւի տակ երկար մնալուն: Արեւը այրվածքներ է տալիս, որը հետո կետերի, բլթիկների, մաշկի պլոկվածության պատճառ է հանդիսանում: Սոլյարիի ժամանակ նմանատիպ ոչինչ չի սպառնում»:

Ըստ մեր զրուցակցի՝ սոլյարին պետք է սկսել կուրսով: Այն ունի իր աստիճանական հասունացումն ու զարգացումը. «Սկսվում է 5 րոպեից, բայց քանի որ մեր ազգը մի փոքր թուխ է, չունենք ռուսական, սլավոնական մաշկ, դրա համար երբեմն հաճախորդներին առաջարկում եմ յոթ րոպեից սկսել, եթե ուզում են, որ մաշկի գունային փոփոխությունը միանգամից լինի: Առաջին 7 րոպեից հետո մեկ օր պարտադիր դադար ենք տալիս, որպեսզի պարզենք, թե մաշկն ինչպես է ընդունում ուլտրամանուշակագույն ճառագայթները, չնայած, որպես օրենք, ռեակցիա չի լինում: Երկրորդ անգամ 5 րոպեն դառնում է 10 եւ այդպես մինչեւ 25 րոպե: Առավելագույնը 25 րոպեն է»:

Հարցին, թե ի՞նչ ազդեցություն է ունենում սոլյարին մարդկանց առողջության վրա, մասնագետն ասաց. «Թվում է, թե սոլյարիից հետո մարդիկ պետք է գլխացավ ունենան, դիմադրողականությունը թույլ լինի, բայց ոչ մի նման բան չի լինում: Սոլյարին հակացուցված է միայն կլաուստրոֆոբիայով տառապող մարդկանց»:

Ըստ մեր զրուցկացի, մեկ կուրսի արդյունքում մաշկի գույնը պահպանվում է մինչեւ 6 ամիս: Նա նաեւ նշեց, որ սոլյարին հակացուցված չէ մաշկային խնդիրներ ունեցողներին եւ ավելացրեց, որ ընդհակառակը՝ խորհուրդ է տրվում, քանի որ սոլյարիի ճառագայթները մաքրում են մաշկը:

Հայտնի է, որ կոնկրետ Հայաստանում հնարավորություն ունենք օգտվել ուղղահայաց եւ հորիզոնական սոլյարիի սարքերից, որոնց տարբերության մասին էլ մեր զրուցակիցը ասաց. «Հորիզոնական դիրքով սոլյարիները ավելի անապահով են, քան ուղղահայացները: Տարբերությունն այն է, որ ուղղահայաց սոլյարիների տարածությունը մեծ է, շարժվելու հնարավորությունը՝ ավելի շատ: Հորիզոնական դիրքով սոլյարիները նախատեսված են մարմնի գույնը երկու կողմից մգեցնելու համար, այսինքն՝ եթե կուրսը 10 րոպե է, նշանակում է 5 րոպե պետք է պառկել մեջքով, 5 րոպե՝ հակառակը, բայց դա չի ապահովում մարմնի համաչափ սեւացում»:

Ինչ վերաբերում է հայուհիների՝ սոլյարիից օգտվելու հաճախականությանն ու ակտիվությանը, մեր զրուցակիցը հավելեց, որ վերջին շրջանում այն մեծ մասսայականություն է սկսել վայելել ոչ միայն աղջիկների, այլ նաեւ տղաների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել