Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլ ելք չունենք»

Սեպտեմբեր 09,2009 00:00 Share

Արշակ Սադոյանն էլ է Վանա լիճն ուզում, բայց այս պահին նման պահանջը համարում է «ռոմանտիկ հիմարություն»:

«Միայն «հողերը» գոռալով հնարավոր չէ դրանք հետ վերադարձնել: Եթե մենք սահմանային պահանջներ չենք դնում եւ փոխարենն էլ պահանջում ենք, որ Ղարաբաղի հետ կապված հարցերում պահանջներ չդրվեն, ուստի այսօրվա դրությամբ այլ ելք չկա, քան բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ»,- հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին ասում է արմատներով վանեցի, Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը՝ սրտի խորքում փայփայելով Վանա լիճը Հայաստանին վերադարձնելու հույսը: Հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու եւ սահմանները բացելու հավելյալ դրդապատճառը, մեր զրուցակցի համար, նաեւ տարածաշրջանային, տնտեսական, կոմունիկացիոն խնդիրների լուծումն է: Նախաստորագրված արձանագրություններում նա ԼՂՀ-ի համար վտանգներ չի տեսնում: Ինչ վերաբերում է սահմանների ճանաչմանը եւ Կարսի պայմանագրին, ապա «այդ հարցն ուղղակիորեն արձանագրություններում ամրագրված է, որը հետագայում կարող է հարաբերությունների բարելավման հիմք ծառայել: Հաշվի առնելով մեր ռեալ հնարավորությունները՝ մարդկային, ֆինանսական, աշխարհաքաղաքական, մենք հիմա Թուրքիային հազիվ թե կարողանանք հողային պահանջներ առաջադրել, ու նույնիսկ նման պահանջ առաջադրելը կլինի ռոմանտիկ հիմարություն: Հետագայում՝ կարող է, զարգացումները ցույց կտան: Հիմա ուզենք, թե՝ ոչ, պիտի գնանք հարաբերությունների բարելավման: Դա կլինի օգտակար քայլ: Գուցե բարոյահոգեբանական տեսակետից այն չէ, բայց պրագմատիկ քաղաքականության տեսակետից ճիշտ է»:

Մեկնաբանելով ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մանդատներից հրաժարվելու փաստը, Սադոյանն առաջինին «մարդկայնորեն» հասկանում է, քանի որ 1996-ին ինքն «այդ գետը մտել է»: Բայց նախկին պատգամավորն ունի հետեւյալ վերապահումը. «Ի՞նչ է, Խաչատուր Սուքիասյանը չգիտե՞ր, թե ովքեր են խորհրդարանում, ինչպիսի՞ խորհրդարան է, հիմա նոր, այս դեպքերից հետո՞ հասկացավ»: Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարումն էլ մանդատից նորմալ է համարում. «Ամբողջ կյանքում դրոշի մոտ կանգնած, երազանքներով ապրած մարդը հազիվ թե համաձայներ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման այս ուղղությանը»: Բայց քանի որ այս հրաժարականները տրամագծորեն տարբերվող դրդապատճառներ ունեն, մեր զրուցակիցը շղթայական ռեակցիայի եւ դրա հետեւանքով քաղաքական դաշտի արմատական փոփոխության առիթ չի տեսնում: «Հայաստանում քաղաքականությունը կարծես դարձել է ամենահին՝ անբարոյականության արվեստը, եւ արմատական լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա: Բայց դրանք հազիվ թե հիմա լինեն: Զարգացումներ, որոնք այս տարի կամ հաջորդ տարվա սկզբներին մեծ տեղաշարժերի կբերեն, չեմ տեսնում»,- կարծում է պարոն Սադոյանը: Ամեն դեպքում, նմանատիպ համարձակ քայլերի ընդունակ պատգամավորներին նա կոչ է անում իր հետ մեկտեղ մասնակցություն ունենալ քաղաքական բնականոն սերնդափոխության ապահովման գործին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել