Լրահոս
Օրվա լրահոսը

Թվերը կառավարո՞ւմ են մեր կյանքը

Սեպտեմբեր 16,2009 00:00

Պետք չէ դառնալ թվերի գերին

Բոլոր ժամանակներում էլ մարդիկ զանազան նախապաշարումներ են ունեցել, որոնք վերագրվել են նաեւ թվերին: Որոշ թվեր համարվում են «անհաջող», եւ դրանց հանդեպ շատերը, կարելի է ասել, զգուշություն են ցուցաբերում: Այդ թվերից են 13-ը, 6-ը եւ ամենից շատ՝ 666-ը: Իսկ թե ինչու է 13-ը համարվում անհաջող թիվ, ոչ ոք միանշանակ չի կարող ասել, սակայն գոյություն ունեն շատ վարկածներ: Համաձայն դրանցից մեկի՝ Քրիստոսի տասներկու աշակերտներից հետո հայտնվել է 13-րդը՝ Լոկին: Դրանից հետո նա դարձել է ահավոր չար եւ շատ անհաջողությունների պատճառ է դարձել: Ոմանք 13 թվի նկատմամբ իրենց նախապաշարումը բացատրում են նրանով, որ խորհրդավոր ընթրիքը նախատեսված է եղել 13 հոգու համար, եւ ներկաներից 13-րդը եղել է Հուդան: Իսկ ամսի 13-ի եւ ուրբաթ օրվա համընկնումը համարվում է ամենաանհաջողը: Քրիստոնյաները ուրբաթ օրը համարել են շաբաթվա ամենաանհաջող օրը: Դա բացատրվում է նրանով, որ հենց ուրբաթ օրն է խաչվել Քրիստոսը: Իսկ ըստ մահմեդականների՝ Ադամը ստեղծվել է ուրբաթ օրը, հենց ուրբաթ օրն են Ադամն ու Եվան համտեսել արգելված պտուղը եւ ուրբաթ օրն էլ մահացել են:

«Անհաջող» թվերի թեմայի վերաբերյալ զրուցեցինք Արեւշատի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի հետ: Քահանայի խոսքերով. «Շատերի մոտ տարածված է այն թյուր կարծիքը, որ խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հուդան 13-րդն է եղել, բայց նայած, թե ինչպես են հաշվում: Եթե հակառակ կողմից հաշվեն՝ նա կլինի առաջինը: Ինչ վերաբերում է ուրբաթ օրվան, այն եկեղեցու նվիրական օրերից մեկն է՝ պահոց օր է: Եվ ուրբաթ օրը քրիստոնյայի համար պետք է լինի ոչ թե վախի, այլ նվիրումի օր»:

13 թվի հանդեպ սնահավատությունը լայն տարածում ունի նաեւ Եվրոպայում, Ամերիկայում: Օրինակ, Անգլիայում շենքերի 13-րդ հարկը բնակելի չէ եւ համարվում է տնտեսական: Վերելակում 13-րդ կոճակը չկա, չկան նաեւ 13 համարի երթուղայիններ: Քրիստոնյաների շրջանում լայնորեն տարածված է նաեւ սնահավատությունը 666 թվի նկատմամբ: Շատերի կարծիքով՝ 666-ը սատանայի թիվն է:

«Աստվածաշնչում 666-ը նեռի՝ սատանայի ճանաչման միջոց է, սակայն այդ թիվը, որպես այդպիսին, Աստվածաշնչից դուրս ոչինչ չի նշանակում: Եվ 6 թվի հետ առնչված ամեն ինչ չէ, որ պետք է կապել սատանայի հետ: Այդ դեպքում Աստվածաշնչից էլ պետք է պատռել 666-րդ էջը՝ համարելով այն սատանայի էջ: Իմ ծանոթներից մեկը չպսակադրվեց, քանի որ պսակադրությունը նշանակված էր հունիսի վեցին, որը նաեւ ուրբաթ էր: Այսինքն՝ վեցերորդ ամսվա վեցերորդ օրը, որը նաեւ շաբաթվա վեցերորդ օրն էր: Չպետք է թույլ տալ, որ թիվն իշխանություն ունենա քեզ վրա եւ ոչ մի դեպքում չպետք է դառնալ թվի գերին»,- հավելեց տեր Շմավոնը:

Մեր հարցումները ցույց տվեցին, որ երեւանցիներից շատերի կարծիքով՝ անհաջողություն բերող թվերի կողքին կան նաեւ այնպիսիները, որոնք հաջողություն են բերում: Դրանք են՝ 3-ը, 7-ը եւ 8-ը:

Դառնալով հաջողակ թվերին, քահանան ասաց, որ, օրինակ, 3 թիվն Աստվածաշնչում խորհրդանշում է Սուրբ երրորդությունը, իսկ 7-ը համարվում է Աստծո թիվը, քանի որ Աստված ստեղծեց աշխարհը եւ 7-րդ օրը հանգստացավ:

Թվերի հետ կապված իր դիտարկումները ներկայացրեց նաեւ աստվածաբան Հրաչյա Ավետիսյանը: Ըստ նրա. «Թվաբանությունը կարծես թե կառավարում է մեր ողջ կյանքը, որովհետեւ մեր կյանքում ամեն ինչ հաշվարկված է: Աշխարհում ոչինչ պատահական չէ, քանի որ Աստված ամեն ինչ հաշվարկով է ստեղծել, ինչն էլ շատ խորը թվաբանություն է: 1-ը, օրինակ՝ աստվածային թիվ է եւ խորհրդանշում է Սուրբ երրորդության մեկությունը: 2-ը վկայության թիվն է. մեկի հետ միշտ պետք է լինի երկրորդը՝ որպես վկա, որպեսզի հավատան նրան: 3-ը խորհրդանշում է աստվածային երրորդությունը: 4-ը, ինչպես նաեւ 40-ը եւ 400-ը, փորձության թվեր են. 400 տարի Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսի լծի տակ էր, 40 տարի անապատի մեջ էր: 5-ը, 50-ը շնորհքի թիվն է. Հիսուսի համբարձումից 50 օր հետո Սուրբ Հոգին իջավ երկրի վրա՝ վերնատուն, ուր նստած էին Հիսուսի աշակերտները: Եվ Սուրբ Հոգին սկսեց աշակերտների միջոցով գործել: 6-ը մարդու թիվն է. Աստված 6-րդ օրը ստեղծեց մարդուն: 7-ը կատարելության թիվն է. այդ օրն Աստված հանգստացավ, քանի որ արդեն իր գործը կատարյալ էր: 8-ը Հիսուս Քրիստոսի թիվն է. հորիզոնական 8-ը հավիտենականության խորհուրդ ունի… Նշեմ, որ ողջ Աստվածաշունչը հիմնված է թվային ծածկագրերի վրա, որոնք մինչ այժմ անհնար է լիարժեք վերծանել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել