Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, ԱՌԱՆՑ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ»

Սեպտեմբեր 29,2009 00:00

\"\"Ասում է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը

– Պարոն Մանուկյան, ինչպես հայտնի է՝ նախաստորագրված հայ-թուրքական Արձանագրությունները պարունակում են դրույթ խորհրդարանների կողմից դրանք վավերացվելու մասին: Սա նոր երեւույթ է հայ դիվանագիտության պատմության մեջ, քանի որ նախկինում երբեւէ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին պայմանագրերը չեն վավերացվել ԱԺ-ում: Սա ընդունվա՞ծ կարգ է միջազգային իրավունքում:

– Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրությունները խորհրդարանների կողմից վավերացվելու պայման չեն նախատեսում: Նման հայտարարություն առկա է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների օգոստոսի 31-ի մամլո հաղորդագրությունում: Ի՞նչ են նկատի ունեցել կողմերը նման հայտարարություն անելիս: Վիեննայի կոնվենցիաների համաձայն, վավերացում են պահանջում այն պայմանագրերը, որոնք նախատեսում են նման պայման կամ որոնք ստորագրվում են պետության ներկայացուցչի կողմից նման պայմանով: Թե ո՞ր պայմանագրերն են ենթակա վավերացման՝ որոշում են պետություններն իրենց ներքին օրենսդրությամբ: Հարցը հավանաբար առաջանում է այն փաստի հաշվառմամբ, որ Հայաստանի անկախացումից հետո որեւէ պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պայմանավորվածությունը չի վավերացվել հայոց խորհրդարանում: Սակայն պետք է նկատի ունենալ երկու հանգամանք: Առաջինը, սույն Արձանագրությունները, բացի դիվանագիտական հարաբերությունների հաստատման դրույթից, պարունակում են պետությունների մի շարք այլ հռչակագրային եւ իմպերատիվ բնույթի պայմանավորվածություններ: Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը, որոնք, մասնավորապես, ունեն քաղաքական բնույթ: Իրենց էությամբ ավելի քաղաքական պայմանագրեր, քան Հայաստանի համար խնդրո առարկա Արձանագրություններն են՝ դժվար է պատկերացնել: Երկրորդ, Սահմանադրությունը նախատեսում է եւս մի դեպք, երբ միջազգային պայմանագիրը ենթակա է վավերացման խորհրդարանում: Սա այն դեպքն է, երբ բուն միջազգային պայմանագիրն է նախատեսում վավերացման ընթացակարգ: Արձանագրությունների դեպքում Հայաստանն ու Թուրքիան գնացել են այս ճանապարհով: Կարելի է ենթադրել, որ պայմանագրերի ստորագրության համար ներկայացվելիք վերջնական տեքստում նման պայման նախատեսված կլինի:

– Իսկ ինչպիսի՞ն կարող են լինել ԱԺ-ում այդ Արձանագրությունների վավերացման հետեւանքները:

– Միջազգային իրավունքի տեսանկյունից ԱԺ-ում վավերացումը պայմանագրի կնքման վերջնակետն է եւ կնշանակի պայմանագրի իմպերատիվության կամ պարտադիրության մասին պետության համաձայնություն: Վավերացումից հետո այդ Արձանագրությունները կդառնան մեր օրենսդրության անբաժանելի մասը եւ պարտադիր կլինեն բոլորիս համար: Ես կարծում եմ՝ մեր երկրի համար առավել կարեւոր հարց է այսօր ոչ թե այն, թե ինչ կլինի Հայաստանի Ազգային ժողովում այս Արձանագրությունների վավերացման հետեւանքը (ինչը, իմ կարծիքով, պարզ է եւ կանխատեսելի), այլ ինչպիսին կլինի Թուրքիայի խորհրդարանի վարքագիծն այս հարցում: Չափազանց կարեւոր է այս հարցում Թուրքիայի խորհրդարանի դիրքորոշումը: Եթե վավերացման պարագայում պրոցեսները կանխատեսելի են, ապա հակառակ պարագայում բազում հարցականներ են ծագում: Շատ կարեւոր է պատրաստ լինել արդեն իսկ ստորագրված Արձանագրությունների հնարավոր չվավերացման հետեւանքներին Թուրքիայի Մեծ ազգային ժողովի (Միլլի Մեջլիսի) կողմից: Ինչպիսի՞ հետեւանքներ կարող են վրա հասնել այս դեպքում, ինչպիսի՞ն պետք է լինի հայկական դիվանագիտության պատասխանն այս քայլին: Սրանք խնդիրներ են, որոնց լուծումները մեզ համար պիտի պատրաստ լինեն մինչեւ հոկտեմբերի 10-11-ը: Սա այն օրն է, երբ, ըստ Թուրքիայի վարչապետի հայտարարության, պիտի քննարկում լինի թուրքական խորհրդարանում:

– Արդյոք, Ձեր կարծիքով, կա՞ն նախապայմաններ այս Արձանագրություններում:

– Չի կարող լինել պայմանագիր, որտեղ չկան պայմաններ կամ նախապայմաններ: Ասենք՝ խորհրդարանների կողմից Արձանագրությունների վավերացումն էլ է պայման: Հարցն այն է, թե որքանով են հայանպաստ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այս փաստաթղթերով: Պետք է հիշել նաեւ, որ չկան անելանելի իրավիճակներ: Դիվանագիտությունը հնարավորությունների արվեստ է եւ ցանկացած անելանելի թվացող իրավիճակից պետք է փորձել գտնել հաջողված լուծումներ: Կարծում եմ, որ ավելորդ չի լինի մեզ համար որոշակի զգուշավորությունը հատկապես «փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն» վարելիս: Արձանագրությունների վավերացման դեպքում հայ դիվանագետներին եւ փորձագետներին բարդ աշխատանք է սպասվում: Ըստ իս, պատմական հարթությամբ զբաղվելիք ենթահանձնաժողովում հայկական կողմի պնդմամբ պիտի ներգրավվեն նաեւ այն երկրների փորձագետները, որոնք պետական մակարդակով ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Չէ՞ որ այս երկրները մինչեւ իրենց գործադիր եւ օրենսդիր մարմինների կողմից նման ճանաչումը՝ բազմակողմանիորեն քննարկել են այդ պատմական իրադարձությունները, այդ թվում եւ՝ հատկապես իրենց պատմաբան փորձագետների մասնակցությամբ: Վերջապես, այս հարցը դարձել է այդ երկրների ներպետական օրենսդրության մասը եւ նրանք արդեն ոչ թե փորձագիտական, այլ պետական-պաշտոնական դիրքորոշում ունեն Հայոց ցեղասպանության հարցում: Հատկապես կարող է օգտավետ լինել ԵՄ անդամակցող պետությունների փորձագետների մասնակցությունն այս աշխատանքներին:

– «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը պաշտոնապես դիմել է Սահմանադրական դատարան՝ նախաստորագրված հայ-թուրքական Արձանագրությունների սահմանադրականության հարցի վերաբերյալ քննարկում կազմակերպելու նպատակով:

– Սահմանադրական դատարանը քաղաքական բանավեճերի ակումբ չէ: Այն քաղաքական մարմին չէ, ինչպիսին է Ազգային ժողովը, ուր տարատեսակ լսումները եւ քաղաքական քննարկումները խաղի ընդունված կանոն են: ՍԴ-ն իր լիազորությունների եւ գործունեության կանոնակարգի էությամբ եւ իմաստով դատարան է, չնայած նրա քննած հարցերը քաղաքական լուրջ կշիռ պարունակող խնդիրներ են: Հետեւաբար, այս դատարանում հարցի քննություն կարող է տեղի ունենալ միայն համապատասխան դատավարական ընթացակարգով, համապատասխան դիմումի առկայության դեպքում: Նման դիմում կարող է ներկայացնել միայն հանրապետության նախագահը, այն էլ ստորագրված միջազգային պայմանագրի առկայության դեպքում:

– Արդյոք, Սահմանադրական դատարանը պիտի քննարկի՞ այս պայմանագրերը:

– Սահմանադրությունը եւ միջազգային պայմանագրերի մասին օրենքը որեւէ բացառություն չեն նախատեսում Ազգային ժողովի կողմից վավերացվելիք պայմանագրերի՝ Սահմանադրական դատարանում քննության առումով: Սահմանադրության 100 հոդվածի համաձայն, Uահմանադրական դատարանն oրենքով uահմանված կարգով մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների համապատաuխանությունը Uահմանադրությանը: Ակնհայտ է, որ այս պայմանագրերը վավերացման են ներկայացվելու: Հետեւաբար, հանրապետության նախագահը, Սահմանադրության 55 հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի վավերացմանը կարող է ներկայացնել այս միջազգային պայմանագրերը միայն այն դեպքում, երբ կա Սահմանադրական դատարանի «դրական» որոշումը: Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Uահմանադրությանը համապատաuխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել երկու հնարավոր որոշումներից մեկը՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Uահմանադրությանը համապատաuխանող ճանաչելու կամ նման պարտավորություններն ամբողջությամբ կամ մաuամբ Սահմանադրությանը չհամապատաuխանող ճանաչելու մաuին: Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել հայկական կողմի uտորագրած միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը չհամապատաuխանելու մաuին, ապա այդ պայմանագիրը Ազգային ժողովի վավերացմանը չի կարող ներկայացվել:

– Սահմանադրական դատարանը ի՞նչ սկզբունքներով պետք է որոշի այդ պայմանագրերի վավերականությունը: Ի՞նչ նկատի ունի «Ժառանգությունը» Սահմանադրությանը համապատասխանության հարցը պարզելու խնդրի տակ:

– Սահմանադրական դատարանը օրենքի համաձայն նման հարցը քննելիս գործի բոլոր հանգամանքները պիտի պարզի՝ չuահմանափակվելով քննության մաuնակիցների միջնորդություններով, առաջարկություններով, նրանց ներկայացրած ապացույցներով եւ գործում առկա նյութերով: Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Uահմանադրությանը համապատաuխանությունը որոշելիս Սահմանադրական դատարանը պիտի որոշի դրանց բովանդակության համապատասխանությունը Սահմանադրության դրույթներին եւ սկզբունքներին: Այսինքն, իսկապես, ՍԴ-ն այդ համապատասխանությունը որոշելիս իրավական ակտերը, մասնավորապես՝ Սահմանադրությունը, մեկնաբանում է տառացիորեն, չշեղվելով Սահմանադրության ոգուց: Ինչ վերաբերում է Սահմանադրության նախաբանին հղելուն, ապա այստեղ, իմ կարծիքով, նամակի հեղինակները ակնարկում են Սահմանադրության հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին: Այսինքն՝ ակնարկվում է, որ սահմանադրականությունը քննարկելիս Սահմանադրական դատարանը պիտի ստուգի նաեւ Արձանագրությունների համապատասխանությունը Անկախության հռչակագրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել