Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՅՔ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵՆ ՆԱԽ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ

Հոկտեմբեր 10,2009 00:00

\"\"Լարվածությունն ու նյարդային վիճակը նպաստում են անօրգազմիային

Ասում են՝ տղամարդիկ հարաբերությունների ժամանակ մտածում են նախ իրենց հաճույքի, հետո նոր՝ զուգընկերուհուն հաճույք պատճառելու մասին: Երբեմն տղամարդիկ չեն էլ մտածում՝ զուգընկերուհին օրգազմի հասա՞վ, թե՝ ոչ: Հաճախ կանայք ձեւացնում են, թե օրգազմ են ունենում, որովհետեւ ամաչում են բարձրաձայնել: Ըստ մի խումբ գիտնականների, կանանց 92%-ը ռեալ օրգազմ ունեցողներ են, միայն 8-10%-ի մոտ է, որ այդ երեւույթը չի ստացվում: Ըստ գիտնականների, այն կանայք, որոնք օրգազմ չեն ունենում՝ տառապում են անօրգազմիայով:

Իսկ անօրգազմիան հիվանդություն է, «Առավոտի» հետ զրույցում ասաց բժիշկ-սեքսոլոգ Ռուզաննա Ազատյանը: Նրա փոխանցմամբ, անօրգազմիայից հիմնականում գանգատվում են կանայք, քանի որ տղամարդկանց մոտ դա այլ կերպ է. «Անօրգազմիան օրգազմի կամ գրգռման փուլի խանգարումն է: Վերջին տարիներին այս հիվանդությամբ տառապողների թիվն աճել է»:

Ռ. Ազատյանի խոսքով, անօրգազմիան սեռական ակտի հետ անմիջական կապ ունի, եւ ով սեռական կյանքով չի պարում՝ չի կարող ասել՝ ինքը անօրգազմիա ունի՞, թե՝ ոչ: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, անօրգազմիան մեծ տարածում ունի հայ կանանց շրջանում. «Այս հիվանդության պատճառները մի քանիսն են՝ նեյրոֆիզիոլոգիական, հոգեբանական, միջանձնային եւ այլն: Նեյրոֆիզիոլոգիականն այն է, որ որոշակի ֆիզիոլոգիական կենտրոններ կան գլխուղեղում, որոնք պատասխանատու են օրգազմի համար: Այսինքն՝ գրգռման ռեակցիաները ծայրամասից՝ սեռական օրգաններից, տարբեր էրոգեն գոտիներից գնում են մի տեղ, հետո այդ տեղից ռեակցիան դուրս է գալիս՝ դրսեւորվելով օրգազմի ձեւով: Նեյրոֆիզիոլոգիական պատճառները կապ ունեն նաեւ կանանց նյարդային համակարգի հետ. լարվածություն, նյարդային ոչ կայուն վիճակ, սրանք բոլորը նպաստում են անօրգազմիային: Օրգազմը խոցելի ֆունկցիա է կնոջ մոտ, ինչը չես ասի տղամարդկանց համար»:

Ըստ բժշկի, բացի վերը նշված պատճառներից, անօրգազմիայի վրա մեծ ազդեցություն ունեն նաեւ սոցիոկուլտուրալ պատճառները. «Կան հասարակություններ, որտեղ կանանց սեքսուալությունը այնքան էլ չի կարեւորվում, այսինքն՝ կունենա՞ կինը օրգազմ, թե՞ ոչ, կարեւոր չէ: Դրա պատճառը տղամարդկանց սեքսուալության ընդգծումն է. նման հասարակությունն ավելի է կարեւորում տղամարդու սեքսուալությունը: Սա կուլտուրալ ասպեկտն է, այսինքն՝ կախված է հասարակության հայացքներից, կրոնից: Ես շատ եմ առնչվել զույգերի հետ, որոնց մոտ երբ խոսում ես օրգազմի մասին, դա ասոցացվում է մեղքի հետ. այսինքն, ըստ նրանց՝ օրգազմ, հաճույք ունենալը մեղք է: Մեծ դեր ունի նաեւ մարդու դաստիարակությունը, հասարակության վերաբերմունքը դրա նկատմամբ: Սրանք բոլորը խանգարող հանգամանքներ են, եւ կնոջը ստիպում են ոչ լիարժեք հաճույք ստանալ սեռական հարաբերություններից, ինչն էլ բերում է անօրգազմիայի»:

Ինչ վերաբերում է հայ կանանց անօրգազմիային, սեքսոլոգն ասաց, որ առաջին պատճառը հասարակական կարծիքն է. «Անօրգազմիայի խնդրով ինձ շատ են դիմել, երբեմն թաքուն, երբեմն ամուսինների հետ: Եղել են նաեւ դեպքեր, երբ տանն ամաչել են այդ խնդրի մասին բարձրաձայնել ամուսնու մոտ եւ պատճառ են բռնել, իբր սնկային հիվանդություն ունեն եւ դիմել են մեզ անօրգազմիան բուժելու նպատակով: Օրգազմ չունենալը կիսատի զգացողություն է: Դա նույնն է, երբ մի համով բան ուտես եւ կեսից դուրս հանես բերանիցդ, այդ համի հաճույքը մինչեւ վերջ չզգաս: Անօրգազմիա ունեցող կանայք նեւրոտիկ են լինում՝ անկախ իրենց կամքից դառնում են ագրեսիվ, որն ադրադառնում է նաեւ ընտանիքի վրա»:

Ռ. Ազատյանը կարեւորեց նաեւ հոգեբանական պատճառը. «Դրանք ներանձնային հարաբերություններն են: Կան կանանց տիպեր, որոնք շատ դժվար են օրգազմ ունենում: Այսինքն, կան այնպիսի կանայք, որոնք սիրում են անկողնում իրենց զուգընկերոջն ինչ-որ բաներ ցույց տալ: Եվ նրանք, որոնց համար անկողինը բեմ է, իրենք էլ խաղում են, այդպիսի կանայք դժվար են հասնում օրգազմի: Իսկ իրականում օրգազմը ինքնաբուխ ֆունկցիա է, անկառավարելի գործընթաց: Եթե սեռական հարաբերության ժամանակ դու ինչ-որ նոր բան ես ուզում անել, զարմացնող ձեւ մտցնել կամ կառավարել այդ ընթացքը՝ օրգազմը դժվար է լինում: Կա տարածված մի միֆ, եթե կինն օրգազմ չի ունենում, ուրեմն սեքսուալ չէ: Կա կանանց մի տեսակ, որոնք օրգազմ չեն ունենում, բայց ձեւացնում են, միայն թե զուգընկերն իրեն ոչ սեքսուալ չհամարի: Սա փոքրիկ խաբեություն է, իմիտացիա: Երբ մեկ-երկու անգամ օրգազմի իմիտացիա են անում, ինքնաբուխ պրոցեսը կորչում է, որն էլ դառնում է սովորույթ, այսինքն՝ ձեւ են տալիս: Այնքան երկար են ձեւական օրգազմ ունենում, որ մի օր բախվում են անօրգազմիայի խնդրի հետ, գիտակցելով, որ երկար տարիներ այդպես ապրել են օրգազմ չունենալով»:

Ըստ մեր զրուցակցի, անօրգազմիա հնարավոր է լինել նաեւ ամուսնական երկար տարիների արդյունքում. «Նման դեպքերը շատ են. մարդիկ երկար տարիներ ապրում եմ միմյանց հետ, եւ կինը նույնիսկ մեկ անգամ օրգազմ ունեցած չի լինում: Բայց եթե ամուսիններն անկողնում լիարժեք անկեղծ լինեն, խնդրի մասին կինն ասի ամուսնուն, գուցե առանց մասնագետի միջամտության էլ ամեն ինչ վերականգնվի եւ կինն էլ օրգազմ կունենա: Սա հարաբերությունների խնդիրն է, սեքսուալ կոմունիկացիայի բացակայությունն է, այսինքն՝ ավելի ինտիմ հարաբերությունների, ազատ արտահայտվելու եւ անկեղծության պակաս: Անօրգազմիայի խնդիրը դեռեւս բաց չէ, եւ ոչ հասանելի հանրությանը: Դեռ ոչ բոլորն են համարձակվում գալ, անկեղծանալ, բժշկին ասել՝ ես օրգազմ չեմ ունենում: Բայց պետք չէ մոռանալ, որ դա հիվանդություն է եւ այն հնարավոր է բուժել: Սակայն միայն կնոջ միջոցով անօրգազմիան չի բուժվի: Մեր կանայք սեռական հարաբերության ժամանակ փորձում են ամեն ինչ անել իրենց տղամարդուն հաճույք պատճառելու համար, իսկ եթե սկզբից իրենց հաճույքի մասին մտածեն, անօրգազմիայից հնարավորինս զերծ կմնան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել