Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ ԷՐ

Հոկտեմբեր 30,2009 00:00

Այսպես են եվրոպացի փորձագետները գնահատել այն, որ ԶԼՄ-ները նույնպես քաղաքականապես բեւեռացվել էին մեր երկրում:

\"\"
Արգիշտի Կիվիրյանի դեմ մահափորձը եւս հիշատակվել է
ԵԽԽՎ զեկույցում:

ԵԽԽՎ Մամուլի ազատության հարցերով ենթահանձնաժողովի Լյուքսեմբուրգում կայացած լսումների ընթացքում հոկտեմբերի 26-ին հրապարակվել է զեկույց Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մամուլի ազատության վիճակի մասին, որը ներկայացված է նաեւ ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում: Զեկույցը կազմած անկախ փորձագետը՝ BBC-ի նախկին ավագ թղթակից Ուիլիամ Հորսլին, ընդհանուր առմամբ արձանագրել է զգալի նահանջ անցած 3 տարիներին. «Խախտումները եւ չարաշահումները դարձել են ավելի սուր եւ ընդգրկուն»: 2007-ից ի վեր նվազագույնը 20 լրագրող է սպանվել իր մասնագիտական գործունեության հետեւանքով, եւ ըստ զեկույցի՝ այդ սպանությունների եւ լուրջ հարձակումների մեծամասնությունը տեղի է ունեցել ՌԴ-ում, Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում եւ Բելառուսում:

Առանձնացնենք զեկույցի այն հատվածները, որտեղ հիշատակված է մեր երկիրը: Զեկույցի 5-րդ կետում նշված է, որ տարբեր աստիճանի խիստ ծանր պայմաններ կան անկախ լրագրողների համար Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում եւ Մոլդովայում. «Այս երկրներում կառավարություններն առանձնանում են անհանդուրժողականությամբ անկախ եւ հետաքննական մամուլի, ինչպես նաեւ քաղաքական ընդդիմախոսների հանդեպ»: Եվ պնդում կա, թե հենց այս երկրներում են հայտնի լրագրողները դառնում հարձակումների թիրախ:

21-րդ կետում նշված է, որ ԵԽ անդամ 4 երկրներ՝ Հայաստանը, Մոլդովան, Ադրբեջանն ու Ռուսաստանը դասակարգվում են որպես «ոչ ազատ»:

Հիշատակված է, որ ԵԽԽՎ-ն քննարկել է ինչպես Աննա Պոլիտկովսկայայի, այնպես էլ 2007-ի հունվարին «հայ-թուրքական գրող ու խմբագիր» Հրանտ Դինքի սպանությունը: Այս երկու դեպքին եւ դրանց դատավարությանը զեկույցում նվիրված է առանձին ենթաբաժին: Եվ մասնավորապես հիշատակված է, որ Հրանտ Դինքը մահվան սպառնալիքներ էր ստացել «1915-ին հայերի զանգվածային սպանությունների մասին գրելուց հետո». բրիտանացի փորձագետը խուսափել է Ցեղասպանություն որակումն օգտագործելուց: Ի դեպ, զեկույցի այն ենթաբաժնում էլ, որը վերաբերում է ինտերնետին՝ նշված է, թե չնայած Թուրքիայի կառավարության ոչ բարեհաճ վերաբերմունքին՝ ստեղծվել էր կայք, որում հրապարակվում էին «կոլեկտիվ զղջումներ այն բանի համար, ինչն անվանվել է «մեծ աղետ», որին հայերը ենթարկվել էին 1915 թվականին: Եվ ինչպես հաղորդվել է՝ ավելի քան 28 հազար ստորագրություն հավաքվեց զղջման բաց նամակի ներքո 2008-ի վերջին»: Հավելենք նաեւ, որ զեկույցի՝ Թուրքիային վերաբերող բաժնում նույնպես անդրադառնալով Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությանը՝ մտահոգություն է արտահայտված մասնավորապես այն պատճառով, որ գաղտնի տեղեկատվություն բացահայտելու համար հետապնդումների է ենթարկվել լրագրող Նեդիմ Սեներն այն բանից հետո, երբ գիրք հրատարակեց «Ագոսի» խմբագրի սպանության վերաբերյալ, որում նաեւ մեղադրանքներ կային, թե անվտանգության ծառայության անփութության հետեւանքով չկանխվեց այս սպանությունը: Մտահոգություն է հարուցել նաեւ 2007-ին Արատ Դինքի՝ Հրանտ Դինքի որդու նկատմամբ կայացված դատավճիռը, որը մեկ տարվա պայմանական ազատազրկման ենթարկվեց Հրանտ Դինքի խոսքերը կրկնելու համար, «որոնցով 1915-ի սպանությունները որակվում էին իբրեւ Ցեղասպանություն»:

Լրագրողների սպանությունների, հարձակումների եւ ազատազրկումների վերաբերյալ ենթաբաժնում նշված է, թե բռնությունների եւ սպառնալիքների չափի մակարդակը մնում է «անթույլատրելի բարձր»: Այս առնչությամբ մեջբերված է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) զեկույցից, որ 2008 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 8 լրագրողներ են ազատազրկված 3 երկրներում՝ 1-ը Հայաստանում, 5-ը Ադրբեջանում եւ 2-ը Ռուսաստանում, եւ մեծ մասամբ՝ նրանց առաջադրված մեղադրանքներն առնչվում են մասնագիտական գործունեությանը: Իսկ եթե առաջադրվել են քրեական այլ մեղադրանքներ, ըստ այս անկախ կազմակերպության հակափաստարկի՝ օրենքները կիրառվել են «քաղաքական նպատակահարմարությամբ» թելադրված խտրական մոտեցմամբ. «Լռեցնելու համար այն լրագրողներին, որոնց հրապարակումները եւ տեսակետներն անցանկալի էին»:

Հայաստանի վերաբերյալ ենթաբաժնում նշված է, որ լրագրողների դեմ հետապնդումները եւ ԶԼՄ-ների նկատմամբ անմիջական վերահսկողությունն ուժգնացան 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում: Եվ այս կապակցությամբ հիշատակված է, որ մի քանի լրագրողներ՝ ներառյալ լուսանկարիչ Գագիկ Շամշյանը, վիրավորվել էին ոստիկանության կողմից՝ ընտրություններին հաջորդած բողոքի գործողությունների ընթացքում: Մեջբերված է նաեւ լրագրող Լուսինե Բարսեղյանի նկատմամբ ընտրատարածքում իրականացված հարձակումը, նաեւ, որ արտակարգ դրության պայմաններում անկախ լրատվությունն արգելված էր:

Զեկույցում ներառված են նաեւ «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի եւ Հետաքննող լրագրողների ընկերակցության ղեկավար Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ 2008-ին իրականացված հարձակումները, նաեւ, որ 2009-ի ապրիլին մահափորձ իրականացվեց «Armenia Today» լրատվական կայքէջի խմբագիր Արգիշտի Կիվիրյանի հանդեպ:

Զեկույցի այն բաժնում, որը վերաբերում է ԶԼՄ-ների հանդեպ ընտրությունների ժամանակ կիրառված սահմանափակումներին՝ դարձյալ է հիշատակված, որ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի «վիճարկելի հաղթանակին» հաջորդած բողոքի զանգվածային գործողություններից հետո հայտարարվել էր արտակարգ դրություն, որով հաստատվում էր հրապարակումների խիստ գրաքննություն 20 օրվա ընթացքում. «Որոշ ԶԼՄ-ներ գերադասեցին փակվել, քան ենթարկվել գրաքննությանը»:

Եվ մեջբերված է Եվրոպական լրագրողների միության (AEJ) 2008 թվականի դեկտեմբերի զեկույցից, թե «այս դեպքերի լուսաբանման ընթացքում առաջատար թերթերից եւ հեռարձակող կազմակերպություններից շատերը բացահայտորեն կողմնորոշվեցին դեպի իշխանամետ կամ հակակառավարական քաղաքական ուժերը, ինչը ցույց է տալիս, որ քաղաքական իշխանություններից մամուլի ազատությունը Հայաստանում փաստորեն վախճանվել էր՝ քաղաքական ծայրահեղ բեւեռացվածության ու փոխադարձ անտագոնիզմի պայմաններում»:

Հ. Գ. Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը հոկտեմբերի 27-ի ասուլիսում հայտարարել էր. «Լրագրողների դեմ կատարված հանցագործությունները պատկանում են դժվար բացահայտվող հանցագործությունների թվին»: Եվ հավաստել էր, թե ավելի վաղ կատարված բռնությունների գործերը եւս քննվում են եւ, հնարավոր է, շուտով բացահայտվեն: Այսպես, օրինակ, ըստ նրա՝ դեռեւս բացահայտման փուլում է 1994-ի հոկտեմբերի 19-ին իր բնակարանի շքամուտքի մոտ Արամ Աբրահամյանի վրա կատարված հարձակման դեպքը: Հունան Պողոսյանը նշել էր, թե հարգելով լրագրողների կատարած աշխատանքը՝ ոստիկանությունում ամեն գործի մասով առանձին սենյակ է հատկացվել, որտեղ հանգամանորեն քննվում են գործերի բոլոր մանրամասները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել