Լրահոս
Օրվա լրահոսը

11. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Նոյեմբեր 13,2009 00:00

\"\"
Տեսարան ավտոշուկայից:

Եկավ երիտասարդ սպան: Նա ավարտել է Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտը, ստացել մոտոհրաձգային սպայի մասնագիտություն, նշանակվել զորամասերից մեկում որպես դասակի հրամանատար: Ծառայությանը զուգահեռ՝ սովորել է Միջազգային իրավագիտական համալսարանում: Պետական քննությունների համար դիմել էր հրամանատարին՝ մեկշաբաթյա արձակուրդ ստանալու համար, սակայն հրամանատարը մերժել էր: Հենզել Մկրտչյանը ինքնակամ մեկնել է քննության, քանի որ չներկայանալու դեպքում կզրկվեր ավարտական դիպլոմ ստանալու հնարավորությունից: Հրամանատարը ձեւակերպել է որպես «զորամասի ինքնակամ լքում», գործը ներկայացրել դատարան: Առաջին ատյանի դատարանը դատապարտել էր մեկ տարի երկու ամիս ազատազրկման: Բողոքարկվում է վճիռը: Վերաքննիչ դատարանը փոխում է վճիռը, նշանակում պայմանական փորձաշրջան: Հենզելը վերադառնում է բանակ, մեկ այլ զորամասում նշանակվում դասակի հրամանատար: Սակայն թյուրիմացաբար շտաբում մոռանում են համազգեստ ստանալու փաստաթուղթ տալ: Հ. Մկրտչյանը ստիպված է լինում սեփական միջոցներով համազգեստ ձեռք բերել: Սակայն պարզվում է, որ այն չի համապատասխանում բանակում ընդունված համազգեստին: Մի նոր լարվածություն է ստեղծվում ավագ լեյտենանտի եւ զորամասի հրամանատարության միջեւ: Պահանջում էին, որ այդ համազգեստով զորամաս չմտնի: Իսկ սպան իր հերթին պահանջում էր, որ համապատասխան համազգեստ տան: Հ. Մկրտչյանը դիմում է ներկայացնում հրամանատարությանը՝ հերթական արձակուրդ ստանալու համար: Սկզբում 30 օրվա փոխանեն 10 օր են թույլատրում: Սպան կրկին դիմում է գրում իր հասանելիք 20 օրվա համար եւ մեկնում ծնողների մոտ: Վերադառնալով, նա տեղեկանում է, որ իրեն միայն հինգ օր էին թույլատրել, այսինքն՝ ինքնակամ 15 օր լքել էր զորամասը: Վանաձորի մարզային դատարանը ավագ լեյտենանտ Հ. Մկրտչյանին դատապարտում է երկու տարվա ազատազրկման:
-Երբ դուրս գաս, կրկին ծառայությա՞ն ես վերադառնալու, -հարցրի ես:
-Ես սիրում եմ բանակում ծառայությունը: Բայց այս ամենից հետո մտածում եմ, որ երեւի բանակն իմ տեղը չէր:
-Ծնողներդ, հարազատներդ ի՞նչ են անում:
-Մայրս երկրորդ խմբի հաշմանդամ է, չի աշխատում, իսկ հայրս Ռուսաստանում է, կրկին վատառողջ է ու չի աշխատում:
-Այսինքն, քեզ համար շաբաթական ուտելիք բերող չկա:
-Այստեղի ուտելիքը բավարար է, -պատասխանեց կալանավորը:
Երիտասարդ սպայի գնալուց հետո մինչ հաջորդ կալանավորի գալը ժամանակ ունեի խորհել այս հանդիպման մասին: Բանակում ինչո՞ւ են հեշտությամբ բաց թողնում իրենց կադրերին, պայմաններ ստեղծում ավելորդ լարվածությունների, թյուրիմացությունների: Ուրեմն, նախ զորամասերում անհրաժեշտ է ոչ միայն զինվորների, այլեւ սպաների համար ծառայության նորմալ պայմաններ ստեղծել: Իսկ դատարանները ինչո՞ւ գործի բարոյական կողմին ոչ մի ուշադրություն չեն դարձնում եւ ինչո՞ւ են այս սպայի նմաններին անպայման կալանավայրում պատիժը կրելու որոշում կայացնում: Չէ՞ որ նա հասարակության համար ոչ մի վտանգ չի ներկայացնում: Թեկուզ որպես պատիժ՝ կարող էր զորամասում պարտադրված աշխատանք կատարել: Իսկ բանակը կարող էր ինքը մանրազնին քննել խնդիրը, գուցե եւ պատժել այն հրամանատարներին, որոնք արհամարհել են սպայի լիարժեք արձակուրդ գնալու, սահմանված հանդերձներ կրելու իրավունքը:
Կալանավորն ուշանում էր, ուստի միջանցք դուրս եկա եւ անսպասելիորեն հանդիպեցի գեղանկարիչ Ազատ Ազատյանին:
-Բերել են փաստաբանի հետ հանդիպելու, – ասաց նա, – վաղաժամկետ ազատման հարցով, հա, պիտի ներողություն խնդրեմ, ուղղակի երազանքներս եմ քեզ պատմել դուրս գնալու եւ այլնի մասին:
-Լավ է, որ երազում ես, դա կօգնի դիմանալու անազատությանը, սակայն երբեք լրագրողին մի պատմիր: Իրավունք չունենք ընթերցողներին թյուրիմացության մեջ գցելու: Հավանաբար, ցմահ կալանավորների ինտերնետն էլ էր թյուրիմացություն: Իսկ վաղաժամկետ ազատման խնդրով «Առավոտը» կհետեւի ու տեղյակ կպահի ընթերցողներին:
Ինձ հետաքրքրել էր ՀՀ քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի Ստեփանավանի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահան Կիրակոսյանի գործը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով. առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: 2008 թ. ապրիլին Վ. Կիրակոսյանին հանձնարարություն է տրվել նյութեր նախապատրաստել Լոռի-Բերդ համայնքի տարածքում խաղահրապարակ կառուցելու ընթացքում «Ջորջ» ՍՊԸ կողմից չարաշահումներ իրականացնելու վերաբերյալ: Ութ ամիս անց ընկերության տնօրեն Սամվել Հովսեփյանը հայտարարություն է տվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությանը, որ ինքը $3,5 հազար գումար կաշառք է տվել Վ. Կիրակոսյանին, որպեսզի գործի ընթացքը լուծվի հօգուտ իրեն, որն էլ չի իրականացվել: Անմիջապես գործ է հարուցվում Վ. Կիրակոսյանի դեմ, որի արդյունքում նա հայտնվում է կալանավայրում՝ յոթ տարի պատժաչափով (դատավոր՝ Մարինա Մելքոնյան): Դատարանը բավարար չափով ապացույցներ չուներ Վ. Կիրակոսյանի մեղսակցությունը ապացուցելու համար: Սակայն, ինչպես երեւում է, իր կողմից կասկածելը բավարար է համարվել մեղադրական եզրակացության համար: Վ. Կիրակոսյանի նկատմամբ խիստ պատիժ սահմանելու խնդրում շահագրգիռ էր նաեւ բարձրաստիճան այր, որի հրահանգով էլ յոթ տարով մեկուսացրել են նրան։ Սակայն կյանքը իր շտկումներն է փորձում մտցնել։ Սամվել Հովսեփյանի անձնավորությունը որոշակի հետաքրքրություն էր առաջացրել, ուստի եւ պարզվեց, որ ՀՀ Վերաքննիչ պալատը բացահայտել է Քոբայրի վանքի եւ Հնեվանքի վերակառուցումը «Գուգարք» ՓԲ տնօրեն նույն Սամվել Հովսեփյանի կողմից շուրջ 70 միլիոն դրամ գումարի յուրացումով, որի համար նա նախնական կալանքի է ենթարկվել: Իսկ նախկին գործը քննչական մարմինների կողմից դեռեւս չի ավարտվել:
Փաստորեն, իրավապահ մարմնի ներկայացուցիչը, որն իր աշխատանքային գործունեության ժամանակ միլիոնների հասնող գումարներ է վերադարձրել պետությանը, մի կասկածելի վարքագծի տեր մարդու հայտարարության զոհ է դարձել: ՀՀ Ոստիկանությունը նման դեպքերում ոչ թե պետք է շտապի հեռուստատեսությամբ, ԶԼՄ-ներով ռեկլամի, ապա եւ դատի տա իր աշխատակիցներին, այլ մանրամասն քննի հանգամանքները, մինչեւ վերջ պարզի դրանք: Ի վերջո, եթե տվյալ ծառայողը որոշակի մեղք ունի, կարող է վարչական տույժի ենթարկվել, բայց եւ շարունակվի օգտագործվել նրա հարուստ փորձը:
Շատերին է այսօր հետաքրքրում այն հարցը, որ եթե տվյալ մեղադրյալը վտանգ չի ներկայացնում հասարակության համար, ինչո՞ւ են նրա համար հասարակությունից մեկուսացման պատիժ սահմանում: Չէ՞ որ դրանով իսկ այդ դատապարտյալը, մանավանդ, եթե նա պատանի է կամ երիտասարդ, լի եռանդով, բանտային շփումների արդյունքում լցվում է ատելությամբ դեպի իրական կյանքը, երկիրը, գոյություն ունեցող կարգերը: Բանտից դուրս եկած պատանիներն ու երիտասարդները, հնարավորության դեպքում, առհավետ մեկնում են երկրից, իսկ հնարավորություն չունեցողները երազում են հեռանալ, քանի որ նրանց վրա երկար ժամանակ պահպանվում է դատապարտյալի խարանը: Երիտասարդն այլեւս անկարող է լինում իր ունակություններին համապատասխան աշխատանք գտնել, լիարժեքորեն ինտեգրվել հասարակության մեջ: Իսկ հանրապետության կալանավայրերում գտնվող 4000 դատապարտյալից առնվազն 1000-ը իրականում հասարակության համար վտանգ չի ներկայացնում, ու այլընտրանքային պատժաչափ որոշելով, քաղաքացուն հոգեկան առողջ վիճակում կպահեինք հասարակության մեջ:
Մենք պետք է գիտակցենք, որ երկրի գլխավոր հարստությունը ոչ թե ընդերքի ոսկին է, այլ մարդկային ուղեղը, իհարկե, եթե հնարավորություն է ստեղծվում կալանավայրերում փակված պահելու փոխարեն, ըստ բնության շնորհած ունակության, օգտագործել այն:
Ստեղծված իրավիճակի պատճառը քրեորեն պատժիչ քաղաքականությունն է, որը ժառանգություն է մնացել խորհրդային կարգերից: Ու ժառանգել այն կարգերից, որի գոյության ընթացքում նրա բանտերում ոչնչացվել են 62,5 միլիոն մարդ, որից 40 միլիոնը՝ ԳՈՒԼԱԳ-ում, հակամարդկային արարք է: Հատուկ կոշտ ու դատավորների կողմից կամայական պատիժների սահմանումը, դրանց իրականացման համար միջոցների խնդրում խտրականություն չդնելը ցույց է տալիս, որ դատաիրավական համակարգում շարունակվում է օգտագործվել խորհրդային ռազմավարությունը, մտածելակերպը: Եվ այստեղից է առաջանում մեր դատական համակարգի նկատմամբ հասարակության անվստահությունը: Դե, ինչպես չափից ավելի դաժան չլինի այն անձնավորությունը, որը արդեն քանիերորդ անգամ գլխավոր դատավոր է նշանակվում միայն այն պատճառով, որ պետական կարեւորագույն այրերից մեկի քավորն է, մանավանդ՝ առանց մի քանի բաժակ օղի խմելու նիստի չի մասնակցում։ Ու հարյուրավոր մարդկանց ճակատագրերի համար կայացրած վճիռներից անգամ օղու հոտ է փչում։ Իսկ կադրային նման լուծումները մեզանում եզակի չեն։ Պակաս կարեւոր չէ եւ այն հանգամանքը, որ մեր հասարակությունը կտրված է դատավարության գործընթացին մասնակցելու իրավունքից: Բոլոր հարցերը լուծվում են միայն դատավորի կամայական որոշումով: Դա խնդրի ոչ սահմանադրական լուծում է, որն էլ հանգեցնում է հասարակության թուլացմանը: Իսկ դատական համակարգում իրականացվող ռեֆորմները դեռեւս լիարժեք ու մարդասիրական չեն: Անհրաժեշտ է հումանիզացնել ողջ դատական համակարգը: Ելքերից մեկն էլ, թերեւս, քրեակատարողական համակարգում ռեֆորմներն են, անցումը փուլային (էտապ) համակարգին: Չպետք է աչքաթող արվի, ասենք, հասարակության համար ոչ վտանգավոր դատապարտյալներին իրենց ընտանիքների հետ ազատագրված տարածքներ ուղարկելը՝ այնտեղ գործելու, ապրելու պայմաններ ապահովելով: Մեր պատմության մեջ մենք նման օրինակներ ենք ունեցել: Հիշենք թեկուզ Արտաշատի բնակեցումը Արշակ Երկրորդ թագավորի կողմից: Չմոռանանք, որ Արցախյան պատերազմում պակաս հերոսություններ չեն գործել հասարակության համար վտանգ չներկայացնող դատապարտյալները:
Նախնական հանդիպումներ ունենալով քրեակատարողական համակարգի աշխատակիցների հետ, համոզվել եմ, որ վարչությունը ի զորու է նման ռեֆորմներ իրականացնել: Մնում է Ազգային ժողովը նման օրենքներ մշակի եւ կյանք ու շունչ տա դրանց:
Օրը կիրակի էր: Հազիվ նշմարվող արահետով քայլում եմ Արինբերդի ուղղությամբ, մտածում Էրեբունի բերդի հիմնադիրների մասին, երբ ձախ կողմից, որտեղ գրող Խաչիկ Դաշտենցի փողոցն էր, մի աշխույժ ժխոր խառնվեց մտքերիս մեջ: Քայլերս ուղղեցի դեպի ժխորը: Փողոցի երկու կողմերում երկու շարքով ավտոմեքենաներ են լցված: Հանդիպակաց շարժվող մեքենաները մի անանցանելի խցան են ստեղծել: Ճանապարհային ոստիկանության մեքենաները սուլում էին, բարձրախոսով ստիպում երկրորդ շարք գոյացրած մեքենաների տերերին՝ հանեն մեքենաները: Այս փողոցով էր անցնում Նուբարաշեն, Վարդաշեն եւ Էրեբունի թաղամասերը քաղաքի հետ կապող ճանապարհը: Ինչպես երեւում է, ավտոմեքենաների վաճառքի համար հատկացված հրապարակները չեն հերիքում, ու ստիպված փողոցի երկու կողմերում են կանգնեցնում մեքենաները: Փողոցի հատվածները բաժանվել են փողոցին կից թաղամասի մի խումբ տղաների միջեւ, որոնք 500 դրամ են վերցնում մեքենան իր տեղամասում կանգնելու համար: Հազարավոր գնորդներ թանգարանի մոտից քայլելով մոտենում են մեքենաներին, տիրոջից կամ վերավաճառողից հարցնում մեքենաների տվյալներն ու գինը: Նրանք մինչեւ շուկայի մյուս ծայրը հետաքրքրվում են, սակարկում, հարկ եղած դեպքում՝ վիճում: Մեծամասնությունը՝ հոգնած սակարկություններից ու վեճերից, դատարկաձեռն տուն են վերադառնում: Վաճառողներն էլ են հոգնում: Նրանք ողջ տարին ամեն շաբաթ ու կիրակի բերում են մեքենան, համբերությամբ պատասխանում մարդկանց, սպասում իրենց գնորդներին:
Կարծում եմ, որ Էրեբունու հիմնադրման ժամանակներում կենդանիների շուկայում վաճառքի այս նույն համակարգն էր գործում:
Հավանաբար, եթե շուկայի հրապարակների տերերը ի մի գային, կարող էին ավտոմեքենաների վաճառքի նորմալ համակարգ ստեղծել ու փողոցն ազատել երթեւեկող մեքենաների առաջացրած խցանումներից: Բայց նրանք դեռեւս ի մի գալ չեն կարող: Այստեղ գոյություն ունի մեկ այլ խնդիր եւս: 1,5 կիլոմետր ձգվող ճանապարհային շուկայում ու հարակից հրապարակներում ոչ մի զուգարան չկա: Հազարավոր գնորդներն ու վաճառողները փողոցին կից թփուտները, մացառները արտաքնոցների են վերածել: Ու տարօրինակ է, սա ոչ մեկին չի էլ մտահոգում, ո՛չ շուկաների տերերին, ո՛չ քաղաքապետարանին կամ Էրեբունու թաղապետարանին դա չի հուզում: Ավտոմեքենա վաճառողներից մեկն էլ կատակով ասաց, որ թող ամեն թփուտի մոտ մի ոստիկան կարգեն, որ արգելի… Իսկ ի՞նչ է, այդ ոստիկանը նման կարիք չի՞ ունենալու: Հաջորդ օրերին այս փողոցով անցնելու համար արդեն հակագազ հագնելու կարիք էր զգացվում: Կարծում եմ, որ թաղապետարանի կամ քաղաքապետարանի համապատասխան մարմինները պարտավոր են շուտափույթ լուծել այս խնդիրը: Թե հարցը դեռ պետք է նախ Ավագների խորհուրդը քննարկի, նոր միայն գործը տարածքային կառավարմանը հասցվի։ Ի վերջո, շարժական զուգարանների տեղադրումը ձեռնտու գործ է, մնում է միայն թույլ տալ շահագրգիռ մարդկանց ձեռնարկելու այն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել