Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՄԱՍՏՈՒՆ ԿԻՆԸ ԳԻՏԻ…

Նոյեմբեր 13,2009 00:00

Ասում են՝ սիրո մասին գրեթե բոլոր պատմություններն ավարտվում են հարսանիքով, եւ բոլոր հեքիաթներում լռում են այն մասին, թե ինչ է  լինում դրանից հետո։ Համատեղ ընտանեկան կյանքը լի է փորձություններով, եւ դա է պատճառը, որ ոչ բոլոր զույգերն են դիմակայում կյանքի գլուխկոտրուկներին եւ իսկապես լավ ընտանիք կազմում: Միայն խելացի, իմաստուն կինն է ընդունակ ոչ միայն անձամբ հաղթահարելու այդ դժվարությունները, այլեւ՝ ամուսնու «ձեռքից բռնած» առաջ տանելու:
Հանդիպում են տղան ու աղջիկը, սիրում իրար… Շքեղ հարսանիք են անում, արտերկրում մեղրամիս անցկացնում: Սկսվում է համատեղ ընտանեկան կյանքը: Նրանք  միմյանց ամենաերջանիկ մարդը դարձնելու մե՜ծ ցանկություն ունեն, սակայն դա բավարար չէ, որովհետեւ պետք է իմանալ, թե ինչպես դա անել: Ցավոք, հաճախ բաժանվում են զույգերը, որոնք, կարելի է ասել, դեռեւս կյանքի փորձ չեն էլ ունենում: Իսկ որտեղի՞ց այն վերցնել։ Որտեղի՞ց ձեռք բերել իմաստուն կնոջ փորձը, երբ ընդամենը 20 տարեկան ես եւ «առաջին անգամ» ես ամուսնանում: Մարդիկ կյանքում իմաստնանում են՝ տարիքի հետ զուգահեռ. մեկը՝ շուտ, մյուսը՝ ուշ:
 Ընտանեկան կյանքն առաջին հերթին համագործակցություն է: Դա է պատճառը, որ խելացի կինն ընտրում է համապատասխան զուգընկեր, որը պատրաստ կլինի իր հետ համագործակցության: Իմաստուն կինը գիտի, որ ամուսնական կյանքում մեկը մյուսին պարտական չեն, քանզի  դաշինքը հիմնված է սիրո եւ համատեղ կյանքի նպատակների ընկալման վրա:
Մեր կյանքում ամենաարժեքավորն ու նշանակալին անձնական փոխհարաբերություններն են: Մենք մեր ապագան կերտում ենք ամեն ակնթարթով, ամեն օրով: Համատեղ կյանքը նման է ամուր շինություն կառուցելուն: Իրադարձություններն ամեն օր հաջորդում են իրար՝ այնպես, ինչպես քարերն են շարվում՝ տուն կառուցելիս: Ապագայում ամեն ոք ապրում է իր իսկ կառուցած տանը: Կինն իր բնույթով արարիչ է. նա գիտի, որ ե՛ւ տան մթնոլորտը, ե՛ւ ամուսնու տրամադրությունը հիմնականում իրենից է կախված, եւ հենց այստեղից է սկսվում ամենակարեւորը: Նրա հիմնական գործիքներն են սերը, անկեղծությունը, հասկացողությունն ու համբերությունը: Դրանք գործի դնելով` նա ամուսնուն բացատրում է, որ կնոջ խառնվածքի գլխավոր գաղտնիքը սիրելն է, սիրված լինելը եւ մտերմիկ փոխհարաբերությունների զարգացումը:
Գոյություն ունի մի պարզ միջոց, որը բացահայտում է, թե ինչպե՞ս են տղամարդն ու կինը վերաբերվում սիրուն եւ անձնական փոխհարաբերությունների կառուցմանը:
Նկարենք 2 շրջան եւ ենթադրենք՝ դրանցից մեկը տղամարդու, իսկ մյուսը կնոջ գիտակցությունն է: Վերցնենք յուրաքանչյուր շրջանի տասներորդ մասը եւ հետազոտենք. տղամարդու դեպքում դա գիտակցության այն կտորն է, որը կենտրոնացած է սիրո եւ անձնական փոխհարաբերությունների վրա: Նրա շրջանի մնացած մասերն աշխատանքի, սեփական ծրագրերի, հոբբիների եւ այլ մտքերն են զբաղեցնում: Կնոջ դեպքում՝ այս ամենն այլ է. շրջանի տասներորդ մասը սեւեռված է սեփական ծրագրերի եւ կարիերայի վրա, իսկ ահա մնացածը՝  հագեցած սիրո, ընտանեկան կյանքի, անձնական փոխհարաբերությունների զարգացմանը վերաբերող մտքերին: 
Իմաստուն կնոջը հայտնի է, որ տղամարդն ու կինը տարբեր կերպ են սիրում,  եւ դա իմանալով՝ նա իր ամուսնուց չի սպասում ու չի պահանջում այնպիսի արարքներ, որոնք կհամապատասխանեն սիրո մասին միայն կանանց պատկերացումներին: Իմաստուն կինը գիտի, որ քաղաքավարի վերաբերմունքը, որն առկա էր առաջին ժամադրության ժամանակ, հարկավոր է պահել ողջ կյանքի ընթացքում: Նա հարգում է իր ամուսնուն՝ նախ որպես օտար մարդու, քանի որ գիտի, որ չի կարելի դիմացինին քո սեփականությունը համարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել