Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղասահքը «սպանվել» է, իսկ հույսը դեռ ապրում է

Փետրվար 02,2010 00:00

Փետրվարի 12-ին Վանկուվերում մեկնարկող ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերի գեղասահքի մրցումներում Հայաստանը ներկայացուցիչ չունի: Ինչո՞ւ: Եվ դա այն դեպքում, երբ վերջին երեք խաղերին մշտապես մասնակցել ենք, անգամ ունեցել մինչեւ չորս մասնակից: Պատճառները շատ են ու խիստ մտահոգող: Չնայած մարզաձեւը հայտնվել է ծանրագույն վիճակում, գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը «Առավոտի» հետ հարցազրույցում ապագայի հանդեպ  լավատեսությունը չէր կորցրել ու հավատում էր, որ լավ օրերը դեռ առջեւում են:
– Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եղավ, որ այս անգամ օլիմպիական վարկանիշ չկարողացանք ձեռք բերել:
– Որովհետեւ թե հավաքականի անդամները, թե մարզադպրոցի սաները շուրջ երկու տարի, սահադաշտ չլինելու պատճառով, զրկված են տեղում սառցի վրա մարզվելու հնարավորությունից: Մարզադպրոցը, որ գործում էր թեկուզ խղճուկ պայմաններով, բայց բավականին լավ կադրեր էր աճեցնում, 2008 թվականի հունիսի 17-ից չի աշխատում: Այսօր Երեւանում կա երկու սահադաշտ՝ «Կարապի լճինը», որ տարվա ընթացքում գործում է մի քանի ամիս, եւ ՄՀՀ-ինը: Սակայն այդ երկու սահադաշտերն էլ ավելի շատ ծառայում են բնակչության ազատ ժամանցի կազմակերպմանը, սիրողական սահքին, ինչը, անկասկած, նպաստում է մասսայականության պահպանմանը: Բայց դա, միեւնույն է, սպորտ չի:
– ՄՀՀ-ում գոնե հավաքականի անդամներին ժամեր չե՞ն տրամադրվում մարզվելու համար:
– Անցած տարի տրամադրվում էին, իսկ այս տարի՝ դեռ ոչ:
– Ինչո՞վ են դա բացատրում:
– Վերջնական ոչինչ դեռ չեն ասել: Ու չէի ցանկանա, որ այնպիսի տպավորություն ստեղծվի, թե հրաժարվում են: Մի փոքր սպասել է պետք: Բայց, իմ կարծիքով, անգամ անվճար ժամեր տրամադրելու դեպքում էլ գեղասահքի զարգացմամբ այնտեղ լրջորեն զբաղվել հնարավոր չի լինի: ՄՀՀ-ն մեծ կառույց է ու այն հենց միայն պահպանելու համար հսկայական ծախսեր են պահանջվում: Ես համալիրի սեփականատերերին ոչինչ չունեմ ասելու: Տրամաբանական է, որ դրամ վաստակել է անհրաժեշտ: Դրա համար էլ այնտեղ մշտապես տարբեր տեսակի միջոցառումներ՝ համերգներ ու շոուներ են կազմակերպում: Իսկ գեղասահքը որպես մարզաձեւ պահպանելու եւ զարգացնելու համար ոչ միայն մարզումային մշտական պայմաններ ու ժամեր են հարկավոր, այլեւ շատ ու շատ պարտադիր բաներ:
– Գեղասահքի միակ մարզադպրոցն ինչո՞ւ փակվեց:
– Քանի դեռ Շենգավիթի թաղապետը Մարտին Սարգսյանն էր, նրա աջակցությամբ բազմաթիվ խնդիրներ էինք կարողանում լուծել, ինչի համար նրան շատ շնորհակալ եմ: Բայց թաղապետը փոխվելուց հետո ամեն բան փոխվեց: Նոր թաղապետը մարզադպրոցի տնօրեն նշանակեց մի մարդու, որը սպորտի, առավել եւս՝ նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող գեղասահքի հետ ոչ մի կապ չուներ: Ու եղավ այն, որ կարճ ժամանակ անց հարյուրավոր գեղասահորդներ, հոկեյիստներ եւ մարզիչներ հայտնվեցին դրսում, եւ Հայաստանում փաստացի փակվեց օլիմպիական երկու մարզաձեւ՝ գեղասահքը եւ տափօղակով հոկեյը: Ի դեպ, բոլորն էլ տեղյակ են, որ հոկեյի ֆեդերացիայի կատարած աշխատանքների շնորհիվ է, որ այս տարի աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնի խաղերն անցկացվելու են Երեւանում: Ճիշտ է, հիմա գեղասահորդներն ու նրանց մարզիչները դեռ գնում են դպրոց, մարզվում գետնի վրա, բայց դա էլ երկար չի տեւի:
Ինձ հուսադրում են քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի խոսքերը: Նա խոստացել է մեկուկես տարում նոր մարզադպրոց կառուցել, իսկ չորս տարվա ընթացքում անել այնպես, որ Երեւանի ամեն մի շրջան «Կարապի լճի» նման իր սահադաշտն ունենա: Հուսով եմ ու հավատում եմ, որ քաղաքապետն իր խոստումն անպայման կկատարի:
– Իսկ մինչ այդ, գեղասահքը Հայաստանում դռները փակելու ու երկարատեւ արձակո՞ւրդ է գնալու:
– Ոչ: Սպորտի նախարարության աջակցությամբ եւ անձնական կապերի շնորհիվ ֆեդերացիան մեր հավաքականի անդամ լավագույն մարզիկների մարզումները կազմակերպում է Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում: Դժվարությունն այն է, որ բոլոր հեռանկարայիններին դուրս ուղարկելու միջոցներ չկան:
– Իսկ ձեր ասած լավագույնների հետ ապագայի հույսեր կապո՞ւմ եք:
– Այո: Եվ մեծ հույսեր: Օրինակ, Սլավիկ եւ Սարգիս Հայրապետյան եղբայրները, Հովհաննես Մկրտչյանը, եւս մի երկու-երեք աղջիկ: Նշածս տղաները կատարում են բոլոր եռակի պտույտով ցատկերը:  Հատկապես Սլավիկը, որ ընդամենը 13 տարեկան է, մեր գեղասահքի ապագան է: Նա անցած տարի հանդես է եկել պատանիների աշխարհի գավաթի փնջային երկու մրցումներում ու, պայքարելով 18 տարեկան մրցակիցների հետ, երկու անգամ էլ գրավել է 12-րդ տեղը: Դա բավականին բարձր ցուցանիշ է: Շնորհալի պատանուն չենք գործուղել մեծահասակների առաջնություններ, քանի որ տարիքը թույլ չի տալիս: Իսկ ինչ վերաբերում է մյուս երկուսին, նրանք հիմա արդեն պետք է մրցափորձ ձեռք բերեն եւ հետագայում միմյանց միջեւ պայքարեն Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու իրավունքի համար: Վստահ եմ, որ 2014 կամ 2018թթ. օլիմպիական խաղերում Հայաստանն անպայման իր ներկայացուցիչները կունենա:
Մի բան էլ եմ ուզում անպայման ասել: Շատերն օլիմպիական խաղերում մեր գեղասահորդների գրաված տեղերն անհաջողություն են համարում: Դա այդպես չէ: Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում անգամ վերջին տեղը պատվաբեր է ցանկացած երկրի համար: Տեսեք: Միջազգային ֆեդերացիայի անդամ 89 ազգային ֆեդերացիաներից վարկանիշային մրցումներում օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ձեռք է բերում. պարային զույգերում՝ 13 երկիր, սպորտային պարերում՝ 10, մենասահքերում՝ 20 երկիր: Սա արդեն պատվաբեր չէ՞:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել