Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է հրահրում

Ապրիլ 28,2010 00:00

Գյումրիի ամենահին դպրոցներից մեկը՝ թիվ 23-ը, լուծարվում է

Երկու օր է՝ Գյումրիի թիվ 23 դպրոցում բողոքի ակցիաները չեն դադարում, կառավարության N1151 որոշումը, որով նախատեսված է մինչեւ օգոստոսի 1-ը լուծարել 500 աշակերտ ունեցող թաղային դպրոցը, հունից հանել է ինչպես մանկավարժական կոլեկտիվին, այնպես էլ աշակերտներին ու ծնողներին: Իսկ որպես պատճառաբանություն մեջբերվում է այն, որ շենքը պատկանում է ՌԴ-ին, վերջինս էլ պահանջում է անհապաղ ազատել այն: Նշենք, որ այս կրթօջախը գտնվում է զինվորական թաղամասում, ռուսական թիվ 19 դպրոցի հարեւանությամբ, սակայն, ի տարբերություն վերջինի, ունի ինչպես հայկական, այնպես էլ ռուսական հոսքով դասարաններ: Երեկ դպրոցի կոլեկտիվն ու ծնողները պնդում էին, որ դպրոցի շենքը ոչ թե ՌԴ-ն է պահանջում, այլ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, ով անձնական հաշիվներ ունենալով դպրոցի նախկին տնօրեն Արփինե Արարքչյանի հետ, փորձում է վրեժ լուծել: «Մենք եղել ենք Գյումրիում ՌԴ հյուպատոս Վլադիմիր Խրուլյովի մոտ ու հարցրել՝ ինչո՞ւ են մեր ձեռքից վերցնում շենքը: Հյուպատոսը պատասխանել է, որ նման բան չկա, շենքը իրենք Հայաստանին են նվիրել, իսկ նվերը հետ չեն վերցնում: Սա առիթ է տալիս ենթադրելու, որ այստեղ շահագրգռվածը հենց մարզպետն է, կառավարության որոշումն ընդունվել է հենց նրա առաջարկով»,- ասում էին ուսուցիչները: Ծնողկոմիտեի նախագահն էլ դժգոհում էր, որ տիկին Նանյանը իրենց չի ընդունում, խուսափում է դեմ առ դեմ հանդիպելուց: Ուսուցիչները 4 ամսվա մեջ 400 նամակ են հղել ՀՀ նախագահին ու տարբեր ատյաններ, բայց՝ ապարդյուն: Հետաքրքիրն այն է, որ այդ նամակներում նրանք դժգոհել են նաեւ Շիրակի մարզպետից, սակայն վերոհիշյալ ատյանները մանկավարժներին առաջարկել են պարզաբանումներ ստանալ Շիրակի մարզպետից: Ուսուցիչներին մարզպետարանից պատասխանել են, որ այլ դպրոցներում տեղավորվելու համար պետք է կարողանան ատեստացիա հանձնել, իսկ նոր օրենքով իրենք այդպիսի հնարավորություն միայն 2014 թվականին կունենան:

Ուսուցիչներից մեկը համոզված պնդում էր, որ տարածքը արդեն վաճառված է, եւ այնտեղ շուտով ջրաշխարհ են կառուցելու: Դժգոհությունների շուրջ «Առավոտը» պարզաբանումներ ստացավ նաեւ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանից: Պաշտոնյան մեզ փոխանցեց, որ ՀՀ կառավարության 1994 թ. օգոստոսի 5-ի որոշմամբ դպրոցի շենքը, գույքը, կից տարածքներն ու շինությունները նվիրատվության կարգով հանձնվել են ՌԴ-ին՝ անհատույց օգտագործման իրավունքով: Ըստ նրա, տարիներ շարունակ ռուսները պահանջել են ազատել այն, եւ նախորդ մարզպետներն էլ անընդհատ ձգձգել են հանձնումը. «Մենք միշտ ժամանակ էինք շահում, պատճառաբանում էինք, որ մեր մյուս դպրոցները տնակներում են, չենք կարող տեղահանել 23 դպրոցի աշակերտներին: Ծիծաղելի է ուսուցիչների այն խոսքը, թե մարզպետը դպրոցի նախկին տնօրենի հետ վատ հարաբերություններ է ունեցել, այդ պատճառով է փորձում դպրոցը փակել: Ինչ վերաբերում է այն ասեկոսեին, թե շենքի տեղում ջրաշխարհ է կառուցելու, դա աբսուրդ է»,- պարզաբանեց պաշտոնյան: Ս. Մինասյանի ասելով, թիվ 23-ի դասղեկներին դասարաններով կտեղափոխեն այլ դպրոցներ, ՌԴ դեսպանին հղած նամակում էլ խնդրել են թույլատրել՝ 23-րդ դպրոցի ռուսական թեքում ունեցող աշակերտներին ու ռուսական կրթություն ունեցող մանկավաժներին տեղափոխել հարեւան 19-րդ դպրոց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել