Լրահոս
Օրվա լրահոսը

Աղանդները դժբախտների եւ աղքատների համար են

Հունիս 05,2010 00:00

«Ես «Եհովայի վկա» չեմ, ես հավատում եմ Աստծուն եւ Աստված ինձ համար Եհովան է»

«Կյանքիս մի հատված եկավ, զգացի, որ մարդ արարածը անզոր է, կա մի վերին ուժ, գաղափար, որը կառավարում է մեզ: Հավատք կար մեջս, բայց չգիտեի կոնկրետ ինչի՞ն եմ հավատում: Սկսեցի Աստվածաշունչ կարդալ: Այդ ժամանակ մեր տուն եկավ ծանոթներիցս մեկը, ով «Եհովայի վկա» էր, տեսնելով, որ Աստվածաշունչ եմ կարդում՝ ինձ հարցրեց, թե արդյոք ամեն ինչ հասկանո՞ւմ եմ: Ես ասացի, որ հասկանում եմ, եւ եթե Աստվածաշունչ է, ապա պետք է հասկանալի լինի բոլորի համար: Այդ կինը ասաց, որ կան բաներ, որ պետք է ինձ բացատրի եւ ինձ տվեց դիտարանը»,- պատմում է 50-ամյա Կարինեն: Դիտարանը Աստվածաշնչի վերլուծությունն է՝ «Եհովայի վկաներին» ձեռնտու աղավաղումներով: Այդ գիրքը կարդալուց հետո Կարինեն գտավ, որ դա է ճիշտ հավատքը եւ սկսեց մասնակցել «Եհովայի վկաների» հավաքներին: Ինչպես հայտնի է, մարդկանց ավելի հեշտ է լինում ներգրավել աղանդների մեջ այն ժամանակ, երբ նրանց կյանքում դժվար էտապ է լինում, դժբախտության մեջ են լինում, այդ ժամանակ նրանք ավելի խոցելի են լինում եւ հակված հավատալ այն ամենին՝ ինչը նրանց մի փոքր հույս է տալիս: Շատերը ասում են, որ աղանդները դժբախտների եւ աղքատների համար են: Այդպես էր նաեւ Կարինեի դեպքում: Այս շրջանում Կարինեի կյանքում դժվարություններ կային, նա ամուսնալուծվել էր եւ մնացել իր երկու անչափահաս աղջիկների հետ: «Իմ կյանքում դժվար պահ էր, բայց ես չափանիշ չեմ, դա չի նշանակում, որ բոլոր «վկաները» դժբախտ մարդիկ են, ովքեր հենարան են փորձում գտնել՝ գոյատեւելու համար»,- ասում է նա: Մոտ յոթ տարի Կարինեն մասնակցում է «վկաների» հավաքներին: Նա ասում է, որ այդ ժամանակ կուրորեն հավատում էր: Նրա աղջիկները եւս հավատում են Եհովային, մեծ դուստրը անգամ մոր հետ կնքվել է որպես «Եհովայի վկա»: «Ես իմ աղջիկներին չեմ ստիպել, որ հավատան: Եվ կարծում եմ, որ «վկաները» նույպես չպետք է մարդկանց ստիպեն, զզվացնեն իրենց քարոզներով եւ այդպիսով հիասթափեցնեն նրանց»: Հիմա Կարինեն չի մասնակցում հավաքներին, նրան վտարել են, իսկ պատճառը չնշեց՝ արգելված է: «Հիմա ես «Եհովայի վկա» չեմ, ես հավատում եմ Աստծուն եւ Աստված ինձ համար Եհովան է»,- ասում է նա:
Ինչպես գիտենք, «Եհովայի վկաները» ծնունդ, Նոր տարի, քառասունք չեն նշում, բայց Կարինեն իր հավատքով հանդերձ իրեն չի զրկում այդ հաճույքներից: «Դե, որքան կարողանում եմ, փորձում եմ պահել, օրինակ՝ մատաղ չեմ ուտում, Զատիկ չեմ նշում: Նոր տարի նշում եմ: Գուցե մեկը Նոր տարի չի անում, բայց նրա հավատը ավելի քիչ է, քան իմը: Ճիշտ է, հավատքն առանց գործերի մեռած է, բայց աշխարհիկ կյանքի մեջ եմ եւ կան բաներ, որ չեմ կարողանում չանել»,- ասում է Կարինեն: Հիմա նրա աղջիկները ամուսնացել են եւ ավագ դուստրը՝ Եհովային հավատալով հանդերձ, երեխայի հետ կնքվել է Հայ առաքելական եկեղեցում: Կարինեն նշում է, որ աղջիկների ընտանիքները պահպանելու համար է խախտում «Եհովայի վկաների» որոշ կանոններ: «Դե, շփվում եմ խնամիներիս հետ եւ չեմ ուզում, որ ասեն՝ աղանդավոր է: Կարող է մի օր գամ մի գիտակցության, որ բոլորի կարծիքների վրա թքած ունենամ եւ ապրեմ այդ կանոններով»,- ասում է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել