Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունիս 12,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնհինգերորդ

ԿԱՍՊԱՐՈՎԻ ՎԿԱՆԵՐԸ

…Էս բազմակետերիցս հետո, արդեն երեք օր է, ոչինչ չէի գրում, որովհետեւ վերջին մտքիս վրա հանկարծակի մեջս չափազանց լուրջ կասկածներ առաջացան, ընդ որում՝ միանգամայն տարբեր ուղղություններով, եւ բավական երկար կենտրոնանալով ու մտածելով՝ ես վերջնականապես հասկացա, որ իմ կյանքի մոսկովյան շրջանին վերաբերող էս վերջին հատվածներիս մեջ ահագին վրիպումներ եմ թույլ տվել՝ հատկապես փաստագրական ու վավերագրական առումներով, եւ եթե գեղարվեստական արձակի տեսանկյունից վրիպումներս մի կերպ կարելի է արդարացնել, փաստագրական ու մանավանդ ինքնակենսագրական արձակի առումով էս վրիպումներս, կարելի է ասել, անթույլատրելի են եւ նույնիսկ աններելի. բանն այն է, որ ես կենտրոնանալով ու մտածելով՝ հիշեցի, որ ոչ թե ութսուներկուսի սեպտեմբերից եմ սկսել Մոսկվայում ապրել ու սովորել, այլ՝ ութսուներեքի սեպտեմբերից. այսինքն, իմ ու Նինայի անձնական հարաբերություններն էդ ողջ մանրամասներով հանդերձ՝ ծայր առել, սկսվել ու տեղի են ունեցել ոչ թե ութսուներկուսի, այլ ութսուներեքի դեկտեմբերի սկզբներին, եւ ես կենտրոնանալով ու մտածելով՝ հիշեցի, որ վերստին Սյունազարդ դահլիճ սկսեցի այցելել ոչ թե ութսուներկուսի դեկտեմբերի վերջերին, այլ՝ ութսունչորսի էդ վերջին ամսվա վերջերին, որովհետեւ ինտերնետից, ինչպես նաեւ մոլի շախմատասերներից ճշտելով պարզեցի, որ Կարպով-Կասպարով էդ առաջին մրցամարտը ութսունչորսի աշնանը ծայր առավ ու սկսվեց. այսինքն, երբ դարի էդ մրցամարտն սկսվեց, ես արդեն մի ամբողջ տարի Մոսկվայում ապրել ու սովորել էի եւ վաղուց արդեն հրաժեշտ էի տվել Պոտյոմկինա Նինային, եւ Պոտյոմկինա Նինան էդ պահի դրությամբ իրենց Կլինում ռուսաց լեզվի ու գրականության ուսուցչուհի էր եւ արդեն փոշմանել էր հանրակացարանի իր սենյակը երկտեղանոց մահճակալով հանդերձ ինձ տալու համար, որովհետեւ երբ ութսունչորսի դպրոցական աշնանային արձակուրդին ինքը մի անձրեւոտ իրիկուն համեցավ Մոսկվա ու հանրակացարան, ես ի վիճակի չեղա իր առաջ իր իսկ սենյակի դուռը բաց անել, որովհետեւ երբ ինքն իր իսկ սենյակի դուռը թակեց, ես իր իսկ սենյակում Օռլովա Սվետլանայի հետ սիրով էի զբաղված, եւ ես երբեւէ չէի իմանա, որ էդ անձրեւոտ իրիկուն իր իսկ սենյակի դուռն անձամբ Պոտյոմկինա Նինան է թակել, եթե իր գնալուց հետո իր թողած գրությունը դռանս կոճգամով փակցված չտեսնեի՝ «Կներես, որ խանգարեցի: Նինա:», եւ, հիշում եմ, իր թողած էդ գրությունը Օռլովա Սվետայի վրա ավելի ուժեղ էր ազդել, քան՝ ինձ վրա, որովհետեւ Սվետան էլ Նինայի պես նուրբ հոգու տեր բանաստեղծուհի էր, բայց Օռլովա Սվետայի առումով հիմա չեմ ծավալվի, որովհետեւ մտադիր եմ երբեւէ վերստին էսպես գրավոր վերադառնալ Մոսկվա ու Դոբրոլյուբովի էդ հանրակացարան, իսկ հիմա ինքս ինձ սրբագրելով ու ճշտելով՝ պիտի ասեմ, որ ես ութսունչորսի դեկտեմբերի վերջերին Սվետլանա Օռլովայից նեղացած՝ վերադարձա Սյունազարդ դահլիճ, որովհետեւ ինչպես ութսուներեքի վերջերին Նինան Երեւան մեկնելուս առթիվ հետս խռովեց, ութսունչորսի վերջերին էլ Օռլովա Սվետան նույնն արեց, եւ էդ թվականներն էդպես անզգուշաբար ու անփութորեն շփոթելուս համար ձեր ներողամտությունը հայցելով՝ շտապում եմ նախ ինքս ինձ ներել, վերջնականապես ընդունելով ու ըմբռնելով, որ ես իբրեւ արձակագիր անհամեմատ տանելի ու հանդուրժելի եմ, քան՝ իբրեւ պատմիչ ու ինքնակենսագիր, որովհետեւ մարդկանց ու մարդկանց հետ իմ առնչություններն ավելի ճշգրիտ եմ հիշում, քան՝ թվականներն ու ամսաթվերը, ու Օռլովա Սվետային եւ մշեցի, ապարանցի ու շենգավիթցի Ռաֆոյին համատեղ հիշելս էլ ամենեւին պատահականություն ու սխալմունք չէր, որովհետեւ ութսունչորսի աշնան սկզբներին, երբ Սվետայի հետ Մեծ թատրոն՝ Խաչատրյանի «Սպարտակը» նայելու գնացինք, բալետի ընդմիջմանը ֆոյեում հանդիպեցինք մշեցի, ապարանցի ու շենգավիթցի Ռաֆոյին, որին անմիջապես ճանաչեցի, որովհետեւ Ռաֆոն էն հազվագյուտ գրամոլներից էր, որոնց հնարավոր չի մոռանալ. «Գարունում» նրա ոտանավորները յոթանասունականների կեսերին Էդոն էր մերժում, յոթանասունականների վերջերին՝ Ղուկասը, իսկ ութսունականների սկզբներին՝ Հակոբը, բայց Ռաֆոն անդրդվելի էր եւ համառորեն շարունակում էր գրել, եւ երբ ութսունչորսի աշնան սկզբներին Մեծ թատրոնում «Սպարտակի» ընդմիջմանը հանդիպեցի, անմիջապես ճանաչեցի, եւ ինքն էլ ինձ ճանաչեց, եւ, հիշում եմ, Սվետայի հետ ծանոթացրի, նաեւ հիշում եմ, որ Ռաֆոն Սվետայի հետ ծանոթանալիս Սվետայի ձեռքն ահագին երկար բռնեց, ու նաեւ հիշում եմ, որ ապուշ կտրած՝ Սվետայի աչքերին էր նայում ու հեռանալիս էլ, հիշում եմ, մի քանի անգամ շրջվեց ու նայեց մեզ, ավելի ճիշտ՝ Սվետային, եւ հաջորդ անգամ Ռաֆոյին տեսա ութսունչորսի հոկտեմբերի վերջերին Սյունազարդ դահլիճում, երբ Մեժիրովն արդեն Պոլուգաեւսկուց ստացած շախմատային էդ մշտական հրավիրատոմսը մեծահոգաբար ինձ էր զիջել, եւ չնայած մշեցի, ապարանցի ու շենգավիթցի Ռաֆոյին դեռեւս «Գարունից» գիտեի, իր աստվածատուր շնորհներից բացարձակապես անտեղյակ էի, եւ երբ Ռաֆոն անթաքույց ու ի լուր ամենքի հայտարարեց, որ ինքը դահլիճից հիպնոսում է Կարպովին, ես էլ մյուսների պես մտածեցի, որ հոգեկան շեղումներ ունի, բայց երբ Սվետլանա Օռլովայի հետ կապված որոշ ընդմիջումից հետո՝ ութսունչորսի դեկտեմբերի վերջերին Սյունազարդ դահլիճ վերադարձա, դահլիճի հայությունն արդեն Ռաֆոյին միանգամայն լուրջ էր վերաբերվում, եւ նույնիսկ Կլարա Շահենովնան էր Ռաֆոյին միանգամայն լուրջ վերաբերվում, եւ ութսունչորսի վերջերին նաեւ հայտնի դարձավ, որ մշեցի, ապարանցի ու շենգավիթցի Ռաֆոյին նույնիսկ Կարպովն է շատ լուրջ վերաբերվում, եւ երբ ութսունչորսի դեկտեմբերի վերջերին Սյունազարդ դահլիճի իրավապահները Ռաֆոյի թեւերը մտնելով՝ դահլիճից դուրս տարան, մենք մի քանի հայերով նրանց հետեւից դահլիճից դուրս եկանք եւ ֆոյեում ու միջանցքներում Ռաֆոյին չգտնելով՝ մտանք բուֆետ, որտեղ Ռաֆոն մենմենակ նստած՝ սուրճ էր խմում, եւ երբ իրեն հարցրի՝ «ի՞նչ ա պատահել», Ռաֆոն ժպտալով ասաց՝ «Կարպովն անձամբ ա բողոքել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ա բողոքել», եւ Ռաֆոն ասաց՝ «էս Կալոննի զալի ղեկավարությանը բողոքել ա, որ իրան գիպնոզ եմ անում» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «երեւի ինչ-որ մեկը էդ տականքի ականջն ա գցել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «շատ հնարավոր ա՝ պոլիտբյուրո էլ բողոքի», եւ ես հարցրի՝ «էդ միլիցեքը քեզ ի՞նչ ասին», եւ Ռաֆոն ասաց՝ «ասին, որ սրանից հետո դահլիճ ոտ չդնեմ», եւ ես ասացի՝ «լավ ա՝ հրավիրատոմսդ ձեռիցդ չեն առել», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ հրավիրատոմս», եւ ես ասացի՝ «ասում էիր, որ անձամբ Կլարա Շահենովնան ա հրավիրատոմսդ տվել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «սուտ եմ ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Աստված ա՞ Կլարա Շահենովնային էդքան շնորհք տվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ոչ մի հրավիրատոմս էլ չունեմ, Արմեն ջան», եւ ես զարմացած հարցրի՝ «ամեն օր տոմս ե՞ս առնում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «ո՞նց կարամ ամեն օր տոմս առնեմ. էդ տոմսերը ձեռի վրա հինգ մանեթից էլ թանկ են», եւ ես հարցրի՝ «բա ո՞նց ես ներս մտնում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ հասարակ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հսկիչին գիպնոզ եմ անում, ինքը ուրիշ կողմ ա նայում, ու ես սուսուփուս ներս եմ մտնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Բալշոյ ծեատր որ գիպնոզով մտնում եմ, ըստեղ ի՞նչ ա՝ որ չմտնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Բալշոյ ծեատր մտնելն ավելի զոռ ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «էնտեղի հսկիչներին գիպնոզ անելն ավելի դժվար ա՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հսկիչն ամեն տեղ էլ նույնն ա. ուզածդ հսկիչին զապռըստը կարամ գիպնոզ անեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ թե ներս մտնելն ա դժվար, այլ՝ նստելու ազատ տեղ գտնելը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց վերջերս նստելու տեղի հարցն էլ եմ լուծել», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞նց ես լուծել», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էնտեղի հսկիչներից մեկի գլխացավը հանեցի, ու հիմի էդ կնիկը լոժաներից մեկում իմ համար հատուկ աթոռ ա դնում, որ հանգիստ նստեմ ու նայեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էլ բալետ չեմ գնում. մենակ օպերաների վախտ եմ գնում», եւ ես ժպտալով հարցրի՝ «օպերա ու բալետ շատ ե՞ս սիրում», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ամենաչսիրածս բաներն են», եւ ես զարմացած հարցրի՝ «բա խի՞ ես գնում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «առաջ մեր Խաչատրյանի բալետներին էլ էի գնում, բայց հիմի մենակ էն օրերին եմ գնում, երբ որ մեր Զառա Դոլուխանովան ա երգում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իրան լրացուցիչ էներգիա եմ հաղորդում, որ ռուսներից լավ երգի», եւ ես ժպտալով ասացի՝ «ինքը միշտ էլ ռուսներից լավ ա երգել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ հիմի տարիքն առել ա, լրացուցիչ էներգիայի կարիք ա զգում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «գնում լոժայում նստում՝ իրան լրացուցիչ էներգիա եմ հաղորդում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ստացվո՞ւմ ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ լոժան բեմից շատ ա հեռու, բայց հնարավորություններիս սահմաններում ամեն ինչ անում եմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «բայց շախմատ շատ ես սիրում, չէ՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու լրջանալով հարցրեց՝ «քեզ որ մի բան ասեմ, մեր մեջ կմնա՞», եւ ես ասացի՝ «կարաս չկասկածես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «ես նույնիսկ շախմատի խոդերը չգիտեմ», եւ ես ապշահար ասացի՝ «բայց դու շատ ուշադիր ես խաղատախտակին նայում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «ոչ թե խաղատախտակին եմ նայում, այլ՝ խաղացողներին», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «հասկացա», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ հասկացար», եւ ես ժպտալով ասացի՝ «Կասպարովին լրացուցիչ էներգիա ես հաղորդում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Կասպարովը շատ ջահել ա. ինքը լրացուցիչ էներգիայի կարիք չունի», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա խի՞ ես իրան նայում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հիմնականում Կարպովին եմ նայում», եւ ես զարմացած հարցրի՝ «Կարպովի՞ն խի ես նայում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իրա գլխացավն եմ ավելացնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինքը տեղից մի թեթեւ գլխացավ ունի, բայց էդքանը հերիք չի, որ էս մատչը կրվի», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչ գիտես, որ գլխացավ ունի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «զգում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ տենում եմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց ես տենում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «որ իմ պես պայծառատես ըլնեիր, էդ հարցը չէիր տա», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա ո՞նց ես իրա գլխացավն ավելացնելու», եւ Ռաֆոն ներողամտորեն ժպտալով ասաց՝ «արդեն ավելացրել եմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, էլ էդ ուղղությամբ համարյա անելիք չունեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «բայց ո՞նց ես իրա գլխացավն ավելացրել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «որ ասեմ՝ էլի մեր մեջ կմնա՞», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «կարաս չկասկածես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «Բալշոյ ծեատրի էդ պառավի գլխացավը մանդրից տեղափոխեցի Կարպովի գլխի մեջ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ պառավ», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «որ լոժայում հատուկ իմ համար աթոռ ա դնում», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «գլխացավը ո՞նց ես տեղափոխել», եւ Ռաֆոն ներողամտորեն ժպտալով ասաց՝ «գլխացավը մեկի գլխից որ հանում ես, մնում ա օդի մեջ», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ր օդի մեջ», եւ Ռաֆոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «դաննի մամենտ՝ էս Մոսկվայի օդի մեջ» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «բնության մեջ ոչ մի բան չի կորում. ոչ գլխացավը, ոչ էլ՝ որեւէ ուրիշ երեւույթ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գլխացավը որ մեկի գլխից դուս ա գալի, օդի մեջ կախված ա մնում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինչքա՞ն ժամանակ ա կախված մնում», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «էնքան ա ըտենց անիմաստ օդի մեջ կախված մնում, մինչեւ հարմար գլուխ ա գտնում ու տեղափոխվում ա իրա էդ թազա բնակարանը», եւ ես ժպտալով ասացի՝ «հիմի արդեն հասկացա», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ հասկացար», եւ ես ծիծաղելով ասացի՝ «պառավի գլխացավը հիմի Կարպովի գլխի մեջ ա», եւ Ռաֆոն խորամանկ ժպտալով հարցրեց՝ «բայց ո՞նց ա Կարպովի գլխի մեջ տեղափոխվել», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «Բալշոյ ծեատրից մինչեւ Կալոննի զալ էրկու ոտ տեղ ա», եւ Ռաֆոն խորամանկ ժպտալով ասաց՝ «ինչքան էլ մոտիկ ըլնի, գլխացավը ոտ չունի, որ ինքնուրույն տեղաշարժվի ու տեղափոխվի», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա ո՞նց ա տեղափոխվել», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «որ ասեմ՝ էլի մեր մեջ կմնա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «հա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «գլխացավերին ուղղորդող ու ուղղություն տվողներ կան» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «գլխացավերը մարդկանց վրա շատ մեծ իշխանություն ունեն, ճիշտ ա, բայց հազվագյուտ մարդիկ կան, որ գլխացավերի վրա լիակատար իշխանություն ունեն», եւ ես ժպտալով ասացի՝ «հասկացա», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ հասկացար», եւ ես ժպտալով ասացի՝ «պառավի գլխացավն ուղղորդել ու տեղափոխել ես Կարպովի գլխի մեջ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «համ շատ հաջող տեղափոխել եմ, համ էլ շատ հաջող տեղավորել եմ դրա գլխի մեջ» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «շատ լավ ա, որ հասկացար, բայց հանկարծ մարդու չասես», եւ ես անկախ ինձանից սկսեցի ծիծաղել, եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «խի՞ ես ծիծաղում», եւ ես ավելի ուժեղ ծիծաղելով ասացի՝ «սաղ աշխարհին էս գիպնոզներիդ մասին պատմել ես, բայց ինձ ասում ես՝ մարդու չասես», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ եմ պատմել», եւ ես ժպտալով ասացի՝ «սաղ հայերին», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «հայերից ոչ մի վտանգ չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «համ էլ՝ ես իմ անելիքն արդեն արել՝ պրծել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «էդ գլխացավը դրա գլխի մեջ էնքան հիմնավոր եմ տեղադրել, որ մի տարուց շուտ դժվար թե դուս գա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «մեկին կգտնեն՝ էդ գլխացավը դրա գլխից կհանեն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ընենց հիմնավոր չեմ տեղադրել, որ էդքան հեշտ հանեն», եւ ես ժպտալով ասացի՝ «մի հատ ծանոթ ունեմ, ինքն էլ ա գլխացավ հանում», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա», եւ ես ասացի՝ «հարեւանս ա», եւ Ռաֆոն հարցրեց՝ «ո՞նց ա հանում», եւ ես հիշելով ասացի՝ «մատներով դանդաղ դուրս ա քաշում՝ հանում ա», եւ Ռաֆոն քամահրանքով հարցրեց՝ «հետո՞», եւ ես հիշելով ասացի՝ «հետո մատներն ու ձեռներն օդի մեջ թափ ա տալիս, որ էդ գլխացավը չանցնի իրան», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց անցնում ա. իննսուն տոկոսով անցնում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «կարեւորը ոչ թե գլխացավը հանելն ա, այլ՝ էդ հանված գլխացավին տիրություն անելը», եւ ես հարցրի՝ «այսինքն», եւ Ռաֆոն ասաց՝ «մեկի գլխացավը որ հանում ես, հետո կարող ա էդ նույն գլխացավը տեղափոխվի ուրիշի կամ հենց քո գլխի մեջ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մի անգամ մամայիս գլխացավը հանեցի, բայց տուտ ժե մի քանի վայրկյանում էդ գլխացավը տեղափոխվավ մորքուրիս գլխի մեջ», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «ո՞նց տեղափոխվավ», եւ Ռաֆոն ծիծաղելով ասաց՝ «որ մամայի գլխացավը հանում էի, մորքուրս մորս կողքին՝ թախտին նստած էր», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն ծիծաղելով ասաց՝ «հետո մի ժամից ավել չարչարվա՝ մինչեւ էդ անտերին մորքուրիս գլխից ռադ արի», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «էդքան դժվար ե՞ս ռադ անում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «թազա ու թարմ գլխացավը մարդու գլխից ավելի դժվար ա դուս գալի, քան՝ հինը», եւ ես ծիծաղելով ասացի՝ «փաստորեն, Կարպովինն էլ ա թազա ու թարմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Կարպովինն էնքան հիմնավոր եմ տեղադրել, որ աշխարհի էրեսին մենակ մի հոգի կարա էդ գլխացավը հանի», եւ ես հարցրի՝ «էդ մի հոգին ո՞վ ա», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ախպերդ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էդ էի՞ր ուզում ասեմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «փաստորեն, Կարպովի ճակատագիրը քեզնից ա կախված», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ընենց հիմնավոր եմ տեղադրել, որ երեւի ես էլ չկարենամ հանեմ», եւ ես ու Ռաֆոն մի քիչ էլ խոսեցինք՝ մինչեւ բուֆետում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվող խաղատախտակին կախեցին «վՌփՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել