Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԳՐԱԲԱՐԻՆ, ԱՅԼ ՃԱՆԱՉԵԼ ԱՅՆ

Օգոստոս 12,2010 00:00

«Գրաբար լեզու նախնյաց» վավերագրական կարճատեւ ֆիլմը, որը նկարահանվել է վերջերս, պատմում է գրաբարի ու դրա կարեւորության մասին: Երեկվա ասուլիսում ֆիլմի հեղինակ, ռեժիսոր, «Ծիրանի» հ/կ նախագահ Նարեկ Աշուղաթյանն ասաց, որ մտահղացումը դեռ 4 ամիս առաջ էին ունեցել եւ 20 րոպեանոց ֆիլմով փորձել են հասարակության մեջ հետաքրքրություն առաջացնել գրաբարի նկատմամբ. «Ամենագլխավորը՝ այդ ֆիլմով նպատակ ունեինք ասելու, թե ինչ ենք քարոզում, իսկ մենք ամենեւին չենք քարոզում գրաբարին վերադառնալը, այլ քարոզում ենք ճանաչել մեր նախնյաց լեզուն, որովհետեւ այն մեր ինքնության մի մասն է, մեր մշակույթը»: Ռեժիսորի հավաստմամբ, առաջիկայում ֆիլմի ցուցադրություններ կկազմակերպեն բուհերում, ակումբներում, ինչու չէ՝ նաեւ հեռուստատեսությամբ: Նախօրեին էլ ֆիլմի շնորհանդեսն էր, բայց Ն. Աշուղաթյանը խոստովանեց, որ դեռ չի հասցրել ստուգել էլեկտրոնային փոստը ու չի ծանոթացել հանդիսատեսի արձագանքներին: «Ծիրանի» հ/կ-ն ավելի քան մեկ տարի է՝ գրաբարի երկամսյա ուսուցման անվճար դասընթացներ է կազմակերպում: Հ/կ-ի նախագահի հավաստմամբ, հետաքրքրվողների բանակը գնալով ընդլայնվում է. «Գրաբարը ճանաչել՝ նշանակում է ճանաչել ինքներս մեզ: Մեր գրավոր ժառանգության մեծ մասը գրաբարով է, եւ գրաբարի իմացությունը հնարավորություն կընձեռի ծանոթանալ ու հասկանալ մեր պատմությունը, մասնակցել նաեւ եկեղեցական ծեսերին»: Ասուլիսին ներկա տեր Գարեգին աբեղա Համբարձումյանն էլ կարծում է, որ գրաբարը ամենեւին էլ մեռած լեզու չէ, ինչպես ընդունված է համարել. «Այն մե՛նք կարող ենք մեռած կամ կենդանի դարձնել: Եկեղեցական աղոթքներ ու շատ ծեսեր մինչ օրս գրաբարով են անցկացվում՝ գրաբարը դեռ կենդանի է: Եկեղեցու հայրերն էլ վստահ են, որ գրաբարով աղոթքներն Աստված ավելի շատ է լսում, որովհետեւ գրաբարով հայհոյանքներ չկան ու այն այնքան անաղարտ է, որ համարվում է աղոթքի լեզու»: Աբեղան նկատեց, որ երիտասարդները մի տեսակ վախենում են գրաբարից ու այն համարում օտար լեզու, այնինչ՝ դրանից ամենեւին պետք չէ վախենալ. «Մեր այսօրվա բառապաշարի մոտ 98%-ը գրաբարն է, միայն վերջավորությունների տարբերություն կա, բայց մեծ ցանկության դեպքում կարելի է շատ արագ սովորել, գրաբարի մասին պատմող ֆիլմն էլ է հորդորում չվախենալ ու սովորել»: Նրա խոսքով, գրաբարի իմացությունը շատ օգտակար կլինի նաեւ գրագետ արեւելահայերեն խոսելու համար: Այդ պատճառով աբեղան կարծում է, որ դպրոցներում գրաբարի դասաժամեր են հարկավոր. «Եթե մի աշակերտ գիտի գրաբար, նա չի ասի՝ ի օգուտ, ի ուրախություն, ի շնորհիվ, կասի՝ հուրախություն, հօգուտ, շնորհիվ: Նման սխալները տարածված են, ինչպե՞ս պետք է դեմն առնենք, պետք է ծանոթանանք մեր նախնյաց լեզվին»: Աբեղան նաեւ տեղեկացրեց, որ գրաբարով դասերը շարունակվելու են այս աշնանից, հիմա զբաղված են ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել