Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵՑ ԴԱՏԱՐԱՆ

Օգոստոս 19,2010 00:00

Ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում ավարտվել է ՀԱԿ անդամներ Հովհաննես Հարությունյանի եւ Առաքել Սեմիրջյանի կողմից  նախկին քաղբանտարկյալ Քրիստափոր Էլազյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազն արդեն հաստատել է  մեղադրական եզրակացությունը: «Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ  2010 թ. հուլիսի 19-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ք. Էլազյանը գնացել է Երեւան քաղաքի Կորյունի 19ա  հասցեում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ, որտեղ պետք է հանդիպեր  Կոնգրեսի անդամ  Արմեն Խաչատրյանի հետ: Սակայն Ք. Էլազյանը, չհանդիպելով Ա. Խաչատրյանի հետ, որոշել է սպասել:   ՀԱԿ անդամներ Հովհ. Հարությունյանը եւ Ա. Սեմիրջյանը, տեսնելով Ք. Էլազյանին, կանչել են նիստերի դահլիճ եւ երկուսով ծեծի ենթարկել՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հովհ. Հարությունյանին  եւ Ա. Սեմիրջյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածով: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել