Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՍՖԱԼՏԱՊԱՏԵ՞Ն

Սեպտեմբեր 09,2010 00:00

Ներքին Շենգավիթի 2-րդ փողոցի բնակիչներն իրենց անտեսված են զգում՝ ճանապարհները քարուքանդ են, լուսավորություն չկա, իսկ փողոցի փոսերն այնքան են մեծացել, որ վտանգավոր են նաեւ մեքենաների համար, անձրեւոտ օրերին այս հասցեում բնակվող երեխաները դպրոց ու մանկապարտեզ չեն կարողանում հաճախել: «Մնացած փողոցներն ասֆալտապատեցին, մերն էլի անտեսեցին: Գոնե լուսավորություն լինի, թե չէ ոնց որ խավարում ապրենք»,- «Առավոտին» իր դժգոհությունը հայտնեց 2-րդ փողոցի բնակիչ Մանվել Գասպարյանը: Բնակիչները պնդում են, որ իրենց փողոցը եւս ասֆալտապատման ծրագրում եղել է, բայց թե ինչո՞ւ աշխատանքներ չեն իրականացվել, հայտնի չէ: Մ. Գասպարյանը փորձել է սա ճշտել Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ տնտեսության բաժնից: Երբ նա փորձել է պարզել, թե ում հետ է զրուցում, բնակչին այսպիսի պատասխան են տվել. «Ի՞նչ կարեւոր է անունը, անունս Լենին է»: Մ. Գասպարյանի պատմելով՝ հետո էլ «Լենինը» ինքնագոհ քմծիծաղով փոխանցել է, որ ինքը տեղյակ չէ, եւ այդ հատվածը ասֆալտապատել՝ ծրագրով նախատեսված չի եղել:
Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ Սերգեյ Հովհաննիսյանը հարցի առնչությամբ «Առավոտին» պարզաբանեց. «Պատվիրատուն քաղաքապետարանի բարեկարգման եւ շինարարության վարչությունն է եւ նախատեսված է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Շենգավիթ համայնքում ծրագրով նախատեսված ասֆալտապատումները կավարտվեն»:
Ինչ վերաբերում է Ներքին Շենգավիթի 2-րդ փողոցին, Ս. Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ այն եւս նախատեսված է, իսկ աշխատանքներն իրականացնելու է «Ֆայլ Ուորդ» կազմակերպությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել