Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԻՐԹ» ԼՌՈՒԹՅԱՄԲ» ԿԱՄ՝ «ՍԱԶԱՆԴԱՐՆԵՐԻ» ՀԱՅՀՈՅԱՆՔՈՎ»

Սեպտեմբեր 24,2010 00:00

\"\"Ըստ Տիգրան Թորոսյանի՝  այսպես ենք պատասխանում Ադրբեջանին

– Ինչպե՞ս եք գնահատում տարածաշրջանում վերջին զարգացումները:

– Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Թուրքիան չի վավերացնելու տխրահռչակ արձանագրությունները, տարածաշրջանային գործընթացների առումով ղարաբաղյան խնդիրը դարձավ կենտրոնականը, եւ այդ խնդրի կարգավորման ակտիվության նոր շրջան սկսվեց: Ընդ որում, այդ ակտիվությունը պահպանվեց ողջ ամառվա ընթացքում, թեեւ դա ավանդաբար եւ հայտնի պատճառներով քաղաքական կյանքի ամենահանգիստ, եթե ոչ՝ «մեռյալ» շրջանն է: Այդ ընթացքում տեղի ունեցավ Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները հայտարարություն արեցին հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ, տեղի ունեցավ Ալմաթիի հանդիպումը, Մեդվեդեւը այցելեց Երեւան եւ Բաքու, ստորագրվեցին ադրբեջանա-թուրքական ռազմավարական համագործակցության համաձայնագիրը, Հայաստանում ռուսական ռազմակայանի ժամկետի երկարաձգման համաձայնագիրը, ռուս-ադրբեջանական համաձայնագրեր՝ էներգետիկ ոլորտում համագործակցության մասին, զգալիորեն հաճախակիացան հրադադարի խախտման դեպքերը, եւ մեծացավ զոհերի թիվը, տեղի ունեցան հայտնի իրադարձությունները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում ադրբեջանական բանաձեւի նախագծի հետ կապված, եւ այլն: Դժվար է չտեսնել, որ ակտիվությունը խիստ մեծացել է: Նախ կարեւոր է հասկանալ, թե որոնք են այս ակտիվության պատճառներն ու նպատակը: Առաջիկա 10-15 տարում վերջնականապես ձեւավորվելու է Հարավային Կովկասում ազդեցության գոտիների «քարտեզը», եւ երկու հիմնական ազդեցիկ երկրները՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, փորձում են ամրապնդել իրենց դիրքերը: Սակայն ոչ միայն նրանց նպատակներն են հակոտնյա, այլեւ դրանց հասնելու միջոցները: Եթե Միացյալ Նահանգների համար տարածաշրջանում հետագա ամրապնդման կարեւոր մեխանիզմ է հիմնախնդիրների կարգավորման գործընթացների ակտիվացումը, ապա Մոսկվայի համար դա վտանգավոր է: Պատահական չէ, որ Սանկտ Պետերբուրգում, ըստ արտգործնախարար Լավրովի, Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկում էր փաստաթուղթ ստորագրել, որտեղ կարձանագրվեն չլուծված հարցերն ու արդեն ձեռք բերված համաձայնությունները: Իհարկե, Մոսկվայում հիանալի գիտեն, որ հատկապես նման բարդ խնդիրների կարգավորման ժամանակ միջանկյալ փաստաթղթեր չեն ստորագրվում, քանի որ իրական համաձայնություն չի լինում, քանի դեռ մնացել է համաձայնեցնել թեկուզ մեկ հարց: Իսկ այս դեպքում, կարելի է ասել, դեռեւս չի էլ քննարկվել հիմնական՝ կարգավիճակի հարցը: Սակայն առաջարկը ռուսական կողմի համար շահեկան էր բոլոր դեպքերում: Նախ, անգամ առանց որեւէ արդյունքի այն Մոսկվայի ակտիվության հաշվին միավորներ է ավելացնում՝ բանակցությունների ընդհանուր տեղատվության ֆոնի վրա, իսկ եթե հանկարծ կողմերը համաձայնեին առաջարկին, ապա դրանով «կպայթեցնեին» վերջին մի քանի տարվա բանակցային գործընթացը: Տարածաշրջանում Ռուսաստանի իրական գործունեությունն այլ ոլորտում է: Այդ հարթությունում առանցքային նշանակություն ունի Հայաստանում ռազմակայանների ներկայության ժամկետի երկարացումը: Առաջին հայացքից ժամկետը լրանալուց 12 տարի առաջ երկարաձգումը որեւէ տրամաբանություն չունի, քանի որ այդ արձանագրությամբ, ըստ Ռուսաստանի արտգործնախարարի, սոսկ երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմակայանի գոյության ժամկետը: Այն չի փոխում Հայաստանում ռուսական ռազմակայանի ոչ ֆունկցիաները, ոչ այդտեղ ծառայություն անցնող զինծառայողների թվակազմը, ոչ այդ ռազմակայանում գտնվող զինատեսակների քանակը: Այդ պատճառով անիմաստ է խոսել որեւէ փոփոխության մասին, որն այդ արձանագրությունը կարող է մտցնել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության մեջ: Սակայն տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների տեսակետից այդ քայլը ոչ միայն բացատրելի է, այլեւ Ռուսաստանի համար խիստ շահեկան: Պատահական չէ, որ պայմանագրի ժամկետի երկարաձգումը նախաձեռնեց Մոսկվան՝ լուծելով մի քանի կարեւոր հարց: Ինչպես վերը նշեցի, Հարավային Կովկասում ազդեցության գոտիների վերաբաժանման այս շրջանը կավարտվի առաջիկա 10-15 տարվա ընթացքում, որի ավարտին էր ընկնում ռազմակայանների պայմանագրի ժամկետի ավարտը: Հետեւաբար «խաղադրույքներն» այնքան ավելի էին մեծանալու, որքան մոտենար այդ ժամանակահատվածի ավարտը: Մինչդեռ այսօր Մոսկվան այն ստացավ առանց որեւէ փոխհատուցման: Երկրորդ խնդիրը, որը լուծեց Մոսկվան նույն ենթատեքստում, Հայաստանի ռուսական կողմնորոշման ապահովումն էր՝ ի հակակշիռ Վրաստանի բացահայտ արեւմտամետ կողմնորոշման: Իհարկե, Հայաստանը չի խզի իր կապերն Արեւմուտքի հետ, ինչպես Վրաստանն արեց Ռուսաստանի հետ, սակայն ակնհայտ է, որ տարածաշրջանում մրցակցության մեջ գտնվող գերտերություններից մեկի ռազմակայանի գոյությունն արդեն իսկ հստակ կողմնորոշման խորհրդանիշ է: Երրորդ խնդիրը, որը լուծեց Ռուսաստանն այդ արձանագրության միջոցով, ռուս-ադրբեջանական կապերի խորացման խթանումն է: Ադրբեջանն ակնդետ հետեւում է հայ-ռուսական կապերի զարգացմանը եւ փորձում է թույլ չտալ, որ իր հարաբերությունները Մոսկվայի հետ որակապես տարբերվեն հայ-ռուսական հարաբերություններից: Հենց Ռուսաստանի հետ կապերի հետագա խորացման Բաքվի ձգտման տեսակետից պետք է դիտարկել Մեդվեդեւի՝ երեւանյան այցի օրերին ադրբեջանա-թուրքական ռազմավարական համագործակցության համաձայնագրի կնքումը, այլ ոչ թե, ինչպես հաճախ մեկնաբանվում է, տարածաշրջանում հայ-ռուսական տանդեմի հակակշռման: Այդպիսի եզրահանգման է մղում ոչ միայն իրադարձությունների զարգացման տրամաբանությունը, այլեւ այցի արդյունքներն ու հետեւանքները, որոնց ընդհանուր ենթատեքստը կասպյան ավազանի էներգակիրների ռուսական վերահսկողությունն է: Այս գերակտիվ իրադարձություններում ակնհայտորեն առանձնանում է Հայաստանի իշխանությունների ամորֆ կեցվածքը: Հայաստանն անգամ Մոսկվայի համար խիստ կարեւոր՝ ռազմակայանների ժամկետի երկարաձգման դիմաց ոչինչ չկարողացավ ստանալ եւ մեծապես կորցրեց մանեւրելու իր հնարավորությունները: Մինչդեռ տարաբնույթ պալատական «սազանդարներ» եւ «քաղաքական գործիչներ» փորձում են հասարակությանը համոզել, որ այդ փաստաթղթով Ռուսաստանը ԼՂՀ-ն պաշտպանելու է Ադրբեջանի հարձակումից:

– Վերջերս ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթ ունենալով՝ Էդուարդ Նալբանդյանն ասել է, թե Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ առաջարկը, եւ որ այդ երկրի ռազմատենչ հայտարարությունները վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը: Այս կարգի ելույթները որքանո՞վ են օգտակար ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի համար:

– Սոսկ հակառակորդին ինչ-որ բանում մեղադրող ելույթների ժամանակը վաղուց անցել է: Ադրբեջանը բոլոր ուղղություններով կոնկրետ գործողություններ է անում: Դրան Հայաստանը պատասխանում է կամ «քաղաքակիրթ» լռությամբ, կամ «սազանդարների» հայհոյանքով ու հոխորտանքով, կամ արտգործնախարարի նման ելույթներով: Ելույթով հակակշռում են ելույթը, այլ ոչ թե գործողությունը: Հայաստանի իշխանությունները հեզորեն համակերպվում են թե Ադրբեջանի, թե համանախագահների բոլոր կամակորություններին: Ադրբեջանը չի ցանկանում, որ ԼՂՀ-ն մասնակցի բանակցություններին՝ ոչինչ, Հայաստանն է մասնակցում, համանախագահները խուսափում են հրադադարի խախտման մեղավորներին մատնանշել, անգամ եթե մեր տարածքում զինվորներ են զոհվում՝ ոչինչ, բանակցություններում ԼՂՀ կարգավիճակի հարցը մնում է վերջում՝ ոչինչ, Ադրբեջանն ու համանախագահները ձեւականորեն են վերաբերվում բանակցությունների հիմքում դրված սկզբունքներին՝ ոչինչ, ՄԱԿ-ում Ադրբեջանը բանաձեւեր է անցկացնում՝ ոչինչ, մուսուլմանական երկրներն են կողմ քննարկում: Այս շարքը կարելի է շատ երկար շարունակել: Դժվար չէ նկատել, որ նույն ձեռագիրն է, ինչը մեկուկես տարի դրսեւորվում էր հայ-թուրքական հարաբերություններում: Էրդողանն արձանագրությունների ստորագրման հաջորդ օրը դրանց վավերացումը պայմանավորեց ղարաբաղյան խնդրում հայկական կողմի զիջումներով (փաստորեն կասեցնելով վավերացումը), Հայաստանի իշխանությունները վեց ամիս հետո հայտարարեցին, որ իրենք կասեցնում են վաղուց Անկարայի կասեցրած գործընթացը: Իրադարձությունների զարգացման վրա Հայաստանը որեւէ ազդեցություն չունի եւ սոսկ հերթապահ ելույթներով չի կարող ունենալ: Զավեշտալի է, որ այս ամենը հորջորջվում է «նախաձեռնողական քաղաքականություն»:

Հարցազրույցի շարունակությունը՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930