Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդական նվագախումբ, հասուն կատարում»

Սեպտեմբեր 30,2010 00:00

\"\"Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները բարձր գնահատանքի են արժանանում ամենուր

«Առավոտը» ժամանակին անդրադարձել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթներին, մասնավորապես՝ Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Չայկովսկու անվան կոնսերվատորիայի եւ ֆիլհարմոնիայի համերգասրահներում եւ այլն: Այս տարի ամռանը նվագախումբը մասնակցեց Բեռլինի «YOUNG EURO CLASSIC» երիտասարդական նվագախմբերի ամենամյա, ապա՝ Գերմանիայի Կասսել քաղաքում անցկացվող «KULTURSOMMER NORDHESSEN» փառատոներին: Նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը հավելեց, որ կոլեկտիվի փառատոնային հյուրախաղերն ավարտվել են Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացվող «YOUNG CLASSIC WRATISLAVIA»-ին մասնակցությամբ: Տնօրենը նշեց նաեւ, որ այս տարի գարնանն էլ պատիվ են ունեցել համատեղ համերգով հանդես գալ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, աշխարհահռչակ Վ. Գերգիեւի ղեկավարությամբ:
Անդրադառնալով Գերմանիայի եւ Լեհաստանի փառատոներին, Ա. Տեր-Հովակիմյանը տեղեկացրեց, որ Գերմանիայում այս միջոցառումն անցկացվում է 2000թ.-ից, իսկ 2007-ին Երիտասարդականն արդեն մասնակցել էր դրան: Հայտնեց նաեւ, որ այս տարի ընդլայնված էր փառատոնի աշխարհագրությունը եւ մասնակցում էր 18 նվագախումբ՝ Ադրբեջանից, Վրաստանից, Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Իսրայելից եւ այլ երկրներից: Ա. Տեր-Հովակիմյանը առանձնահատուկ շեշտեց, որ համաշխարհային դասական երկերից բացի, Հայաստանի երիտասարդականի հնչեցրած հայ կոմպոզիտորների, այդ թվում՝ Ալ. Հարությունյանի, Էդ. Հայրապետյանի, Ռ. Ալթունյանի եւ Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ, գերմանաբնակ Նարինե Խաչատրյանի ստեղծագործությունները, ոգեւորությամբ են ընդունվել գերմանացի եւ լեհ հանդիսատեսի կողմից: Ուրախությամբ փոխանցեց գերմանական մամուլի, այդ թվում՝ հեղինակավոր «Kultur» մասնագիտական պարբերականի արձագանքները Հայաստանից ժամանած նվագախմբի հասցեին: Հոդվածներից մեկում, որի հեղինակն է ճանաչված երաժշտական քննադատ Վոլֆգանգ Շրայդերը, գրված է. «Հայ երաժիշտների կատարողական բարձր վարպետությանն ու երիտասարդ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի պրոֆեսիոնալիզմին ծանոթ ենք դեռեւս 2007թ. եւ պետք է նշել, որ 2000-ին հիմնված այս փառատոնի պատմության ընթացքում հայկական նվագախումբը լավագույնն է»: Շարունակելով այս միտքը, տնօրենը հավելեց, որ փառատոնի նախագահ դոկտոր Գաբրելա Մինցի՝ «ՎիվաՍել- ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին (որը նվագախմբի գլխավոր հովանավորն է) ուղղված շնորհակալական նամակում նշված է, որ հարցման արդյունքում Հայաստանի երիտասարդականը ճանաչված է լավագույնը:
Օրերս Երիտասարդականը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ համերգով՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյակին: Հնչեցին կոմպոզիտորի «Սիմֆոնիան» ու «Թեմա եւ վարիացիաներ՝ շեփորի եւ նվագախմբի համար» գործը, մենակատարն էր Եվգենի Գուրեւը (Ռուսաստան): Համերգին ներկա էին ՌԴ նախագահի մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը եւ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, որոնք Երեւանում էին Վլ. Սպիվակովի ղեկավարած ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հայաստանյան համերգի առիթով: Վերջինում ընդգրկված է Երիտասարդականի 6 երաժիշտ: «Առավոտի» խնդրանքին ի պատասխան՝ համերգից իր տպավորությունը հայտնեց Շվիդկոյը. «Երիտասարդական նվագախումբ, հասուն կատարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930