Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԹՂԹԻ ԿՏՈՐ ԿՏՐՎԱԾ ԾԱՌԻ ՄԻ ՄԱՍ Է

Հոկտեմբեր 21,2010 00:00

Մարդիկ հավանաբար չգիտեն, որ 60 կիլոգրամ թուղթը արժե մեկ ծառ: Թղթի վերամշակման ուղղությամբ այսօր քիչ մարդիկ են աշխատում: «Վերամշակված թուղթը հիմա ընդամենը որպես նմուշ բերվում է արտերկրից եւ ավելի թանկ է, քան սովորական թուղթը»,- մեզ հետ զրույցում նշեց Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը: Հայաստանում այսօր թղթի վերամշակմամբ զբաղվում են մի քանի ընկերություններ, այն էլ՝ ոչ մեծ մասշտաբներով: «Գրանդ հոլդինգ» ընկերությունը 2007 թվականից թղթի թափոններից ստվարաթղթի պատրաստմամբ է զբաղվում, իսկ «Արեւորդի» հասարակական կազմակերպությունն արդեն մի քանի տարի փորձում է թղթի խնայողության մշակույթը ներդնել Հայաստանում:
«Մեր վարչությունը ԵՊՀ մեծ կառույցում ամենաշատ թուղթ օգտագործողն է, այդ քանակի թուղթ թափել, նշանակում է չխնայել ծառերը, ամեն ամիս մեր հավաքված թուղթը հանձնում ենք «Արեւորդի» հ/կ-ին՝ վերամշակման»,- նշեց ԵՊՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մանե Մադոյանը:
«Արեւորդին» տարբեր կազմակերպություններից հավաքում է թափոններ եւ վերամշակում:
«Արեւորդի» էկո ակումբի անդամ Տիգրան Սիմոնյանն էլ մեզ պատմեց, որ թուղթը մանրացնում եւ լցնում են ջրով լի տարայի մեջ, անցկացնում հարիչով եւ դրանից հետո թողնում մի քանի րոպե: Այնուհետեւ պատրաստի զանգվածը ոչ հաստ շերտով փռում են ցանցի վրա եւ արեւի ճառագայթների շնորհիվ այն չորանում է:
Այս տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում հավաքված ծաղիկները նույնպես վերամշակվեցին եւ դարձան թուղթ, որը հետագայում կօգտագործի «Ցեղասպանության թանգարան» ինստիտուտը:
Հիմա քաղաքի մի քանի սուպերմարկետներում էկոլոգիապես անմաքուր պոլիէթիլենային տոպրակների փոխարեն ավելի ցածր գնով առաջարկվում են վերամշակված թղթից պատրաստված տոպրակներ:
Ի դեպ, մեկ տոննա վերամշակված թուղթը խնայում է 17 ծառ, 320 լիտր նավթ, 4100 կիլովատ էներգիա, 3.2 խորանարդ մետր տարածք եւ 30 կգ օդի աղտոտում:
Ինչպես հայտնում է ամերիկյան recycling-revolution.com կայքը, ԱՄՆ-ում ամեն տարի օգտագործվում է 85 միլիոն տոննա թուղթ: Այստեղ թղթի վերամշակման փորձեր են կատարվել դեռեւս հիսնականներին, իսկ հիմա մի քանի խոշոր ընկերություններ զբաղվում են թղթի լայնածավալ մշակմամբ:
Մենք դիմեցինք վիճակագրական ծառայությանը՝ իմանալու, թե Հայաստանում ի՞նչ ծավալների թուղթ է սպառվում: Մեզ պատասխանեցին, որ հստակ ոչինչ չեն կարող ասել եւ ստիպված են գնալ ծառայության գրադարան եւ փնտրել՝ այդպիսի տվյալ կա՞, թե՝ ոչ:
Չնայած բնապահպանական  մի քանի փորձերին, Հայաստանում թղթի վերամշակումը դեռ արդյունաբերական մակարդակի վրա չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031