Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւորականների այցելությունները՝ տներ…

Նոյեմբեր 09,2010 00:00

Պայքարի այս ձեւն առաջարկվեց

Երեկ ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետում, նույն ֆակուլտետի եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ, մեկնարկեց «21-րդ դարի կրոնական մարտահրավերները եւ Հայաստանը» խորագրով երկօրյա գիտաժողով: Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ, պատմաբաններ, ազգագրագետներ: ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը տեղեկացրեց, որ սա վերջերս երիտասարդ գիտնականների, մասնագետների, ուսանողների մասնակցությամբ կայացած համանուն գիտաժողովի շարունակությունն է:
Ա. եպիսկոպոս Ժամկոչյանի բնութագրմամբ, կրոնական մարտահրավերները բազմատեսակ են եւ բազմերես՝ աղանդավորական շարժումներից մինչեւ Վրաստանում հայ եկեղեցիների գույքի հանդեպ ոտնձգությունները. «Բացի այն, որ գիտաժողովը նպատակ ունի քննարկել հայ-վրացական, հայ-ռուսական եկեղեցական հարաբերությունները, քննարկման սեղանին դրված կլինի նաեւ քրիստոնեական սոցիալական դիակոնիայի հետ կապված հարցեր: Մեր երկրում քրիստոնեական սոցիալական դիակոնիա չկա, բայց փափագում ենք ունենալ: Գիտաժողովը կզբաղվի դրա ձեռքբերման հարցով»:
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս պետք է պայքարի եկեղեցին 21-րդ դարի մարտահրավերների դեմ, դեկանն ասաց. «Ամեն հարց, ինչ վերաբերում է մեր երկրին, մշակույթին, հայ ժողովրդին՝ միայն եկեղեցու խնդիրը չէ. բարեբախտաբար ունենք պետություն, կառավարություն: Նրանք պետք է եկեղեցու հետ միասին զբաղվեն Վրաստանում հայ եկեղեցիների պահպանման խնդրով, թեկուզեւ աղանդավորական շարժումների խնդիրներով: Մենք արդեն կայացած պետություն ենք եւ պետական մակարդակով կարող ենք երկխոսության մեջ մտնել խնդիր ունեցող երկրների հետ՝ հայկական հետքերը պահպանելու համար: Օրինակ՝ աղանդների մասով. եթե Ֆրանսիայի նման պետությունը «Եհովայի վկաներին» չի գրանցել՝ իբրեւ այդպիսին, կարող էր նաեւ Հայաստանը չգրանցել իբրեւ այսպիսին: Սա պետական հարց է»:
Իսկ այդ դեպքում ի՞նչ դեր ունի եկեղեցին եւ ի՞նչ պետք է անի, Ա. եպիսկոպոս Ժամկոչյանն ընդգծեց. «Եկեղեցին պետք է ունենա մեծ թվով հոգեւորականներ, Երեւանն էլ՝ շատ եկեղեցիներ: Եթե շատ լինեն եկեղեցիները, հոգեւորականների եւ ժողովրդի շփումը ավելի սերտ կլինի: Այժմ մեր խնդիրն է՝ պայքարել բոլոր այդ մարտահրավերների դեմ: Այս հարցում շատ թերացումներ կան: Եկեղեցու դերը մարտահրավերների դեմ՝ ուսյալ, գիտակից հոգեւորական ունենալն է: Հենց այդ պատճառով էլ մենք պետք է շատ եկեղեցիներ ունենանք Երեւանում, որպեսզի հոգեւորականները շատ լինեն: Մի հոգեւորականը չի կարող ամբողջ մի համայնքին իր ծառայությունները մատուցել, շրջել տներով. սա է լավագույն պայքարը՝ հոգեւորականների այցելությունները տներ»:
ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի խոսքով, գիտաժողովի թեմատիկան արդիական է. «Այսօր թե՛ ներկայիս ապահով Եվրոպայում, թե՛ ասիական աղքատիկ երկրներում կրոնական հակասություններ կան: Այս բացթողումն ունի նաեւ Հայաստանը: Մասնավորապես մեր երիտասարդությունը այսօր զինված չէ համապատասխան գիտելիքներով, չունեն այն մակարդակը, որ կարողանան դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին: Այս տեսանկյունից կարեւոր է համապատասխան բնագավառների գիտնականների, հետազոտողների, ուսումնասիրողների մտքի համադրումը, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդային դերը երիտասարդների կրթության հարցում, ինչն ապահովում է այս գիտաժողովը»:
Հնագիտության եւ ազգագրության ազգային ինստիտուտի տնօրեն Պավել Ավետյանն էլ նշում է. «Ապագայում մեր ճակատագիրը կախված է այն բանից, թե քաղաքակրթությունների երկխոսությունները, մրցակցություններն ու բախումներն ինչպիսին կլինեն եւ ուր կտանեն մարդկությանը: Ու այս ամենի մեջ մեծ դեր ունեն կրոնն ու կրոնական մտածողությունը, ինչպես նաեւ հասարակության վերաբերմունքը կրոնին ու եկեղեցուն: Մարտահրավերների շարքում պետք է քննարկել նախ եւ առաջ մարդ եւ եկեղեցի հարաբերությունները: Սրանք առաջնային գիտական քննարկումների առարկաներն են: Իսկ մարտահրավերներին դիմադրելու, դրանք հասկանալու համար նման գիտաժողովները էական նշանակություն ունեն»:
Գիտաժողովը ընթացավ երկու խմբով՝ զուգահեռաբար տարբեր դահլիճներում քննարկվեցին հայ եւ ռուս եկեղեցական արդի հարաբերությունները, կրոնն ու կրոնականը հյուսիսկովկասյան տարածաշրջանում, հայոց ավանդական տոները՝ ժամանակակից կրոնական եւ ժողովրդական դրսեւորումներով, ավանդական ընտանեկան ծեսերը Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգում եւ այլ թեմաներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930