Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԱՐԱՏԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Նոյեմբեր 11,2010 00:00

\"\"Մեկ տարի դադարից հետո կրկին բարձրագույն խմբի առաջնություն է վերադառնում Երեւանի «Արարատը»: 
Թեեւ առաջին խմբի առաջնության ավարտին դեռ մեկ տուր կա, սակայն մոտակա մրցակից «Բանանց-2»-ի պարտությունն «Արարատի» համար արդեն իսկ բացել է բարձրագույն խմբի առաջնության դռները: Այժմ հայկական ֆուտբոլի լեգենդը 52 միավորով առաջինն է ու արդեն՝ անհասանելի որեւէ թիմի համար: Սակայն հարկ է նշել նաեւ, որ նույնիսկ եթե «Արարատը» զբաղեցներ վերջին հորիզոնականը, միեւնույն է, վերադարձն ուժեղագույնների շարք՝ ապահովված էր, քանի որ բոլոր մրցակիցները բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող ակումբների դուստր-թիմերն են: Հենց այստեղից են սկիզբ առնում հայկական ֆուտբոլի՝ անմրցունակ լինելու հիմքերը: Երբ մրցակցության միակ իմաստը ողջ առաջնության ընթացքում բացառապես մեդալների հարգով է պայմանավորված լինում, առաջընթացի ու զարգացման մասին խոսք լինել չի կարող: Մինչդեռ, ստորին դիվիզիոնների որակն ու հնարավորությունները անմիջականորեն ազդում են հիմնական առաջնության, հետեւաբար, հավաքականի ցուցադրած ֆուտբոլի վրա՝ կազմելով անխախտ հիերարխիա:
Իսկ մեզ մոտ, ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը, թե մրցակցությունն է անհիմն, թե մրցումների կազմակերպման ձեւաչափը: Այդպես էլ իր ձեւակերպումը ու դրան համապատասխան կիրառումը չի ստացել առաջին եւ բարձրագույն խմբերում, համապատասխանաբար, հաղթողների ու պարտվողների տեղափոխությունների հարցը: Առաջնություն-2009-ը տարիների դադարից հետո առաջինն էր, որից վերջին հորիզոնականը զբաղեցրած թիմը՝ «Արարատը», լքեց բարձրագույն խումբը: Մինչ այդ՝ մի քանի մրցաշրջան «Կիլիկիան» տարբեր միջոցներով ու պատճառաբանություններով պահպանում էր իր տեղը: Այդ բոլոր միջոցները՝ օրինական (անցումային խաղի տեսքով) եւ ոչ այնքան (ուղղակի որոշման տեսքով), նախորդ առաջնության ավարտից հետո չկիրառվեցին: Ավելին, ՀՖՖ նախագահը հայտարարեց, որ եթե «Արարատը» զբաղեցնի վերջին հորիզոնականը, ապա ստիպված կլինի լքել բարձրագույն խումբը եւ հանդես կգա առաջինում: Այդ պարագայում երեւի ավելի ներկայանալի կերպով կվերադառնա ուժեղագույնների կարգը»: Մեկնաբանություններից չխուսափեց նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը՝ նշելով, որ «արդեն անհետաքրքիր է դառնում առաջնությունը, երբ տնապահներից դուրս չեն թողնում։ Պետք է դուրս թողնեն, որ ակումբները սթափվեն, ուժեղ կազմ հավաքեն, լավ պատրաստվեն եւ լուրջ մոտենան»։ Բնականաբար, երկու մեկնաբանություններն էլ ադեկվատ էին, մարզական ու, հետեւաբար, շատ բնական, բայց եթե դրանք դիտարկում ես մրցակցության առումով կայացած համակարգերի տեսանկյունից: Մինչդեռ, հայկական ֆուտբոլի պարագայում դրանք ավելի քան տարօրինակ են հնչում:
Այսքանով հանդերձ՝ բնավ նպատակ չունենք որեւէ կերպ արդարացնել նախորդ առաջնությունում «Արարատի» ցուցադրած, մեղմ ասած, անփույթ ու անորակ ֆուտբոլը եւ առավել եւս՝ «Արարատի» ղեկավարության նույնքան անփույթ ու անորակ, նույնքան անպատասխանատու վերաբերմունքը հայկական ֆուտբոլի պատմության մեջ իր ուրույն ու անսասան տեղը զբաղեցնող այս թիմին, որն ունեցել է թե վերելքներ, թե անկումներ, բայց երբեւէ այսպես չի տրվել բախտի քմահաճույքին, որքան վերջին տարիներին:
Ու այժմ էլ, երբ «ներումը» դե յուրե ձեւակերպված է, ու ամիսներ անց «Արարատը» կրկին ուժեղագույնների շարքում է հանդես գալու, ակումբի ղեկավարները մտադիր չեն լուրջ ներդրումներ կատարել, ինչպես օրեր առաջ հայտարարել էր ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանը: «2011 թվականին թիմի առջեւ լուրջ խնդիրներ չենք դնելու, ուստի չենք նախատեսում լուրջ համալրումներ», պատճառն էլ «մատների արանքով» վերաբերմունքի հայկական ֆուտբոլում գործող երկակի ստանդարտներն են, որոնց մասին արդեն խոսեցինք: Բայց ակնհայտ է մի բան. եթե յուրաքանչյուր թիմ առաջնորդվի այդ սկզբունքով, ապա ինքնաբերաբար կխրախուսի երկակի ստանդարտների արմատակալմանը:
Իսկ արդյո՞ք դա է մեր ֆուտբոլի վաղվա օրվա միակ հեռանկարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել