Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ «զենք» են օգտագործում աղանդավորները

Նոյեմբեր 12,2010 00:00

Արձանագրվում են կրոնական շարժառիթներով կատարված հանցագործություններ

\"\"Երեկ «Արմատ» ակումբում «Աղանդները՝ սպանությունների եւ ինքնասպանությունների պատճառ» թեմայով զրուցեցին «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը, սոցիոլոգ Հայկ Սահակյանը եւ հոգեբան Մարինե Ավետիսյանը:

Ա. Ամարյանի ձեւակերպմամբ՝ այսօրվա դրությամբ հոգեւոր կառույցների կողմից կատարված հանցագործությունների մասին Հայաստանում ոչ մի վիճակագրություն չկա, ինչի պատճառն էլ, ըստ նրա, համապատասխան մասնագետների բացակայությունն է:

Ա. Ամարյանը նաեւ ասաց, որ իրեն հայտնի են մի քանի հանցագործություններ, որոնք, սակայն, չեն արձանագրվել՝ որպես կրոնական շարժառիթներով կատարված հանցագործություն:

Բանախոսի խոսքերով, 2001 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է զեկույց, որտեղ եղել էին կրոնական շարժառիթներով կատարած հանցագործությունները. «Դա փոքր զեկույց էր, որտեղ ընդամենը նշված էր, որ որոշ աղանդավորներ խուսափում են բանակում ծառայելուց, մի քանի կետ էլ վերաբերում էր ինքնասպանության դեպքերին»:

Ա. Ամարյանը շեշտեց, որ դեպքեր են եղել, որոնք կարելի էր հստակ գրանցել՝ որպես կրոնական շարժառիթներով կատարված սպանություն, սակայն գրանցվել են՝ որպես կենցաղային սպանություններ:

Ա. Ամարյանը հիշատակեց 2004 թվին 12-ամյա աղջնակի ինքնասպանության դեպքը: Բանախոսը ասաց, որ աղջնակի սենյակը լի էր հոգեւոր գրականությամբ: Եվ սենյակ մտնելուց հստակ երեւում էր, որ այդ երեխան չի ունեցել մանկություն: Սակայն փորձագետները տվեցին եզրակացություն, որ դա կատարվել է կենցաղային ֆոնի վրա, մոր կարոտի հետեւանքով:

Ա. Ամարյանը անդրադարձավ նաեւ օրերս Սեւանում 23-ամյա Արման Թորոսյանի կատարած հանցագործությանը, որը սպանել էր ծնողներին՝ կիրառելով հատուկ դաժանություն. «Ցավոք, միայն այս դեպքն է գրանցվել՝ որպես կրոնական շարժառիթներով կատարված սպանություն»:

Սոցիոլոգ Հայկ Սահակյանն էլ իր խոսքում ասաց, որ վիճակագրություն չի կարող ներկայացնել՝ կրոնական շարժառիթներով կատարված սպանությունների մասին: Եվ, ըստ նրա, մարդն աղանդներում ընդգրկվում է տարբեր պատճառներով, որոնցից մեկը օտարվածությունն է հասարակությունից՝ դա կարող է լինել սեփական նախաձեռնությամբ կամ հասարակության կողմից դուրս մղվելու հետեւանք: Հ. Սահակյանի համոզմամբ, աղանդավորական շարժումներում այդ կարգի անձանց համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ հիմնված զգացմունքների եւ էմոցիաների վրա:

Այլ կարծիք ուներ հոգեբան Մարինե Ավետիսյանը: Ըստ նրա՝ «վերջին շրջանում ավելի են շատացել հարազատներին սպանելու դեպքերը: Չեմ ուզում սպանության դեպքերը կապել միայն աղանդների հետ, որովհետեւ այն կարող է լինել պարզապես առիթ: Իսկ աղանդավոր դառնալու հակված են այն մարդիկ, որոնք գտնվում են հոգեկան անկայուն վիճակում, թեեւ ցանկացած խումբ, ցանկացած կազմակերպություն կարող է ներգործել անկայուն մարդու վրա: Բայց եթե ընտանիքը ամուր հիմքերի վրա է ստեղծված, դժվար թե այդ ընտանիքի անդամների վրա ազդեն աղանդավորները»:

Ա. Ամարյանը, չհամաձայնելով հոգեբանի կարծիքին, նշեց. «Աղանդավորները մարդկանց ուղեղն են լվանում: Արդյունքում մարդը չի գիտակցում, թե ինչ է կատարվում իր հետ: Նա պարզապես ստանում է հրաման: Եվ մարդը ունակ չէ պատկերացնելու այդ հրամանի հետեւանքները: Մենք չգիտենք, թե ի՞նչ մեխանիզմներ են օգտագործվում աղանդավորների մոտ: Հավատացեք, այդ մեխանիզմներով կարելի է ցանկացած հանցագործության մարդուն դրդել, անկախ ընտանիքի ամրությունից: Այսօր կա մի զենք, որ կարող է մարդուց ամեն ինչ սարքել: Խոսքը ակուստիկ զենքի մասին է: Դա վերջին 30 տարվա ընթացքում ստեղծված զենք է, որը պահելով ցանկացած մարդու վրա՝ կարողանում են նրա մեջ ստեղծել ագրեսիա, առաջացնել միասեռականություն եւ այլն»:

Ամարյանը չբացառեց, որ այդ զենքը օգտագործվում է նաեւ կրոնական կառույցներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930