Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպայի կենցաղը հրապուրիչ է»

Նոյեմբեր 24,2010 00:00

Ինչքան էլ որ «եվրոպացանք»՝ միեւնույն է՝ «կարմիր խնձորը» չի մոռացվի

Եթե մի աչքով նայենք ասիացուն, իսկ մյուսով՝ եվրոպացուն, տարբերությունը ակնհայտորեն կզգանք: Ասիացիները իրենց ավանդույթները, մշակույթը կրող եւ պահպանող ժողովուրդ են, երբեմն սնապաշտ, հետաքրքիր՝ թե՛ իրենց մտածելակերպով եւ թե՛ վարվելաձեւով: Միգուցե ասիացիների ավանդույթները եւ սովորույթները եվրոպացու համար ըմբռնելի չլինեն, ու չի բացառվում, որ նրանց շատ բան «վայրի» թվա:
Ասում են՝ դժվար է ձգտել նմանվել եվրոպացու, եթե Եվրոպայում երբեւէ չես եղել: Թեեւ մենք կահավորում ենք մեր տունը եվրոպական ոճով, առօրյան փորձում անցկացնել եվրոպացու պես, բայց, միեւնույն է, այս ամենը բավարար չէ նրանց հասնելու համար: Որքան էլ ձեւացնենք, թե շատ ազատ ենք մեր վարքի, մտածելակերպի մեջ, հոգեպես մնում ենք նույն ավանդապաշտը: Այս մասին է վկայում, օրինակ, մեզ դարերով փոխանցված ու չփոփոխված հենց «կարմիր խնձորի» ավանդույթը: Եվ որքանով էլ երիտասարդությունը դեմ արտահայտվի այդ երեւույթին՝ միեւնույն է, գալիս է մի պահ, երբ հենց նրանք են կատարում այդ «ծեսերը», մի պահ մոռանալով, որ «եվրոպացիացել» էին…
Ասիացիները շատ լուրջ քայլ են համարում ամուսնությունը, իսկ ամուսնալուծությունը դիտում իբրեւ խայտառակություն: Այս ամենը արդեն մտած է մեր հոգեբանության մեջ, մինչդեռ ամուսնալուծությանը եվրոպացիները հիվանդագին չեն վերաբերվում:
Հոգեբան Սեյրան Ամիրյանն ասում է. «Մենք ունենք կայուն, մնայուն, հիմնարար արժեքներ՝ կապված ընտանիքի հետ, երեխայի դաստիարակության, ամուսնական հարաբերությունների հետ, որոնք ոչ մի եվրոպական կառույցի մեջ չեն մտնում: Ընդհանրապես՝ ընտանիքի մասին խոսելիս պետք է հաշվի առնել ընտանեկան սկզբունքները, օրինակ, թե ամուսնական հարաբերությունների մեջ հոգեւոր արժեքները ի՞նչ դեր են կատարում, թե որքանո՞վ են կինն ու ամուսինը իրար հավասարազոր համարում հասարակական կյանքի որեւէ երեւույթների քննարկման ժամանակ, կամ ի՞նչ նշանակություն են տալիս համաշխարհային մշակույթի արժեքներին: Կարեւորվում է նաեւ նրանց աշխարհայացքների ու դիրքորոշումների ընդհանուր լինելը ազգային հարցերի նկատմամբ»:
Նրա կարծիքով՝ ասիացու ընտանիքի հիմնարար արժեքներից են ազգապահպան գաղափարախոսությունը, մինչամուսնական սեռական հարաբերություններ չունենալը, ինչպես նաեւ երեխաների «առողջ» դաստիարակությունը:
Ըստ հոգեբանի՝ սովորաբար երեխաները ձգտում են դեպի Եվրոպա, որովհետեւ Եվրոպայի կյանքը, կենցաղը հրապուրիչ է. «Այսօր գրեթե բոլոր ազգերը վերանայում են ընտանիքի նկատմամբ իրենց հայացքները: Այնպիսի արժեքներ են մտնում ընտանիք կառույցի մեջ, որոնք բոլոր տարբերությունների եզրերը հարթում են, նմանեցնում»:
Իսկ ասիական ընտանիքներին բնորոշ հանգամանքը՝ երեխայի «կախվածությունը» իր ընտանիքից, Ս. Ամիրյանը այսպես բացատրեց. «Յուրաքանչյուր մարդ ձգտում է երջանկության, որը կապված է պահանջների բավարարման հետ: Մեր ընտանիքներում ծնողները ամեն կերպ բավարարում են երեխայի պահանջմունքները: Նրանց ջերմացնում են, պաշտպանում, հոգ են տանում նրա մասին: Այս ամենը նրանց թույլ է տալիս մարդկայնորեն զգալ մարդ կոչվելու բոլոր գործոնները, եւ հոգեվիճակը բավարարվում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել