Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԸ` ՀԱԿԵՐՆԵՐԻ ԹԻՐԱԽ

Փետրվար 01,2011 00:00

Հունվարի 29-ին emPer0rshiP անունով հակերական խումբը կոտրել էր Smart Systems ընկերության՝ Կանադայում տեղադրված սերվերը: Ըստ ԶԼՄ-ների՝ հարձակումներից տուժել են ընկերության հոսթինգից օգտվող 295 կայքերը: «Առավոտի» հետ զրույցում Smart Systems-ի հիմնադիր Ստեփան Ասլանյանը տեղեկացրեց, որ «կոտրված» կայքերի քանակն իրականում 190 է. «Շրջանառվող թիվը, թե 295 կայք է կոտրված, անգրագետ մեկնաբանում է, ցույց են տվել դոմեյնների ցանկը, որոնք տեղադրված են սերվերի վրա»: Նրա տեղեկացմամբ, կայքերի մեծ մասը վերականգնված է, բայց կան որոշները, որոնք մեծ ծավալով ինֆորմացիա են պարունակում, եւ դրանք վերականգնելը երկար ժամանակ կտեւի: Երեկ երեկոյան դեռեւս չէին գործում ընկերության հոսթինգից օգտվող www.antares.am, www.reso.am, www.artlife. am եւ մի շարք կայքեր: «Կա խնդիր նոր տեղափոխված կայքերի հետ, մոտ 10-15 նման կայք կա, որոնք վերականգնման պրոցեսի մեջ են»,- ասաց Ս. Ասլանյանը: Հարցին, հարձակումը թուրքակա՞ն, թե՞ ադրբեջանական ձեռագիր է, Ս. Ասլանյանը դժվարացավ հստակ պատասխանել եւ նշեց, որ սերվերը փորձաքննության ենթարկելու համար հանձնել են համապատասխան կազմակերպությանը՝ պարզելու, թե ինչպես է տեղի ունեցել հարձակումը. «Համենայնդեպս, IP-ները եղել են ադրբեջանական, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, տեքստը կիսաթուրքերեն-կիսաադրբեջաներեն էր»: «Առավոտի» հետ զրույցում տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, մեկնաբանելով այս հարձակումը, նշեց. «Կոտրված կայքերի քանակից իրականում պետք չէ վախենալ, անվտանգության խոցելիության պատճառով հակերները ներխուժել են սերվերի վրա եւ կոտրել բոլոր կայքերը: Դա կարող է լինել ծրագրային ապահովման չթարմացվելուց կամ, հնարավոր է, «կոտրել» են ադմինիստրատորի համակարգիչը ու գողացել ծածկագիրը»: Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, նման մի զանգվածային հարձակում էլ եղել էր 2009-ի օգոստոսին: «Գրառումներից կարելի էր կռահել, որ թուրքական ձեռագիր է՝ հավանաբար ոչ թե խմբով, այլ՝ մեկ հակերով»,- կարծում է փորձագետը: Ինչ վերաբերում է կայքերի՝ շուրջ 3 օր «ջարդված» մնալուն, Ս. Մարտիրոսյանն ասաց. «Վախենում եմ ինչ-որ բաներ չիմանալով քննադատել, բայց, ըստ իս, պետք է որ այդքան երկար չտեւեր»: Նշենք, որ ի պատասխան այդ հարձակման, հայկական mozambicoArmeniCo հակերական խումբն էլ «ջարդել» է ավտոբիզնեսով զբաղվող ադրբեջանական խոշոր մի ընկերության www.sulh.az կայքը՝ տեղադրելով «Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան…» գրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել