Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ե՛Վ ԳՈՎԵՑԻՆ, Ե՛Վ ՔՆՆԱԴԱՏԵՑԻՆ ՎՐԱՍՏԱՆԻՆ

Ապրիլ 14,2011 00:00

Երեկ ԵԽԽՎ-ն քննարկեց Վրաստանի ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման հարցը, որի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պատվիրակության 3 անդամներ: Նախ՝ Եվրոպական ժողովրդավարներ խմբի անունից ելույթ ունեցավ Դավիթ Հարությունյանը, որն ընդգծեց Վրաստանում իրականացված էական բարեփոխումները եւ «հսկայական հաջողությունը կոռուպցիայի դեմ պայքարում»: Նաեւ նշեց. «Վերջին 2 տարիների ամենակարեւոր արդյունքը Վրաստանում աճող քաղաքական հասունությունն է՝ ոչ միայն կառավարման համակարգի, այլ նաեւ վրաց հասարակության»: Ըստ պրն Հարությունյանի՝ դեռ մնում են հարցեր մասնավորապես ազգային փոքրամասնությունների իրավունքների, կրոնական ազատությունների, ազատ տեղաշարժի վերաբերյալ:
Հաջորդը Արմեն Ռուստամյանն էր, որը ողջունելով Վրաստանի իշխանությունների իրականացրած առաջընթացը՝ էլի անդրադարձավ ազգային փոքրամասնությունների իրավունքներին եւ ազատություններին: Հետո խոսելով կրոնական հանդուրժողականության մասին՝ արծարծեց Հայաստանի Առաքելական եկեղեցու՝ Վրաստանում իրավական կարգավիճակի խնդիրը:
Ելույթ ունեցավ նաեւ Զարուհի Փոստանջյանը, որը հայտարարեց. «Վրաստանն արդեն 10 տարի է՝ Եվրոպայի խորհրդի անդամ է, սակայն մշտապես հրաժարվում է ստորագրել Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան»: Այս փաստարկը հնչել էր նաեւ Արմեն Ռուստամյանի ելույթում: Զարուհի Փոստանջյանն անհապաղ լուծման կարոտ անվանեց լեզվական, կրթական, մշակութային եւ կրոնական մի շարք խնդիրներ: Եվ օրինակների շարքում նշեց, որ «ազգային փոքրամասնությունները չեն կարողանում շարունակել բարձրագույն կրթությունն իրենց մայրենի լեզուներով, եւ մասնագետները պարբերաբար հեռացվում են վարչական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններից՝ վրացերենին անբավարար տիրապետելու պատճառով»: Զարուհի Փոստանջյանը հանգամանալից անդրադարձավ նաեւ Վահագն Չախալյանի բանտարկությանը: Եվ կոչ արեց Վրաստանի իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել Չախալյանին, «դադարեցնել քաղաքական հետապնդումները ջավախքահայ հասարակական ակտիվիստների նկատմամբ», հայերենին տալ «տարածաշրջանային լեզվի կարգավիճակ»՝ մեծ մասամբ հայերով բնակեցված շրջաններում եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել