Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային տարածքները՝ «պլանի» տակ

Հունիս 14,2011 00:00

Հունիսի 12-ին Սարգիս Միքայելյանի  «Թեթեu սոլիդ» հեռուստահաղորդման հյուրն էր  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Կարեն Ջանգիրովը: Խոսելով թատրոնի արդի վիճակից, նա  մասնավորապես անդրադարձավ իրենց թատրոնին, որից միայն անունն է մնացել, ասելով, թե Մայր թատրոնը հաստատուն քայլերով դեպի մահ է գնում, ամեն ինչ կործանվում է. «Ոչ միայն ռեպերտուար չկա, այլեւ ծրագիր՝ ընդհանրապես, թատրոնն էլ բաժանվել է թայֆաների, որոնք իրենց վրա են ռեպերտուար կառուցում»: Նա հիշեցրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այն  չարչրկված հայտարարությունը, թե երբ Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը գնա, ներկայացում բեմադրելու համար ռեժիսորների հերթեր են լինելու. «Բայց այդ հերթերը կարծես չեն գոյանում»: Ճանաչված դերասանը իրավացիորեն փաստեց, որ թատրոնի ճակատագիրը չի հետաքրքրում ոչ տնօրեն Ստեփան Դավթյանին, ոչ էլ մշակույթի նախարարին. «Ղեկավարը արվեստի մարդ պետք է լինի, որ հետաքրքրի, ինչպես նախարարը պետք է արվեստի մարդ լինի եւ ոչ թե միկրոբիոլոգ»: Նրա խոսքով, այսօր Սունդուկյան թատրոնի այցեքարտն է դարձել «7 ու կեսը», երիտասարդ դերասաններն էլ փախչում են դերերից, որովհետեւ գերադասում են սերիալներում նկարվել. «Այսօր չկա դերասանություն, բոլորը տեքստասանությամբ են զբաղված»:
Նկատենք, որ Հ. Պողոսյանի հորջորջած «ազատ բեմ» ասվածը այդպես էլ չկայացավ, ինչի արդյունքում իբր պետք է գեղարվեստական ղեկավար կամ գլխավոր ռեժիսոր ընտրվեր: Ավելին, այսօր, քան երբեւէ, Հասմիկ Պողոսյանի անունը ավելի շատ է շրջանառվում այս կամ այն մշակութային օջախը քայքայելու եւ հետագայում տարածքին տիրանալու կամ ուրիշի հետ կիսելու առումով: Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գայանե Դուրգարյանը երաժշտագիտական գրադարանի տարածքի վաճառված լինելու մասին մամուլի հրապարակումների վերաբերյալ «Առավոտին» ասաց, որ գրադարանը համայնքային ենթակայություն ունի, ուստի նախարարությունը չի կարող այն վաճառել:
Ինչ վերաբերում է Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տարածքի հանդեպ նախարարի ախորժակի մասին համառ լուրերին, տիկին Դուրգարյանն ասաց՝ կտրականապես հերքում ենք: Մեր տեղեկություններով, «պլանի» տակ է նաեւ ՆՓԱԿ-ի տարածքը: Հավակնություններ ունի նախարարի մերձավորագույն կինոռեժիսորներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930