Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՆ ԼԵՆ. «ՀԱՅԵՐԸ ՊԱՇՏՈՒՄ ԵՆ ՆԺՈՒՅԳՆԵՐԻՆ»

Հունիս 14,2011 00:00

\"\"Եվրոպայում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի դեսպան, ֆրանսահայ Քրիստիան Զատիկյանի առաջարկով եւ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանի հրավերով Երեւանում էր գտնվում Ֆրանսիայի կառավարությունում ձիերի հարցերով զբաղվող կազմակերպության ղեկավար Ժան Լենը:
Նա եղել է Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում, ձիասպորտի ակումբներում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, եւ տեղում մարզաձեւի զարգացմանն աջակցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Այդ առիթով «Արարատ» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսում Հայրապետ Հայրապետյանը լրագրողներին տեղեկացրեց, որ համագործակցությունը լինելու է շարունակական եւ ձիասպորտի միջոցով նպաստելու է Հայաստանում ընդհանրապես սպորտի զարգացմանը:
Ժան Լենն ասաց. «Ֆրանսիայում ձիերի հետ տարվող աշխատանքի, որպես մարզաձեւի եւ ժամանցի, մեծ փորձ կա եւ մենք ուզում ենք այդ փորձը փոխանցել մեր բարեկամներին, ինչը կնպաստի հատկապես ձիասպորտի զարգացմանը: Ես հայ ընկերներ շատ ունեմ:: Գիտեի ու այստեղ էլ համոզվեցի, որ հայերը պաշտում են նժույգներին: Ձիասպորտի կենտրոնում գործերը նորմալ են: Սակայն պետք է վազքուղիներն ավելացնել, ախոռների վիճակը բարելավել: Մեր համագործակցությունը կլինի հիմնականում երեք ուղղություններով: Առաջինը՝ թարմացնել ձիերի գենետիկան. նկատի ունեմ զտարյուն ձիեր բերելը Հայաստան: Երկրորդը տեխնիկական բնույթի է, այսինքն՝ մարզագույքի ձեռքբերումը: Եվ երրորդն ու, թերեւս, ամենակարեւորը՝ մասնագետների որակավորումը: Այդ նպատակով ձեր մարզիչները կգան մեզ մոտ, ֆրանսիացի, ինչու չէ, նաեւ իտալացի, բելգիացի եւ այլ մասնագետները մեր ծրագրին կաջակցեն: Դրա համար, կարծում եմ, մոտ ժամանակներս այստեղ կգործի հատուկ մասնագիտացված դպրոց, որտեղ էլ կկազմակերպվեն դասընթացները մարզաձեւի ձեր ներկայացուցիչների հետ»:
«Առավոտի» խնդրանքով Հայրապետ Հայրապետյանը խոսեց նաեւ հայկական անձնակազմերի, մասնավորապես՝ Ֆրանսիայում գործող ձիասպորտի «Արարատ» ակումբի անդամների՝ միջազգային մրցումների մասնակցության մասին, որոնք օլիմպիական վարկանիշային են: «Հատկապես արտերկրում բնակվող եւ մարզվող մեր մարզիկներն այսուհետեւ միջազգային ասպարեզ մտնելու համար պետք է մասնակցեն Հայաստանի առաջնությանը: Թող գան, իրենց փորձը բերեն, մասնակցեն, իրենց ցույց տան: Ու այդ ժամանակ նրանց Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու հնարավորություն կտանք: Ինչ վերաբերում է մեր առաջատար, գերմանաբնակ Քերի Աղաջանյան-Շոպֆին, որ բնակվում է Գերմանիայում եւ հիմնականում հանդես գալիս գեղավարգում, «Grand Prix»-ում հաղթած նժույգ է գնել եւ կոնկուրում մասնակցել է միջազգային բարձրակարգ մրցման՝ երեք մրցաձեւերի հանրագումարով գրավելով վեցերորդ տեղ, ինչը լուրջ նվաճում է: Նա մոտ ժամանակներս հանդես կգա մեկ այլ մրցումում, որից հետո մեկնարկի կելնի սեպտեմբերին: Ի դեպ, Քերիի մարզական կարգն այնքան բարձր է, որ նա մասնակցում է միայն միջազգային ֆեդերացիայի 4-5 աստղանի եւ օլիմպիական վարկանիշային մրցումներին: Տեղի մեր մարզիկներն էլ հանդես են գալիս ոչ միայն Հայաստանում կազմակերպվող մրցումներում, որոնց մեջ արդեն միջազգային էլ կա, այլեւ՝ դրսում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930