Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները մեկնում են Սերբիա

Հունիս 16,2011 00:00

\"\"Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճերի ըմբշամարտի երիտասարդական հավաքականները պատրաստվում են մեկնել Սերբիա՝ մասնակցելու այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնություններին:
Ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը, որի ղեկավարած թիմը մրցավայր մեկնելու է հունիսի 19-ին, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մարզչական խորհուրդը նպատակահարմար է գտել Սերբիայում հանդես գալ վեց ըմբիշով: Նրանք են. 50 կգ քաշային կարգ՝ Արտակ Հովհաննիսյան, 55 կգ՝ Մաթեւոս Սարոյան, 60 կգ՝ Նարեկ Սիրունյան, 66 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 74 կգ՝ Գեւորգ Համբարձումյան եւ 84 կգ՝ Վահե Թամրազյան:
Մեր հարցին, թե ինչո՞ւ է հավաքականը թերի կազմով մեկնում Եվրոպայի առաջնություն, Ա. Վարդանյանը պատասխանեց. «Նախ ասեմ, որ նախապատրաստական ամբողջ շրջանն անցել է նորմալ: Ֆեդերացիան ժամանակին ու լիարժեք ապահովել է ուսումնամարզական հավաքների անցկացման եւ մրցաշարերի մասնակցության մեր բոլոր ծրագրերը: Վերջերս մեր տղաները մասնակցեցին Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարի, որը, սակայն, ցույց տվեց, որ 96-120 կիլոգրամ քաշային կարգերում առայժմ չունենք այնպիսի ըմբիշներ, որոնք կկարողանային արժանի մասնակցություն ունենալ Եվրոպայի առաջնությունում: Սակայն մենք նրանց վարպետության բարձրացման ուղղությամբ աշխատում ենք: Եթե տղաները պահանջվող չափով աճեն, հաջորդ տարի կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Նրանց տարիքը դեռ դա թույլ է տալիս»:
Խոսելով Սերբիայից մեր ակնկալիքների մասին՝ Ավետիք Վարդանյանը կոնկրետ խոստումներ չտվեց: «Վնասվածքներ ունեցող տղաներ չկան, – ասաց նա: – Մեր մրցակիցներին լավ ճանաչում ենք: Ուժեղ ըմբիշներ են Սերբիայում մրցագորգ մտնելու: Սակայն մեր տղաներն էլ լավ մասնակցելու հնարավորություններ ունեն: Պիտի սպասենք»:
Հունիսի 23-ին Սերբիա կուղեւորվի նաեւ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականը, որն այս օրերին վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում: Գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի խոսքերով՝ հավաքին մասնակցում է 20 ըմբիշ, որոնցից ինքն արդեն ընտրությունը կատարել է: «Եվրոպայի առաջնությունում մենք ներկայացված ենք լինելու ամբողջական թիմով: Ներկայացուցիչներ ունենք բոլոր ութ քաշային կարգերում էլ՝ Ռուդիկ Մկրտչյանը՝ 50 կգ, Նարեկ Խաչատրյանը՝ 55 կգ, Ասլան Պողոսյանը՝ 60 կգ, Հայկ Արշակյանը՝ 66 կգ, Եվրոպայի պատանիների չեմպիոն Ռուբեն Ղարիբյանը՝ 74 կգ, Արգիշտի Աբգարյանը՝ 84 կգ, Արթուր Ալեքսանյանը՝ 96 կգ եւ Վաչե Եղիազարյանը՝ 120 կգ: Ի դեպ, 74 կգ քաշային կարգում ունենք երկու հավասարազոր ըմբիշներ՝ Ռուբեն Ղարիբյանը եւ Ռաֆիկ Մանուկյանը: Ու արդեն միանշանակ որոշված է, որ Ռաֆիկը հանդես է գալու աշխարհի առաջնությունում»:
Արմեն Բաբալարյանը նույնպես գոհունակություն հայտնեց ֆեդերացիայից. «Նախապատրաստության փուլում ոչ մի խնդիր չենք ունեցել: Հավաքները կազմակերպվել են ճիշտ ժամանակին ու լիարժեք: Տղաները մասնակցել են երեք միջազգային մրցման: Իսկ ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնությունում սպասվելիք մեդալներին, եկեք ժամանակից առաջ չանցնենք: Գորգն ամեն ինչ ցույց կտա»,- եզրափակեց մարզիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել