Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՂՊԱՂԱԿԸ՝ ՔՈ ՄԱՍԻՆ

Հունիս 16,2011 00:00

\"\"Պաղպաղակային հետազոտություն՝ խառնվածքի վերաբերյալ

Թող զարմանալի չթվա, բայց մարդու եւ պաղպաղակի միջեւ գոյություն ունի «անմիջական կապ»: Մասնագետների կարծիքով, տարբեր պաղպաղակներ կարող են շատ մանրամասներ հաղորդել սպառողի անհատականության եւ ձգտումների մասին: Ամառվա այցի հետ մեկտեղ աճում է նաեւ պաղպաղակի տեսակների ընտրության խնդիրը՝ տեսնելով խանութներում վաճառվող սուրճի, ելակի, մանգոյի, վանիլային եւ տարբեր համերով գունավոր փաթեթավորված պաղպաղակներ:
Ըստ գերմանացի հոգեբան Ալֆրեդ Գեբերտի՝ սուրճի համով պաղպաղակի սիրահարներն օժտված են ճարպկությամբ եւ թեթեւ բնավորությամբ, կարծես ստեղծված լինելով խրախճանքների համար: Նրանք սիրում են զարմացնել շրջապատին տարբեր նորամուծություններով՝ զվարճացնելով ընկերներին: «Սուրճի համ հիշեցնող պաղպաղակներ նախընտրողները առհասարակ շփվող են, շրջապատում հեշտ մերվող: Իսկ կիտրոնի համով պաղպաղակի սիրահարները տանել չեն կարողանում անարդարությունը՝ ամեն գնով պաշտպանելով սեփական սկզբունքներն ու հայացքները: Երբեմն էլ այնքան կրքոտ են զրույցներում, որ կարող են նույնիսկ կորցնել չափի զգացումը: Շոկոլադե պաղպաղակ նախընտրողները լավատես են, կատակասեր եւ գրավիչ, միաժամանակ՝ նրբազգաց: Ունեն էներգիայի մեծ պաշար: Ելակի համով պաղպաղակի սիրահարները ազատամիտ են, որոնք սիրում են կյանքն ապրել ամբողջ էությամբ: Չեն սիրում լարվածություն եւ հաճախ դասվում են խաղաղ բնավորություն ունեցող մարդկանց շարքին՝ չխառնվելով այլոց խնդիրներին: Ընկույզի, պնդուկի կամ նման այլ համեր ունեցող պաղպաղակ հավանողները հուզական են՝ զգացմունքային, որոնք առաջնորդվում են սրտով եւ ոչ թե ուղեղով: Կարամելի համով պաղպաղակ նախընտրողները հաճախ տատանվող են եւ չեն հարմարվում նոր միջավայրին, սակայն, այնուամենայնիվ, սիրում են մարտահրավերներ՝ պլանավորելով սեփական ճակատագիրը, փաստ, որը տալիս է նրանց ապահովության, երբեմն էլ՝ ձանձրույթի զգացում: Իսկ էկզոտիկ մրգերի համերով պաղպաղակների սիրահարները նույնպես ազատամիտ են, ստեղծարար եւ գեղեցիկ անակնկալների կողմնակից: Վանիլային համով պաղպաղակ նախընտրողները հաճախ վստահություն ներշնչող, գաղտնապահ, դիմացինի խնդիրները լսող եւ մխիթարող անձինք են: Ադամաթուզի՝ բանանի համ ունեցող պաղպաղակ նախընտրողները ինքնավստահ են, որոնք ամեն գնով պատրաստ են պայքարել սեփական երազանքներին եւ նպատակներին հասնելու համար», – նշեց Ա. Գեբերտը Գերմանիայում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ, ներկայացնելով իր հետազոտությունները:
Մարդու ներաշխարհը բացահայտելու գործում շատ մեծ նշանակություն ունի նաեւ պաղպաղակի պատրաստման, ինչպես նաեւ մատուցման ձեւը: Այսպես, օրինակ՝ տարբեր բաղադրամասերով զարդարված պաղպաղակը բացահայտում է ժամանակակից անհատին, իսկ «բաժակով» պաղպաղակ սիրողները՝ ինքնակառավարվող, հավասարակշռված անձինք են: «Սենդվիչ» կամ «բլիթ» հիշեցնող պաղպաղակի զարդարանքը խոսում է այն մասին, որ անձը անընդհատ քաջալերման կարիք ունի: Այն մարդիկ, ովքեր նախընտրում են փայտիկի վրա ամրացված պաղպաղակները՝ անկախ անհատներ են, իսկ վաֆլե կորնետով պաղպաղակների սիրահարները կամակոր են, նրանք կարծես ամբողջ կյանքում փնտրում են հաճելի զգացումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել