Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Պասկեւիչյանին հենարան է պետք

Հունիս 24,2011 00:00

Միայն հեղաշրջումը կփրկի այսօրվա երգարվեստը: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը հավատացնում էին երգահան Սասուն Պասկեւիչյանը եւ հոգեբան Կարինե Նալչաջյանը: «Այս վիճակը համահայկական ցավ է»-, ասում է երգահանը եւ ընդունում, որ բոլորն են խոսում այդ մասին, որոշներն ասում՝ ինչի՞ է այդպես, գրեթե բոլորը գիտեն՝ ինչ պետք է արվի, բայց շատ քչերն են ասում՝ ինչպես:  Այս հարցի պատասխանը պարոն Պասկեւիչյանը գիտե, բայց դա անելու համար մի ցանկություն ունի. «Տվեք ինձ այդ հենարանը, եւ երկիրը շուռ կտամ: Թող ինձ նշանակեն գործին եւ ես ամեն ինչ կանեմ»: Երգահանն ամենեւին նախարար դառնալու ցանկություն չունի, իսկ համապատասխան հանձնարարություն ստանալուց հետո կանի առաջին քայլը, կստեղծի գեղարվեստական խորհրդի նման մարմին, որտեղ ընդգրկված կլինեն ոլորտի լավագույն մասնագետներ, ովքեր կգնահատեն երգը, կորոշեն երաժշտության եւ խոսքերի համահունչությունը, իրենց գնահատակը կտան: Սա գրաքննություն չէ: Հոգեբան Կարինե Նալչաջյանը նույնիսկ կողմ է նման «խելամիտ արգելքներին»: «Աստիճանաբար պետք է առաջարկել որակովը, որն անցել է մասնագետների թրի տակով: Այդ երգերի տակ երեխաներ են մեծանում, որոնց հոգին բաց է պրիմիտիվի համար»,- ասում է հոգեբանը: Ըստ նրա, երաժշտությունը անմիջական ազդեցություն ունի մարդու հոգեկան աշխարհի ամենախորքային շերտերի վրա, այդ պատճառով է, որ բառերով դժվար է լինում բացատրել երգի ազդեցությունը: Երաժշտությունը կարող է բուժել, բայց եւ կարող է մեծ վնաս հասցնել: «Այն երգը, որի մասին մենք այսօր խոսում ենք՝ աղավաղված երգը, հոգեխոցող է: Այն խոցում է մեր ճաշակը, միտքը, սիրտը»,- ասում է հոգեբանը եւ համաձայնում մասնագետների խորհուրդ ստեղծելու՝ պարոն Պասկեւիչյանի մտքի հետ:
 Ըստ բանախոսների, հայ երաժշտության այսպիսի աղավաղումը հանգեցնում է հոգեկան դիմագծի կորստին: Այս խնդրի լուծումը պետք է պետական մակարդակով լուծել: Բայց մարդիկ միառժամանակ խոսում են, սակայն ամեն ինչ անտարբերության է մատնվում: Ըստ հոգեբանի՝ մենք հիմա ամենախոցելի վիճակում ենք. «Ազգերը ոչնչանում են, որովհետեւ հոգեբանորեն թուլանում են, որովհետեւ կորցնում են այն առանձնահատկությունները, որոնցով ազգ են կոչվում: Եթե մշակույթը թուլացել է, մեր ինքնապաշտպանությունը նույնպես թուլացել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել