Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԵԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵ՞ՐՋ

Հունիս 29,2011 00:00

\"\"ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը մտավախություններ ունի թուրք-ադրբեջանական դիվանագիտական թայմ-աուտից:

– Կազանում տեղի ունենալիք հանդիպման շուրջ բավականին դրական մթնոլորտ էր ստեղծված, մինչդեռ այն ամենը, ինչ տեղի ունեցավ այդ հանդիպման ընթացքում եւ դրանից հետո՝ հօդս ցնդեցրին լավատեսության բոլոր փշրանքները: Ի՞նչ տպավորություն թողեց այս ամենը Ձեզ վրա:

– Ով չափից դուրս սպասելիքներ ուներ Կազանի հանդիպումից, թող վիրավորական չհնչի, բայց նրանց խնդիրն է: Ինքս Կազանի հանդիպումից մոտ երկու շաբաթ առաջ՝ Երեւանում հայտարարեցի, որ Իլհամ Ալիեւը չի ստորագրի մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված կլինի, որ ԼՂՀ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Սա Ադրբեջանի հստակ վերաբերմունքն է, եւ ես կցանկանայի, որ սա հասկանալի ու պարզ լիներ այն հարգելի անձանց, ովքեր միջնորդություն են իրականացնում: Այնպես որ, Կազանում եղավ այն, ինչին որ ես սպասում էի: Որեւէ նորություն այս ամենում ինձ համար չկա:

– Այնուամենայնիվ, այս իրադարձություններից հետո, Ձեր կարծիքով, ի՞նչ ընթացք է ունենալու ԼՂՀ հարցի հետագա կարգավորումը:

– Կարծում եմ, որ Ադրբեջանի համար բոլոր ազդակներն արդեն հնչեցվել են. այս խնդիրը ռազմական լուծում չունի: Ես նաեւ կարծում եմ, որ միջազգային միջնորդական առաքելությունը կամ մի փոքր վերապահ վերաբերմունք ունի Ադրբեջանի ռազմատենչության հանդեպ, կամ ինքն է հովանավորում, որպեսզի Ադրբեջանը հանդես գա որպես ծայրահեղ ռազմատենչ դիրքորոշում ունեցող: Այս պահին ես չեմ կարող հստակ նշել կամ պնդել, որ Ադրբեջանն իր պահվածքով վայելում է այս-այս շրջանակների օժանդակությունը, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում: Ամեն դեպքում, այն շրջանակները, որոնք հովանավորում են Ադրբեջանին, արդեն ժամանակն է, որ հստակ գիտակցեն՝ պատերազմական սպառնալիքն այն գործիքը չէ, որ ստիպի հայկական կողմերին գնալ միակողմանի զիջումների: Բացառված է: Կներեք, բայց ինձ պետք է թույլ տամ մի փոքր կոպիտ ձեւակերպում. վերջին շրջանում որոշ միջազգայնագիտական՝ սաբինաֆրայզերական մակարդակի վերլուծություններում հստակ ասվում էր, որ եթե Հայաստանը չհամաձայնի, ապա Ադրբեջանը պետք է գնա պատերազմի: Բայց նրանք մի էական բացթողում են անում՝ պատերազմը հնարավորություն է կողմերից յուրաքանչյուրի համար: Ոչ ոք չի կարող երաշխավորել, թե պատերազմն ինչպես կավարտվի: 1991-ին, երբ Ադրբեջանը սկսեց պատերազմը, նույն առավելությունն ուներ հայկական կողմերի նկատմամբ, ինչ որ այսօր ունի: Եթե որոշ փորձագետներ գտնում են, որ պատերազմը կարող է խնդիր լուծել, ապա պատերազմը կարող է խնդիր լուծել ոչ միայն Ադրբեջանի համար: Այդ թվում նաեւ, առաջին հերթին, ԼՂՀ-ի համար: Ոչ ոք երաշխավորված չի կարող ասել, որ պատերազմից հետո ԼՂՀ-ն չի կարող ունենալ աշխարհագրական ավելի մեծ պարամետրեր, քան ունի այսօր:

– Այսինքն՝ անկախ նրանից, որ Կազանում մեկ անգամ եւս թղթի վրա ամրագրվեց խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այսօր պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը կամ նման մտավախություններն ավելի մե՞ծ են:

– Ես արձանագրում եմ, որ Ադրբեջանը մտադիր չէ այս խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, եւ սա պետք է վերջապես պարզ լինի նաեւ միջնորդների համար: Ու եթե նրանք, իրոք, շահագրգիռ են, որ հարցը կարգավորվի խաղաղ ճանապարհով, ապա պետք է Ադրբեջանին պարտադրեն կամ գոնե հորդորեն ընդունել բանակցությունների սեղանին դրված հայեցակարգը:

Ի դեպ, ուշադրության արժանի էր այն, որ Կազանի հանդիպման նախօրյակին «Ռեգնում» գործակալությունը մի հրապարակում տարածեց, որ Կազանում Բաքուն ռիսկի է դիմում՝ հայտնվել Բելգրադի իրավիճակում: Սա բնավ էլ պատահականություն չէր, մանավանդ, եթե նկատի ունենանք, թե ինչ շրջանակների գաղափարախոս է «Ռեգնումը»: Հարցի հիմնական մեխը մնում է այն, որ Թուրքիան չի երաշխավորել, որպեսզի Ադրբեջանը ստորագրի այդ, այսպես կոչված, «խաղաղության ճանապարհային քարտեզը»: Դա այս պահին Թուրքիային ձեռնտու չէ, քանի որ հաջորդ քայլը պետք է լիներ այն, որ Թուրքիան հրապարակեր ժամանակացույցը, թե ինչպես պետք է կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները: Թե ինչքան կտեւի թուրք-ադրբեջանական դիվանագիտության թայմ-աուտը, ովքեր են դրա հովանավորները՝ սա է ինտրիգը: Ես հույս ունեմ, որ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունն իր դերի մեջ է, փորձում է իրեն պաշտպանել, ինչի վկայությունն էլ Ֆրանսիայի ԱԳՆ-ի երեկ տարածած հայտարարությունն է, որ առաջիկայում համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան՝ «բանակցությունների շարունակությունը նախապատրաստելու նպատակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930