Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդն այլեւս հուսախաբվելու ռեսուրս չունի»

Հունիս 29,2011 00:00

Ասում է «Հայկական ժամանակ» օրաթերթի  գլխավոր խմբագիրը

Երեկ ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել էր Գյումրու ՀԱԿ-ի գրասենյակում: Նա խոսեց ՀԱԿ-ի անելիքներից, երկրի արտաքին խնդիրներից, պատասխանեց ինչպես լրագրողների, այնպես էլ իր համակիրների հարցերին: Իր խոսքում անդրադառնալով ամենաշատ արծարծվող խնդիրներից մեկին՝ ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, պարոն Փաշինյանն ասաց. «Ինչի՞ համար է էդ երկխոսությունը, մենք պետք է արձանագրենք մի բան, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը վերջին 3 տարիներին ցույց տվեց, որ ինքը բացարձակապես ի վիճակի չէ լուծել Հայաստանի առաջ ծառացած որեւէ խնդիր՝ սկսած երթուղային տաքսիների հարցից, ավելի լուրջ հարցերի մասին եկեք չխոսենք: Դուք տեղյակ եք, որ ՀԱԿ-ը իշխանության առաջ դրեց 3 պահանջ՝ Ազատության հրապարակ, մարտի 1-ի գործի վերաքննություն, քաղբանտարկյալների ազատ արձակում: Քանի որ իշխանությունները էդ 3 պահանջները կատարել են, դա հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունը հասկացել է իր անկարող, անգործունակ լինելը: Հույս է տալիս, որ իշխանությանը կարելի է անցնցում եղանակով բացատրել, որ ինքը իր իրերը պիտի հավաքի ու խաղաղ, հանգիստ հեռանա: Երկխոսությունը ՀԱԿ-ի համար ունի մի նպատակ՝ առանց ներքաղաքական լարումների, առանց բարդությունների ազատվել էս իշխանությունից, սա ազատվելու վերջին հնարավորությունն է»:

Քանի որ ընթացքում շատ խոսվեց արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք դրանք կանցնե՞ն արդար, ու ժողովուրդը դարձյալ չի՞ խաբվի: Նիկոլ Փաշինյանի ասելով, այդ հարցի պատասխանը յուրաքանչյուր քաղաքացի պետք է գտնի իր մեջ. «Ես ինքս որեւէ բանում վստահ լինել չեմ կարող, բայց ինքս թույլ չեմ տա, որ ընտրությունները կեղծվեն: Ընտրությունները կեղծվում են քաղաքացիների պատճառով, քաղաքացիների մի խումբը կեղծողներն են, իսկ մյուսը կեղծողների ձեռքը պիտի բռնեն, սակայն չեն բռնում: ՀԱԿ-ի խնդիրն այն է, որ թույլ չտա կեղծիքներ, ես ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ ընտրությունները չկեղծվեն»,- ասաց Փաշինյանը: Մասնակիցներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է սպառողական զամբյուղը այդքան ցածր: «Ես Արթիկի գաղութում նստած՝ հետեւում էի Շիրակի մարզի լրատվությանը ու տեսնում էի՝ ինչքան հաստավիզ կա, գալիս՝ 2 կիլոգրամ կոնֆետ է տալիս, ձեռքերը պաչում են, ծափով, դհոլով ընդունում են, չեն մտածում, որ դա հարստացել է ժողովրդին թալանելու, հարկեր չվճարելու հաշվին: Եթե դրանց դուրս անեին, նման բան չէր լինի, դուրս չեք անում, ուրեմն լավ են անում, որ թալանում են, ավելի շատ պիտի թալանեն, էլ որտեղի՞ց սպառողական զամբյուղ»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ ասաց, որ որ ժողովուրդը այլեւս հուսախաբվելու ռեսուրս չունի, եւ եթե մի հատ էլ հուսախաբվի, այլեւս կյանքի վերադարձնելու ճանապարհ չի լինի:

Պարոն Փաշինյանը նշեց, որ ՀԱԿ-ը ժողովրդին հիասթափեցնելու իրավունք չունի, եւ իրենց գերխնդիրը ժողովրդի հավատը ապագայի, սեփական ուժերի նկատմամբ վերականգնելն է, այդ նպատակով էլ իրենք դռնեդուռ են ընկնելու, եթե դռներից դուրս անեն, պատուհաններից ու երդիկներից են մտնելու ու այլեւս չեն թողնելու, որ մարդիկ անտարբեր նստեն ու այդքան անպատասխանատու լինեն սեփական երեխաների ապագայի հանդեպ: «Հերիք է դիվան քշեն ու «Հայլուր» նայեն, չենք թողնելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մեկ անգամ եւս կրկնելով, որ ՀԱԿ-ի նպատակը աթոռներին տիրանալը չէ, եւ որ ՀԱԿ-ի կեսից ավելին ինքնակամ է վեր կացել այդ աթոռներից: «Ավազակապետությունը պետք է կործանվի, երկխոսության ճանապարհով, թե առանց երկխոսության՝ դա արդեն տեխնիկական բնույթի է, մարդիկ հարցնում են՝ ե՞րբ պետք է լինի իշխանափոխություն, իշխանափոխությունը կախված է Ազատության հրապարակում կոնկրետ էդ մարդկանց թվից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ը պատրաստ է իշխանափոխության բոլոր սցենարներին՝ «երկխոսությամբ կհեռանա իշխանությունը՝ լավ, չի հեռանա երկխոսությամբ՝ ուրեմն կհեռանա առանց երկխոսության»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930